Հուլիսի 14-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն բանաձև է ընդունել, որով դյուրացվում է Սիրիա մարդասիրական օգնության տեղափոխումը, հաղորդում է ՄԱԿ-ի կայքը: Ընդունված փաստաթղթի համաձայն՝ մարդասիրական բեռը հնարավոր կլինի Սիրիա տեղափոխել չորս սահմանային անցակետերի միջոցով՝ Թուրքիայի, Իրաքի և Հորդանանի կողմից՝ առանց Սիրիայի իշխանությունների թույլտվության: Այսպիսով՝ միջազգային մարդասիրական կազմակերպությունները կկարողանան օգնություն հասցնել Սիրիայի՝ զինյալների կողմից վերահսկվող տարածքներ:
Բանաձևով նախատեսվում է նաև մեխանիզմի ստեղծում, որը պետք հետևի բեռի տեղափոխմանը, և դրա միջոցով «Սիրիայի իշխանությունները պետք է համոզվեն բեռի մարդասիրական բնույթի մեջ»: Մեխանիզմի մանդատը գործելու է 180 օր:
Պաշտոնական Դամասկոսը, ինչպես հաղորդում է Reuters-ը, արդեն հայտարարել է, որ մարդասիրական բեռով շարասյան կողմից իր սահմանի հատումը կգնահատի որպես հարձակում:
ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝10,8 մնլն սիրիացի մարդասիրական օգնության կարիք ունի, սակայն նրանց կեսը բնակվում է երկրի շրջաններում, որտեղ հասնելը շատ դժվար է:
Սիրիան 2011թ․մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 150 հազ․ մարդ, փախստական է 2,8 մլն սիրիացի, ևս 6,5 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։
Civilnet











