Վերջին օրերին Ադրբեջանի ակտիվությունը և կրած զոհերը հիշեցրին 1994թ. զինադադարին հաջորդած առաջին տարիները: Շատերին թվում է, թե վերջին օրերի բախումները, որոնց ընթացքում թշամին արդեն երկու տասնյակից ավելի զոհ ունի, իսկ ադրբեջանական հասարակությունը մտածում է սգո օր հայտարարելու մասին, զինադադարից հետո ամենալուրջ միջադեպերն էին: Այնինչ, 1990-ականների երկրորդ կեսին տեղի ունեցած մի շարք բախումներ հակառակն են վկայում:
Այսպես, Արցախյան դիվիզիաներից մեկը 1996թ. վերցնում է ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող Գյուլիստան գյուղը, հրետանային կրակով ոչնչացնում մարտական հերթապահություն իրականացնող զինվորներին Բաքվից օգնության եկած հատուկ նշանակության ստորաբաժանումները, հասնում մինչև ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող Շահումյանի շրջանի Վերինշեն գյուղի դիրքեր: Օպերացիան չի շարունակվում, պաշտոնական Երևանի ճնշման տակ այն նախաձեռնած արցախյան հրամանատարը, չունենալով համապատասխան թիկունքային ապահովում, վերադառնում է զինադադարով հաստատված դիրքեր:
1990-ականների երկրորդ կեսին ադրբեջանական «անհանգստություններին» պատասխանելու համար զորամասերի հրամանատարները, ընդհուպ մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների հրամանատարները, ավելի ազատ էին թշնամուն հանգստացնելու իրենց ընտրության մեջ և կարիք չունեին համապատասխան հանձնարարականներ խնդրելու վերադաս հրամանատարությունից: Եղել են դեպքեր, երբ հրադարարի խախտման ադրբեջանական փորձերին պատասխանվել է խոշոր տրամաչափի հրետանակոծությամբ կամ ուղղակի ադրբեջանական գյուղերն են դարձել «Գրադ» կայանքների թիրախ: Թշնամու կողմից նույնիսկ թյուրիմացաբար հայկական պետությունների կողմը կրակված յուրաքանչյուր գնդակ ստացել է կոշտ ու կոպիտ պատասխան՝ միշտ ահի մեջ պահելով պաշտոնական Բաքվին:
Ցավոք ժամանակի հետ իրադրությունը փոխվեց: Մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների հրամանատարները զրկվեցին ինքնուրույն գործողություններ կատարելու, ինքնուրույն որոշումներ ընդունելու հնարավորությունից, ՀՀ քաղաքական ղեկավարությունը որդեգրեց զգուշավոր քաղաքականություն, երկրի առաջին դեմքերն անընդհատ հանդես եկան պարտվողական հայտարարություններով, հայկական իշխող վերնախավի մոտ գերիշխում էին հանձնողական տրամադրությունները: Այս ամենը բերեց թշնամու սանձարձակությանը, սահմանի ամբողջ երկայնքով դիպուկահարների տեղակայմանն ու դիվերսիաների հաճախակիացմանը, ինչը որոշ դեպքերում հայկական կողմի համար ավարտվում էր ողբերգական ելքով: Իսկ վերջին օրերի ակտիվությունը վերջին տարիների համար աննախադեպ է, ինչի պատճառները դեռ հարկավոր է ճշտել:
Հայկական բանակի կոշտ պատասխանը թշնամուն, վերջինիս մարդկային ուժի տպավորիչ ոչնչացումը ցույց են տալիս, որ հայոց բանակը պատրաստ է կատարելու իր վրա դրված գործառույթները: Ժամանակն է, որ մարտական հերթապահություն իրականացնող մեր հրամանատարներին գործելու և որոշումներ կայացնելու ավելի մեծ ազատություն տրվի, իսկ քաղաքական վերնախավն էլ հրաժարվի պարտվողական և հանձնողական հայտարարություններից: Ադրբեջանը բավականին խոցելի է, իսկ հայոց բանակն ամբողջովին մարտունակ՝ թշնամուն սանձարձակություն թույլ չտալու համար: Պատերազմի հաղթական ոգին պահպանող բազմաթիվ հրամանատարներ ու մարտիկներ կան, որոնց փորձը չօգտագործելը մեծ շռայլություն կլինի մեզ համար: Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման ամեն դեպքից հետո Բաքվում պետք է խոսեն սգո օր հայտարարելու մասին: Վերջին տասնամյակների փորձը ցույց է տալիս, որ միայն պարտադրանքով կարող ենք խաղաղության հասնել:
Հայկ Խանումյան










