Գլխավոր Լրահոս

Բերտան ու մայրը

Բերտան ու մայրը

Արցախից հետո ողբերգության մեծ բազմազանություն կա։ 

Նույնիսկ որևէ զոհ չունեցողները ողբերգության մեջ են։

Բայց բոլոր ծանոթների ու անծանոթների մեջ մի անուն կար, որի մասին հիշելիս օրվա ցանկացած վհատությունը մեղք ու ամոթալի էր թվում։ Բերտա անունով շատ երիտասարդ մի աղջիկ է, որի հետ ծանոթ չեմ մինչև օրս։ Նրա մասին առաջին անգամ իմացել եմ Արցախից հետո, մամուլի հրապարակումներից։

Մի քանի օր առաջ Բերտայի մասին Մեդիալաբի նյութը Ֆեյսբուքում տարածում և խրախուսում էին տարածել՝ նրանց օգնելու ակնկալիքով։ Տարածում էին Բերտայի ու մայրիկի պատրաստած թխվածքները, գործած գլխաշորերը։

Ուրեմն՝ Բերտան չափազանց երիտասարդ է, կորցրել է ամուսնուն, երկու եղբայրներին, հորը։ Եղբայրներից մեկը անչափահաս էր։ Բերտան ամուսնացել է 2023-ի օգոստոսին՝ շրջափակված Արցախում։ Մեկ ամսից ամուսինը զոհվել է։

Բերտայի մայրը կորցրել է ամուսնուն, երկու զավակներին, փեսային։ Մի տղան Հայաստանում էր մինչև Արցախի կորուստը։

Ողբերգության բազմազանության մեջ այս աղջկա ու նրա մոր կորստի չափը ոչ մի ածականով չստացվեց լիարժեք ու արդեն բովանդակության սրությունը չկորցրած որևէ բառով արտահայտել։ Նրանց ողջ մնացած եղբայրն ու որդին դիպուկահարի կրակոցից կորցրել է աչքը։ Իրենք, հասկանալի է՝ նյութական օժանդակության կարիք ունեն։

Ֆեյսբուքյան մեր այս բարեգթությունն իրականության հանդեպ այնքան անլուրջ է թվում։ Ընտանիքի չորս տղամարդուն կորցրած մոր ու աղջկա թխվածքն ենք անձնազոհաբար գովազդում, իրար ասում ենք, որ հատուկ գնացել, առել ենք, որ օգնած լինենք։ Սրա մեջ այնքան ինքնախաբեություն կա․ մենք հո գիտենք կյանքն ինչ արժե Երևանում, և այդ անփոխանցելի ողբերգության մեջ գտնվող երկու կնոջ սարքած խմորեղենից ի՞նչ եկամուտ պետք է ստեղծվի, որ կարողանան ապրել։

Ի վերջո, մարդուն նույնիսկ հնարավորություն չի տրվում իր սոսկալի վշտի մեջ վաղվա լույսի, ջրի, հացի գումարի մասին ոչ թե չանհանգստանալ, այլ՝ չվախենալ և ստիպված չլինել խմորեղեն թխել․ ցանկացած կին գիտի, որ խմորեղենը տրամադրության գործ է։ Այս փախլավան, որ գովազդում ենք, մանր-մանր կտրատվող ընկույզի ինչ տրամադրություն է պահանջում՝ հիշու՞մ եք։ 

Պետությունը, հատկապես մեծ կորուստ ունեցածներին,- դրանք այնքան էլ շատ չեն լինի, այսպիսի զարհուրելի դեպքերը շատ չեն,- կարող է հատուկ նպաստ նշանակել, որով կապահովի նրանց հոգեկան անբնական վիճակում օրվա հացի համար չանհանգստանալը։

Պետությունը չի նշանակում։ Երևանում մեծահարուստներ ունենք, որոնց համար ողբերգական հատուկ կարգավիճակում գտնվող ընտանքիներին մի քանի հարյուր հազար դրամ հատկացնելը մեծ կորուստ չի լինի։

Եթե օրվա մեջ ըստ լրահոսի հաշվում ես, թե քանի թույլ արտահայտված նպատակով կամ ուղղակի աննպատակ սեմինար, քննարկում, պանելային ու ոչ պանելային, կոնֆերանս ու ծախսատար այլ հավաքույթ է տեղի ունենում, որից հետո շատ անձնազոհաբար տարածում ենք խմորեղենի գովազդը երկու՝ դժոխք ապրող կանանց օգնելու համար, այնքան անկեղծորեն ափսոսում ես այդ փողը, որով մի քանի տասնյակ մարդ, որոնք այսօր կենսուժ ու հոգեկան ռեսուրս չունեն խմորեղենի բաղադրիչները իրար խառնելու, խմոր տրորելու, ընկույզը կտրտելու, բայց անում են, որ վաղը հաց առնեն, քանի որ ողջ են։

Մեր երկրում հաստատ կան մարդիկ, որոնք մեծ կորուստ ունեցող մի քանի տասնյակ ընտանիքների ամսվա ծախսը ապահովեն։ 

Դա երկար չի տևի։ Արցախցի կանայք աներևակայելի կենսական են․ ապրելու են։ Բերտան շատ հմայիչ աղջիկ է, ընտանիք է ունենալու, տունը նորից երեխաների աղմուկով լցվելու է, իրենք են օգնելու ուրիշներին։ 

Բայց հիմա իրենց է պետք օգնել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում