«Չիպոլինո» մուլտում Լիմոնը բացատրում էր, թե քանի որ վերջերս պետության եկամուտները նվազել են, տեղումների համար հարկ է գանձվելու. սովորական անձրևի համար՝ 100 լիրա, տեղատարափ անձրևի համար ՝ 200 լիրա, ամպրոպով ու կայծակով անձրևի համար՝ 300 լիրա:
Շատ վաղուց՝ մայիսի 6-ին, Ավստրիայում ծնվեց Սիգիզմունդ Շլոմո Ֆրոյդը: Նա, որ մեծացավ ու դարձավ մի այր իմաստուն, իր ծնվելուց անմիջապես հետո մահացած հրեա պապի անունը կրելով ու ժառանգելով նրա ու մյուս հրեա նախնիների ողջ մտավոր պոտենցիալը՝ աշխարհին նվիրեց հոգեվերլուծությունը, իդը, էգոն, սուպերէգոն, հոգեսեքսուալ զարգացման փուլերը, էդիպյան բարդույթի գաղափարը, պաշտպանական մեխանիզմները, անգիտակացականի հոգեբանական հիմնավորումը, ազատ ասոցիացաների մեթոդիական ու հիստերիկ կանանց բուժումը…
Չէ՞ որ իզուր չի արել այս բոլոր բացահայտումները՝ երբեմն արժանանալով «ինտելեկտուալ շառլատան» որակման:
Աշխարհում հեղափոխություն արած Ֆրոյդը երեք տարեկան էր, երբ հայրը սրընթաց սնանկացավ, ու նրանք ստիպված տեղափոխվեցին Վիեննա՝ Լեոպոլդշտատ աղքատիկ թաղամաս:
Հիմա այդ թաղամասը բավական հաճելի տեսք ունի: Իսկ տունը, որտեղ 47 տարի ապրել է Սիգիզմունդ Շլոմո Ֆրոյդը ինչ-որ զարմանալի բան թողնում է հոգեկանիդ մեջ կամ վրա: Չծիծաղե՛ք՝ էդպես է: Գնացե՛ք ու փորձե՛ք: Կամ էլ ծիծաղեք, բայց գնացեք ու փորձեք: Ի վերջո, մարդն այդտեղ ապրել է 47 տարի, ու բոլոր այն հայտնագործությունները, որոնք ցնցել են մարդկությունը, արել է հենց այդ պատերի մեջ, որտեղ տառապել է հոր մահը ու փորձել իր վրա հասկանալ՝ ինչու է տառապել այքդան խորը ու հասել մանկության տարիներին հոր հանդեպ ունեցած ատելության ու մոր հանդեպ ունեցած սիրո ակունքներին:
Երբ նախօրեին՝ մայիսի 6-ին, աչքովս ընկավ, որ այդ օրն է ծնվել Սիգիզմունդ Ֆրոյդը, ու արագ պտտվեց գլխիս մեջ այս մարդու թողած գիտական ժառանգությունը, որին ծանոթ եմ կրթության և աշխատանքի բերումով, հիշեցի, որ Վիեննայի Բերգասսե փողոցում գտնվող նրա տան պատմական «կուշետկային» ինչ նախանձով էի նայում, որ մի ժամ ու կեսով Ֆրոյդը լիներ ու մոտ ժամ ու կես տրամադրեր ինձ իր հոգեբանական հմտություններն այդ սենյակում՝ հիմա և այստեղ:
Իսկ մայիսի 6-ին ավելի ալտրուիստական ցանկություն առաջացավ. երազեցի, որ մի քանի օրով Ֆրոյդը լիներ Երևանոմ,- Կարապի լիճ լիներ, Հանրապետության հրապարակ, մարզահամերգային համալիր, թե ավելի լուրջ մի տեղ,- բայց գար ու բացատրեր՝ իր հայթայթած հայտնագործություններից որով կարելի է բացատրել գոնե վերջին շաբաթվա դեպքերը: Ոչ ավելին, չէինք ծանրաբեռնի հինգ հազարամյա խնդիրներով՝ վերջին տարին ներառյալ: Միայն վերջին շաբաթվա մասին մի բան ասեր: Իր ո՛ր հայտնագործության դրույթներով կարելի է բացատրել.
ա. ծայրահեղ վատ ապրելու հետևանքով հայրենիքից արտագնա աշխատանքի մեկնող մարդկանցից հարկ գանձելը,
բ. յոթանասուներեքամյա կնոջ ձերբակալությունը՝ այն էլ մարդասպանության գործով,
գ. շտանգիստ դեսպանի առկայությունը:
Նա՝ Սիգիզմունդ Շլոմո Ֆրոյդը, վստահ եմ, կգտներ պատճառը, հետևանքը ու կապը:
Միգուցե դա կբացատրվեր անձի զարգացման անալ փուլում (1,5-3 տարեկան) տեղ գտած թերություններով, երբ մանուկը հաճույք է ստանում դեֆեկացիայի պրոցեսից: Այս փուլում շատ ու շատ կարևոր է, որ խնամողը սովորեցնի երեխային օգտվել գիշերանոթից: Չէ որ այս փուլում է երեխան սկսում տարբերակել «իդ»-ի պահանջներն ու սոցիալական սահմանափակումները: Ըստ Ֆրոյդի, ինքնավերահսկման ու ինքնառեգուլյացիայի բոլոր ապագա ձևերը սկիզբ են առնում այստեղից: Որոշ ծնողներ խրախուսում են ռեգուլյար դեֆեկացիան ու գովում են երեխային: Այս մոտեցումը, որով խրախուսվում են ինքնավերահսկման ջանքերը, դաստիարակում է դրական ինքնագնահատական:
Հավանաբար չեն գովել… չեն խրախուսել…
Մոսկվայում աշխատող միջազգային ճանաչում ունեցող մի էնդոկրինոլոգի դիմել էր արտագնա աշխատանքի գնացած մի հայ ընտանիք, որոնց դեռահաս աղջիկը էնդոկրին խնդիրներ ուներ: Բժիշկը խորհուրդ էր տվել վերադառնալ տուն: Ասել էր, որ Կովկասից եկած գրեթե բոլոր ընտանիքներում անչափահաս երեխաներն այսպիսի խնդիր ունեն կարոտի պատճառով: Կարոտը սենտիմենտալ կատեգորիա չէ: Կարոտը սպանում է օրգանիզմը: Ասել էր, որ ինքը միշտ նույն խորհուրդն է տալիս այս տարիքի երեխաների խնդիրների դեպքում, ասել էր՝ եթե վերադառնաք, ինձ մտքում շնորհակալություն եք հայտնելու :
Ասածս այն է, որ մեկնողները նաև կարոտում են, հիվանդանում են, տառապում են, խախտվում է նրանց էնդոկրին համակարգը, իսկ բժշկի դիմելու համար գումար է պետք գալիս, դեղի համար՝ նույնպես: Քանի՞ տոկոս կհատուցի պետությունը այս բարոյական ու առողջական կորստի համար, ի՞նչ կոմպենսացիա է պատրաստում:
Այդ օրը, երբ իմացանք, որ փող չունենալու պատճառով խոպան գնացողներից պետք է փող գանձեն՝ ֆեյսբուքում շատերը դրել էին «Չիպոլինո» մուլտից Լիմոնի ելույթը, որը մատչելի բացատրում է, թե քանի որ վերջերս պետության եկամուտները նվազել են, տեղումների համար հարկ է գանձվելու. սովորական անձրևի համար՝ 100 լիրա, տեղատարափ անձրևի համար ՝ 200 լիրա, ամպրոպով ու կայծակով անձրևի համար՝ 300 լիրա: Լիմոնը ելույթի ընթացքում այնպիսի կատարելությամբ է ծղրտում. «молчааать», որ միայն դրա համար մի քանի անգամ նորից ես պտտում հետ ու առաջ…
Մտածում եմ՝ եթե այդ օրը տեսած լինեին մարդկանց արձագանքը սոցիալական ցանցերում Լիմոնի ելույթի տեսքով ու հետևաբար նաև իրենց տեսած լինեին Լիմոնի տեսքով ՝միգուցե ծիծաղեի՞ն: Ծիծաղից հետո սթափվում են, ագրեսիան նվազում է, իրականությունը դառնում է՝ ոնց որ անձրևից հետո:
Լուսինե Հովհաննիսյան











