Հուլիսի 19-ին Հալեպի Սուլեյմանիե թաղամասում ընկած ականի պայթյունի հետևանքով վիրավորվել են ազգությամբ հայեր Ավետիս Քյուրքճյանն ու Էլիզ Քյուրքճյանը և Լարա Սնունին։ Վիրավորների վիճակը մտահոգիչ չէ։ Այս մասին հաղորդում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը։
Հուլիսի 16-ին Հալեպի հայաբնակ Նոր Գյուղ թաղամասում ընկած գազի տակառի պայթյունի հետևանքով վիրավորվել էր ազգությամբ հայ Կարպիս Մոմճյանը։ Նրա վիճակը նույնպես մտահոգիչ չէ։
Սիրիան 2011թ․ մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 150 հազ․ մարդ, փախստական է 2,8 մլն սիրիացի, ևս 6,5 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։
Civilnet











