Գլխավոր Լրահոս

Հինգ տարի անց, պարզվում է, չի կարելի լեզվին տալ

Հինգ տարի անց, պարզվում է, չի կարելի լեզվին տալ

Իրական և ինքնիշխան Հայաստանի նոր մեկնության սուրհանդակները այսօր առավոտվանից քարոզում են զգույշ խոսել։ Խոսքը վերաբերում է Ալիևի՝ պատերազմի բացահայտ սպառնալիքին։ 

Զգուշության մասին է խոսում Նիկոլ Փաշինյանը։ Նախ, «պատերազմ» բառը քնքշորեն փոխարինվում է «էսկալացիայի լեգիտիմություն» բառակապակցությամբ, սուր անկյունները տերմինաթերապիայի ենթարկելով, միտքը մանրամասնում է այսպես․ «Էսկալացիայի լեգիտիմության հաշվարկն այն է, որ Հայաստանից կհնչեն ագրեսիվ պատասխաններ․․․ կիրառելու ենք ոչ թե ագրեսիվություն, այլ երկխոսություն»։

Բնականաբար, լրիվ պատահական զուգադիպությամբ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան գրառում է արել․ «Ալիևի սպառնալիքները լավաշ-լավաշ  տարածողները գրեթե անխտիր պահանջում են Հայաստանից կոշտ արձագանք (էհ, ես էլ կուզեի, եթե պատերազմներից հետո այս վիճակում չլինեինք): Բայց միգուցե այս սադրիչ հայտարարությունները նաև այդ հաշվարկով են արվել, որ «լեզվին տանք» ու «քիթ-մռութին ուտենք»»։

Ինչպես Փաշինյանի, այնպես էլ նրա անաչառ կողմնակիցների համաբովանդակ տեսքտերը մի բան հիշեցրին․ երբ չորս տարի որպես Արցախյան պատերազմի առիթ/պատճառ բերվում էր վարչապետի անզգույշ, սադրիչ, անմտածված խոսքը, այն ծաղրի էր ենթարկվում որպես մակերեսային։ Օրինակ՝ նրա՝ 2020-ի հուլիսի տավուշյան դեպքերի հետ կապված հայտարարությունը․

«Մենք ամենասկզբից ասել ենք, որ Հայաստանի հետ պետք չէ ուժի և սպառնալիքի լեզվով խոսել: Դա անիմաստ գործ է, որովհետև մեզ հետ այդպես խոսել չի կարելի: Մենք շատ երկար՝ և՛ անձամբ, և՛ հեռակա, և՛ հրապարակային, փորձել ենք այս դիրքորոշումները ներկայացնել. մեզ հետ պետք չէ սպառնալիքի լեզվով խոսել: Եվ շատերին թվում էր, թե սա ընդամենը հռետորաբանություն է, բայց հուլիսյան դեպքերը ցույց տվեցին, որ այն, ինչ մենք ասում ենք, 100 տոկոսով համապատասխանում է իրականությանը: Եվ էլի նույն կերպ խորհուրդ եմ տալիս չշարունակել նույն տրամաբանությունը, որովհետև նույն տրամաբանությունը բերելու է նույն հետևանքի»,։

Երբ ասվում էր, որ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հայտարարված «Արցախը Հայաստան է և վերջ» նախադասությունը սադրիչ էր, հընթացս փորձ ձեռք բերող, հընթացս կրթվող վարչապետը և զսպության կոչ անող նրա թիմակիցները ծաղրում էին, թե իբր պատերազմը այդ մի արտահայտությամբ չէր սկսվի, թե իբր միամիտ, անտեղյակ, անգրագետ բաներ ենք ասում, թե իբր սա աշխարհաքաղական մեծ հաշվարկ էր, որից մենք՝ մեկ կոմկուսի առաջին քարտուղար, երեք նախագահ ու մի վարչապետ տեսած բնակչությունս, չենք հասկանում։

Իսկ այսօր առավոտից, պարզվում է, զգույշ պետք է խոսենք, որ հանկարծ պատճառ չդառնա պատերազմի։ Այսինքն՝ սադրիչ, անզգույշ խոսքը կարո՞ղ է պատճառ դառնալ պատերազմի։

Եվ, բնակնաբար, պատահական զուգադիպությամբ, նույն միտքը մտածում և արտահայտում են քաղաքական մերձավորները ու ասում՝ չի կարելի լեզվին տալ՝ քիթ մռութներիս կուտենք։

Ավարտական, ամփոփիչ բառը թողնում են յուրաքանչյուրիդ ընտրությանը։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում