ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ առանց վարանելու հարվածներ կհասցնի Սիրիայում «Իսլամական պետության» (ISIS՝ «Իրաքի և Շամի իսլամական պետություն» խմբավորում – ՍիվիլՆեթ) դիրքերին: Նա խոստացել է, որ նրանք, ովքեր սպառնում են ԱՄՆ անվտանգությանը, ոչ մի տեղ ապաստան չեն կարողանա գտնել:
«Մենք կհետապնդենք երկրին սպառնացող ահաբեկիչներին, որտեղ էլ որ նրանք գտնվեն: Սա նշանակում է, որ ես առանց տարակուսանքի կսկսեմ գործել ինչպես Սիրիայում, այնպես էլ Իրաքում ընդդեմ ԻՊ-ի»,- հայտարարել է Օբաման` Միացյալ Նահանգների ժողովրդին հղված իր հեռուստաուղերձում:
ԱՄՆ նախագահը ներկայացրել է Իրաքում «Իսլամական պետության» ծայրահեղականների դեմ պայքարի իր ծրագրի հիմնական դրույթները` ընդգծելով, որ այդ կազմակերպությունը ոչ մի ընդհանուր բան չունի ոչ իսկական իսլամի, ոչ էլ իրական պետության հետ:
Ինչպես հայտնել է ԱՄՆ նախագահը, Միացյալ Նահանգները ծրագրում է շարունակել ռմբակոծել «Իսլամական պետության» դիրքերը, նաև կձեռնարկի ոչ միայն ռազմական, այլ նաև դիվանագիտական քայլեր ջիհադականների դիրքերն առավելագույնս թուլացնելու համար: Սա նշանակում է զինում Սիրիայում այն ընդդիմադիր խմբերին, որոնք հակազդում են ծայրահեղականներին, ինչպես նաև պետությունների լայնածավալ կոալիցիայի ստեղծում, որոնք կպայքարեն այս սպառնալիքի դեմ:
«Ես կրկին կոչ եմ անում Կոնգրեսին լիազորություններ և ռեսուրսներ տալ մեզ՝ այս մարտիկներին զինելու և համալրելու համար: «Իսլամական պետության» դեմ պայքարում չենք կարող մեր հույսը դնել Ասադի վարչակազմի վրա, որն ահաբեկչության է ենթարկում սեփական ժողովրդին»,- նշել է Օբաման:
Վերջինս կրկին հիշեցրել է, որ ԱՄՆ-ն ցամաքային գործողություններին չի մասնակցի: Իրաք կմեկնեն 475 ամերիկացի զինվորականներ, սակայն միայն որպես ռազմական խորհրդատուներ և ուղղորդողներ:
Civilnet











