Հուլիսի 30-ի առավոտյան Հալեպի Ջալաա թաղամասում ընկած ականի պայթյունի հետևանքով զոհվել է ազգությամբ հայ Սոնա Պալըքյանը, իսկ կեսօրին հայաբնակ Նոր Գյուղ թաղամասում՝ Զվարթնոց եկեղեցու մոտ ընկած ականի պայթյունի հետևանքով զոհվել է Ազնիվ Արուշյանը և վիրավորվել են Ժուլիեթ Խաչատուրյանը, Գեորգ Թաշճյանը, Հակոբ Հակոբյանը, ՐաՖՖի Այվազյանը, Հովհաննես Այվազյանն ու Գեորգ Գալեմճյանը․ վերջինս, սակայն, րոպեներ անց մահացել է։ Այս մասին հաղորդում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը։
Նույն օրը՝ ավելի ուշ, Զվարթնոց եկեղեցու մոտ պայթած ականի հետևանքով զոհվել է նաև ժամեր առաջ զոհված Ազնիվ Արուշյանի քույրը՝ Արաքսի Արուշյան-Խաչատուրեանը։
Սիրիան 2011թ․մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 150 հազ․ մարդ, փախստական է 2,3 մլն սիրիացի, ևս 6,5 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։
Civilnet











