Առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույլտվության ԱՄՆ-ի կողմից Սիրիայի տարածքում զինյալ-ջիհադականների դիրքերին հարվածելը կդիտարկվի որպես ագրեսիա և միջազգային իրավունքի կոպիտ խախտում: Այս մասին ասված է Ռուսաստանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում:
«Միացյալ Նահանգների նախագահը ուղիղ հայտարարեց Սիրիայի տարածքում «Իսլամական պետության» դիրքերին ամերիկյան զինուժի կողմից հնարավոր հարվածների մասին՝ առանց այդ պետության օրինական կառավարության համաձայնության: Նման քայլը, առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան որոշման, կդիտարկվի որպես ագրեսիա և միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտում»,-հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
Նրա խոսքով՝ հիմքեր կան ենթադրելու, որ այդ դեպքում հարվածի տակ կհայտնվեն սիրիական կառավարական ուժերը, ինչը կարող է բերել հակամարտության հետագա սրման:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարը կտարվի ավիացիայի օգնությամբ և ԱՄՆ-ի գործընկերների աջակցությամբ:
Հատկանշական է, որ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը, անդրադառնալով Օբամայի հայտարարությանը, նշել է. «Բացեիբաց հայտարարում եմ՝ մենք չենք մասնակացելու Սիրիայի տարածքում որևէ օդային գործողության: Եվ մենք չենք պատրաստվում վերանայել մեր դիրքոոշումը»:
Civilnet











