Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը միանում է Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին՝ խստորեն դատապարտելով Սիրիայի Դեր Զոր քաղաքի հայկական եկեղեցու ավերումը, ասված է դեսպանության հայտարարության մեջ:
«Ավերման այս անմիտ գործողությունը կրկին ցույց է տալիս ահաբեկչական «Իսլամական պետություն» կազմակերպության բացարձակ արհամարհանքը Միջին Արևելքի կրոնական և մշակութային հարուստ ժառանգության նկատմամբ: Ինչպես պետքարտուղար Քերրին հայտարարել է, «Իսլամական պետություն»-ը պարբերաբար թույլ է տալիս մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտումներ և հանդիսանում է համաշխարհային ահաբեկչական սպառնալիք: Առերեսվելով այս սպառնալիքին՝ Միացյալ Նահանգները միջազգային հանրությանը կոչ է անում ուժեղացնել միասնական ջանքները՝ թուլացնելու և կազմալուծելու համար «Իսլամական պետությունը»»,- ասված է հայտարարության մեջ:
Սիրիական պետական ՍԱՆԱ գործակալության հաղորդմամբ՝ Իրաքի և Սիրիայի «Իսլամական պետության» (ISIS) ահաբեկիչները սեպտեմբերի 21-ին Դեր Զորում պայթեցրել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին:
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին Սիրիայից և հարևան երկրներից հազարավոր հայեր հավաքվում էին Դեր Զորում՝ ոգեկոչելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակը։
Եկեղեցու պայթեցումը խստորեն դատապարտել էր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը «Սրբավայրի հանդեպ այս զարհուրելի բարբարոսությունը կրկին անգամ ցույց է տալիս այսպես կոչված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վայրագ էությունը:
Միջազգային հանրությունը պետք է անհապաղ կանգնեցնի, արմատախիլ անի քաղաքակիրթ մարդկությանը սպառնացող այդ ժանտախտը, կտրի դրա սնուցման, ֆինանսավորման, աջակցության, հովանավորման ուղիները»,- ասել է նախարար Նալբանդյանը։
Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը հայտարարել էր, որ «եթե Թուրքիան կապ չունի Դեր Զորում Սրբոց Նահատակաց եկեղեցու դեմ իրականացված ահաբեկչական գործողության հետ, այն պետք է անմիջապես հանդես գա համապատասխան դատապարտող հայտարարությամբ»:
Եկեղեցու պայթեցումը խստորեն դատապարտել էր նաև Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ որակելով այն որպես մշակութային ցեղասպանության վառ դրսևորում:
Մայր Աթոռը խստորեն դատապարտելով եկեղեցու պայթեցումը՝ այն համարում է «անթաքույց դրսևորում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հիշատակության շրջանակներում հարվածելու հայ ժողովրդի պահանջատիրական արդար ձգտումներին: Կատարվածն անմարդկային բարբարոսություն է և չի կարող արդարացվել որևէ կրոնի կամ գաղափարախոսության կողմից, որ հիմնված է աստվածպաշտական և մարդասիրական արժեքների վրա»:
Civilnet











