ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի մի շարք անդամներ դատապարտել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը։ Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը։
Կալիֆոռնիայի կենտրոնական հովիտը ներկայացնող կոնգրեսական Ջիմ Կոստան (դեմոկրատ) Ներկայացուցիչների պալատի առաջին անդամն է եղել, որ «խստիվ դատապարտել» է «Իսլամական պետության» հարձակումը Twitter-ի իր միկրոբլոգում սեպտեմբերի 22-ի երեկոյան։
Նրան հետևել է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնեն (դեմոկրատ, Նյու Ջերսի)՝ հայտարարելով, որ ինքը «խորապես ցավում է և վրդովված է» եկեղեցու և Ցեղասպանության թանգարանի վրա իրականացված հարձակման կապակցությամբ՝ նշելով, որ եկեղեցու ոչնչացումը «պետք է միջազգային ուժեղ արձագանք ստանա»։ Փալոնեն նշել է, որ «Միացյալ Նահանգների կառավարությունն ու տարածաշրջանի միջազգային մյուս գործընկերները պետք է գործեն՝ պաշտպանելու կրոնական փոքրամասնություններին և երաշխավորելու, որ հայ քրիստոնյաները նմանատիպ զարհուրելի գործողությունների թիրախ չեն»։
Կոնգրեսական Ադամ Շիֆը (դեմոկրատ, Կալիֆոռնիա) հարձակումն անվանել է «զզվելի բարբարոսության մեկ այլ օրինակ, որն ահաբեկել է միլիոնավոր մարդկանց Իրաքում և Սիրիայում։ Փաստը, որ եկեղեցին նվիրված էր Ցեղասպանության զոհերին, հատկապես խոցող է և նախանշում է այն, թե «Իսլամական պետությունն» ինչպես կվերաբերվի քրիստոնյաներին, եթե շարունակի ընդարձակել տարածքային զավթումները»։
Միչիգանը ներկայացնող կոնգրեսական Սենդի Լևինը (դեմոկրատ) Twitter-ի իր միկրոբլոգում գրել է․ «Ես խստիվ դատապարտում եմ Սիրիայում «Իսլամական պետության» կողմից Հայոց ցեղասպանության հուշահամալիրի սրբախղծումը»։
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցման մեջ տեսնում է Թուրքիայի մատնահետքը։ «Անհանդուրժողականության այս կործանարար գործողությունը՝ ուղղված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման սուրբ վայրի ոչնչացմանը 100-րդ տարելիցի նախաշեմին, կրում է Թուրքիայի մատնահետքը,- ասել է Համբարյանը։ - Ամերիկայի հայերը միանում են հավատքի ժողովրդին ամբողջ աշխարհում՝ արտահայտելու մեր վրդովմունքը Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու և Հայոց ցեղասպանության հուշահամալիրի սրբապղծման ու ավերման կապակցությամբ»։
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն եկեղեցու ավերումն անվանել է «բարբարոսություն» և հայտարարել է․ «Այս ոճիրի հետևում գտնվող ձեռքերը թող իմանան, որ մեր նահատակների հիշատակին ու հանուն արդարության մեր ժողովրդի պայքարը խորհրդանշող Դեր Զորը՝ որպես Հայոց ցեղասպանության նահատակների սրբավայր, չի կարելի քանդել մեր ժողովրդի հավաքական հիշողության մեջ»։
Սիրիական պետական ՍԱՆԱ գործակալության հաղորդմամբ՝ «Իսլամական պետության» ահաբեկիչները սեպտեմբերի 21-ին Դեր Զորում պայթեցրել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին։
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին Սիրիայից և հարևան երկրներից հազարավոր հայեր հավաքվում էին Դեր Զորում՝ ոգեկոչելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակը։
Եկեղեցու պայթեցումը խստորեն դատապարտել էր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ «Սրբավայրի հանդեպ այս զարհուրելի բարբարոսությունը կրկին անգամ ցույց է տալիս այսպես կոչված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վայրագ էությունը։
Միջազգային հանրությունը պետք է անհապաղ կանգնեցնի, արմատախիլ անի քաղաքակիրթ մարդկությանը սպառնացող այդ ժանտախտը, կտրի դրա սնուցման, ֆինանսավորման, աջակցության, հովանավորման ուղիները»,- ասել էր նախարար Նալբանդյանը։
Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը հայտարարել էր, որ «եթե Թուրքիան կապ չունի Դեր Զորում Սրբոց Նահատակաց եկեղեցու դեմ իրականացված ահաբեկչական գործողության հետ, այն պետք է անմիջապես հանդես գա համապատասխան դատապարտող հայտարարությամբ»։
Եկեղեցու պայթեցումը խստորեն դատապարտել էր նաև Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ որակելով այն որպես մշակութային ցեղասպանության վառ դրսևորում։
Մայր Աթոռը խստորեն դատապարտելով եկեղեցու պայթեցումը՝ այն համարում է «անթաքույց դրսևորում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հիշատակության շրջանակներում հարվածելու հայ ժողովրդի պահանջատիրական արդար ձգտումներին։ Կատարվածն անմարդկային բարբարոսություն է և չի կարող արդարացվել որևէ կրոնի կամ գաղափարախոսության կողմից, որ հիմնված է աստվածպաշտական և մարդասիրական արժեքների վրա»։
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ևս խստորեն դատապարտել է Դեր Զոր քաղաքի հայկական եկեղեցու ավերումը։
Civilnet











