Գլխավոր Լրահոս

Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված նիստ Սիրիայի խորհրդարանում

Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված նիստ Սիրիայի խորհրդարանում
Սիրիայի խորհրդարանը՝ Ժողովրդական ժողովը, մարտի 17-ին հատուկ նիստ է գումարել` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ինչպես հաղորդում են ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունից, նիստը բացել է Ժողովրդական ժողովի նախագահ Մուհամադ Ջիհադ ալ Լահամը: «Եկող օրերը համընկնում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, որը օսմանցիների կողմից իրականացվեց բարեկամ հայ ժողովրդի նկատմամբ: Այս կապակցությամբ մենք մեր բացարձակ համերաշխությունն ենք հայտնում բարեկամ հայ ժողովրդին, ինչպես նաև սիրիահայ մեր հայրենակիցներին, որոնք 100 տարի առաջ օսմանյան իշխանությունների կողմից ենթարկվեցին զարհուրելի ցեղասպանության: Այսօր վերհիշում ենք պատմության արձանագրած ամենասարսափելի և ցավալի մի հիշատակ: Մենք միջազգային հանրությանը և աշխարհի բոլոր ժողովուրդներին կոչ ենք անում կանգնել կողք կողքի՝ մարդասպանների, դահիճների և ահաբեկչության դեմ հանդիման, որոնք սպառնում են Միջին Արևելքին, որպեսզի կանխենք մարդկության, քաղաքակրթության և պատմության նկատմամբ այլ ոճրագործություններ»,- նշել է նա: Այնուհետ Ջիհադ ալ Լահամը Ժողովրդական ժողովի պատգամավորներին հրավիրել է հոտնկայս մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության ավելի քան մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Նիստի ընթացքում ելույթ են ունեցել տարբեր խմբակցությունների ավելի քան 20 պատգամավորներ և մշտական հանձնախմբերի նախագահներ, որոնք խստորեն դատապարտել են Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի նկատմամբ իրագործված ծանր հանցագործությունը` միաժամանակ դիմելով միջազգային հանրությանը` դատապարտել 20-րդ դարում մարդկության դեմ իրագործված առաջին ցեղասպանությունը: *** Սիրիայի ժողովուրդը Առաջին աշխարհամարտի տարիներին օգնության ձեռք է մեկնել և փրկել Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերին: Սիրիայի Արաբական Հանրապետությունը պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: 2009թ. հունիսին Հայաստան պաշտոնական այցով ժամանած Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը չայցելեց Ծիծեռնակաբերդ` Ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Մարտի 1-ին Թուրքիայի «Աշխատավորական կուսակցության» նախագահ, ազգայնամոլական հայցքներով հայտնի Դողու Փերինչեքը Դամասկոսում հանդիպել էր «Բաաս» կուսակցության քարտուղար Հիլալ Հիլալի հետ, արտգործնախարար Ուալիդ Մուալեմի հետ: Փերինչեքը հայտնի է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ իր գործունեությամբ: Շվեյցարիայում 2005թ. կազմակերպված մի գիտաժողովի ժամանակ նա Հայոց ցեղասպանությունը որակել էր «միջազգային սուտ»: Շվեյցարական դատարանն այս հայտարարության համար 2008թ. նրան դատապարտել էր 90-օրյա պայմանական ազատազրկման կամ դրան համարժեք տույժի, ինչպես նաև 12 հազ. շվեյցարական ֆրանկ տուգանքի: 2013թ. դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Փերինչեքի հայցն ընդդեմ Շվեյցարիայի։ ՄԻԵԴ-ի վճռում ասված է, որ Շվեյցարիան խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը, այն է՝ խոսքի ազատության իրավունքը:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում