Մի՛ ջղաձգվեք, ամեն ինչ նորմալ է

Երեկ Երուսաղեմում տեղի ունեցավ Փարիզի ահաբեկչության չորս հրեա զոհերի հուղարկավորությունը՝ պատիվներով և իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ։ «Ես մեռա, որովհետև հրեա էի» գրությամբ պաստառներ էին պարզել միջոցառման մասնակիցները։ «Մենք այսպես չէ, որ կցանկանայինք ձեզ դիմավորել Իսրայելում... Անթույլատրելի է, որ Երկրորդ աշխարհամարտի ավարտից 70 տարի անց հրեաները վախով քայլեն Եվրոպայի փողոցներում»,- հուղարկավորության արարողությանը հայտարարեց Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը:
Միգուցե Փարիզի ահաբեկչության չորս հրեա զոհերը երբեք էլ չէին երազել Իսրայել գնալու կամ առավել ևս՝ այնտեղ թաղվելու մասին։ Միգուցե նրանք իրենց հայրենիքը համարում էին Ֆրանսիան։ Միգուցե...
***
«[Գյումրիի ոճրագործության կասկածյալ] Պերմյակովին ՀՀ իրավապահներին հանձնելու հարց չի քննարկվում՝ նկատի ունենալով ՌԴ սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին կետում ամրագրված արգելքը, համաձայն որի՝ ՌԴ քաղաքացին չի կարող հանձնվել այլ պետության»,- կարդում ենք Հայաստանի գլխավոր դատախազության հունվարի 13-ի հաղորդագրությունում։
Գլխավոր դատախազությունն իր գործառույթն իրականացնելիս փաստորեն հենվում է այլ պետությունների օրենքների վրա:
Նորմա՞լ է, արդյոք, սա:
Նորմա՞լ է, արդյոք, երբ խոսվում է հայկական հողի վրա իրականացված հանցագործության կասկածյալին ոչ թե ձերբակալելու և հայկական կողմում պահելու, այլ արտահանձնելու մասին:
Նորմա՞լ է, արդյոք, որ 99-ին նույն Գյումրիում փողոցում հրաձգություն կազմակերպած և երկու հոգու կյանք խլած ռուս զինվորականներն իրենց պատիժը կրել են Ռուսաստանում, և Հայաստանում ոչ ոք տեղյակ չէ՝ արդյոք ընդհանրապես կրել են, թե ոչ։
Նորմա՞լ է, արդյոք, որ ռուսական ռազմաբազայի մոտ ռուսական ականի պայթյունից երեխաներ են զոհվում (ինչպես եղավ երկու տարի առաջ), և ռազմաբազայի ղեկավարությունը դրա համար որևէ պատասխանատվություն չի կրում։
Նորմա՞լ է, արդյոք, որ սգո օր չի հայտարարվում մի ամբողջ ընտանիքի հրեշավոր սպանության համար:
Նորմա՞լ է, արդյոք, որ 88-ի երկրաշարժի 25-րդ տարելիցին (և հետո) բարձրաստիճան այրերից և ոչ մեկը հարկ չի համարում այցելել Գյումրի...
Քանի դեռ տոկոս ենք խփում ու քանի դեռ չենք կարողանում տոկոսներ խփել հենց Գյումրիում, ամեն ինչ նորմալ է:
Մի՛ ջղաձգվեք։
Կարեն Հարությունյան










