Գլխավոր Լրահոս

Մի շնորհակալության պատմություն

Մի շնորհակալության պատմություն

Վստահ եմ, որ տարիներ անց, որևէ մեկը չի նշելու 2025-ի հունվարի 22-ը որպես «Երկիր Նաիրի»-ից դուրս գալու օր։ Բայց այսօրվա ԱԺ նիստի հարցուպատասխանի ժամանակ մի դրվագ կար՝ աննկատ դրվագ, բավական անաղմուկ դրվագ, որը կարող է տասնամյակներ հետո մի բարեխիղճ հետազոտողի համար գործնական նյութ լինել․ «ինչպես պատահեց այն, ինչ պատահեց» աշխատության շղթայի համար։

Դրվագն իրոք աննշան էր, բայց՝ ոչ թե խոսուն, այլ՝ ճչուն։ 

Մեծարգո վարչապետին ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամանակ ՔՊ պատգամավոր Շիրակ Թորոսյանը հարցնում է արտաքին քաղաքականության ոլորտում ակնկալիքների մասին։ 

Ինչին մեծարգո վարչապետը սկսում է պատասխանել, և ավարտում է իր ելույթը  այսպես․ «Ես կարող եմ ասել հետևյալը, այն գործընթացը, որ մենք անցել ենք, ճամփորդություն է Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» վեպից դուրս՝ դեպի այսօրվա իրական աշխարհ։ Այն բարեփոխումները, որ մենք իրականացնում ենք, հենց դրա մասին են։ Մենք առաջարկում ենք, որ բոլորս հաշիվ տանք մեզ, որ ապրել ենք այդ վեպի սյուժեի մեջ և դուրս գանք դրանից դեպի իրական Հայաստան։ Սա և՛ արտաքին, և՛ ներքին քաղաքականության հայեցակարգն է»։

Ինչից հետո Ալեն Սիմոնյանը տալիս է արձագանքելու հնարավորություն, և պատմաբան Շիրակ Թորոսյանը՝ Տորքի արտաքինով, Ջավախքում ծնված մի հուժկու տղամարդ, պատասխանում է՝ շնորհակալություն։

Որն է խնդիրը։ 

Ներկայացնում եմ Շիրակ Թորոսյանի՝ 2020-ի մայիսի 26-ին նույն ԱԺ-ամբիոնից հնչած ելույթի սղագրությունը։ Նշեմ, որ սղագրության ծանր գործը արել եմ կամավոր՝ հանուն չգիտեմինչի։

Եվ այսպես․ 

«Մայիսյան հերոսամարտերի արժեքը անգերազանցելի է։ Մայիսի 9-ը մեզ համար եռատոնային օր է Արցախի ազատագրական բանակի կազմավորման օր որպես, և ամենաթանկը՝ Շուշվա ազատագրման օր, որը տեղի ունեցավ 1992-ի մայիսի 9-ին։ 

Սիրելի բարեկամներ, ուզում եմ նշել, որ Շուշին որպես բերդաքաղաք կայանալուց ի վեր՝1720-ականների Ավան հարյուրապետի կողմից կառուցապատվելուց և ամրապնդվելուց ի վեր, երբեք չի գրավվել որևէ նվաճողի կողմից, Շուշին գրավվել է միայն 1992-ի մայիսի 9-ին։ Ինչո՞ւ․ որովհետև մինչև այդ Շուշիի պաշտպանները եղել են նրա տերերը՝ հայերը։ Եվ մի դեպքում Շուշին գրավվեց, որովհետև պատմության խոտորված ընթացքի պատճառով հայտնվել էր թշնամու ձեռքը, և նույն հայը պետք է ազատագրեր իր դարավոր Բերդաքաղաքը, ահա, այն գեղեցիկ պատմությունը ազգի գենետիկ տարածքին առնչվող և կառչած փաստը, ՈՐԸ ՄԵՆՔ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ԱՆՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՏՆԵԼ»։

Իր մեկ այլ ելույթում՝ 2015-ի մարտի 28-ին Փարիզում Արևմտահայոց Ազգային չորրորդ համագումարում պատմաբան Շիրակ Թորոսյանն ասում է․ 

«Մենք՝ արևմտահայերս, այդ կորստի ժառանգներն ենք, հետևաբար, պատմությունն այս առումով որպես ժառանգություն մեզ բաժին է հանել միայն պահանջատիրություն։ Եվ որպես «Հզոր հայրենիք» կուսակցության փոխնախագահ, ՀՀ Աժ Հանրապետական կուսակցության պատգամավոր, ողջունում եմ այս միջոցառումը, որը, համոզված եմ՝ մի կարևոր քայլ է մեր իրավունքների համար տարվող գործընթացում»։

Սա այսպես։

Չարենցագիտության խորհրդային հատվածի երկրպագու վարչապետի համար «Երկիր Նաիրի»-ից մի հատված․ 

«Ծխական դպրոցի ծանոթ ուսուցիչ պ․ Մարուքե Դրաստամատյանը, որ պակաս մի հրաշք չէ նաիրյան այդ քաղաքում, ամեն անգամ այդ շինության մոտից անցնելիս ասում է ինքնիրեն կամ, եթե խոսակիցներ է ունենում, նրանց. «Ուրի՛շ բան ենք մենք, ուրիշ՝ եվրոպացիք... Ա՛յ»: Եվ նա հիացած աչքերով նայում է հինգհարկանի շենքի տարօրինակ-փոքրիկ քառակուսի պատուհաններին: «Դեռ մենք շատ ենք հետամնաց»,- ասում է նա: Այսպես է մտածում պ. Մարուքեն, և նա, իհարկե, ունի իրավունք. պ. Մարուքեն ավարտել է տեղական քաղաքային յոթնամյա դպրոցը և, իրերի անհայտ բերումով, երկու-երեք ամսով եղել է Բեռլինում. գոնե այսպես է հավատացնում ինքը՝ պ. Մարուքեն: Նա սիրում է միմիայն նորն ու կատարյալը և չի կարող տանել ոչ մի հնություն»: 

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում