Վարչապետն առողջ է

- Հորաքույր, էդ ինչի՞ ես էդպես զուգվել։
- Մեղայասծու, էս իմ ամեն օրվա շորն ա։
- Ամեն օրվա՞։
- Բա իհարկե։
Իբր չիմանալով փեսատեսի եկած հորաքրոջ ու զարմուհու երկխոսությունն է «Երջանկության մեխանիկա» ֆիլմից։
- Վարչապետ, էդ ինչի՞ ես էդպես․․․
- Հայաստանում կյանքը եռում է, խաղաղությունը կառուցվում է։ Էս իմ ամեն օրվա տեքստն ա։
- Ամեն օրվա՞։
- Բա իհարկե։
Հոգեբանության տեսանկյունից մեծարգո վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին վատ տարիների ընթացքում կարողացավ տեսանելի և շատ պատկերավոր ներկայացնել մարդու պաշտպանական մեխանիզմների ողջ ներկապնակը։
Իչպես ամեն գիտելիք, հոգեբանությունը նույնպես և, երևի, ամենից շատ հոգեբանությունը, լավագույնս հասկանալի է դառնում օրինակի վրա։
Մի ամբողջական տեքստ կարող է ոչինչ չասել, բայց մեկ պարզ օրինակը միանգամից պարզեցնում է նախորդած երկարաշունչ բովանդակությունը։
Բազում են օրինակները, բայց կենտրոնանանք վերջինի վրա․
«Հայաստանում կյանքը եռում է, Խաղաղությունը կառուցվում է»։
Բաց թողնելով քառամյա աղետների սյունակը, միայն մի քանի օր առաջ Ալիևի արտասանած տեքստը բավարար է, որ այս նախադասությունը դասվի անառողջ պաշտպանական մեխանիզմների շարքին։
Ինչպես ամեն բան աշխարհում, մարդու հոգեբանության պաշտպանական մեխանիզմներն էլ են լինում լավ և վատ։
Մարդիկ մեծ աղետներից հետո ուղղակի որոշակի դրվագներ մոռանում են, չոր մոռացության են տալիս, ոչ թե ձևացնում են, այլ իրոք չեն հիշում, ջնջվում է այդ հատվածը։ Սրան ասում են ռեպրեսիա։ Ծանր բանը հանում-շպրտում են անգիտակցական դաշտ։ Դուրս են մղում։ Օրինակ՝ Սեպտեմբերի 19-ի մասին արցախցիներից ոմանք ասում էին, որ օրվա մեկ ամբողջական դրվագ, երբ հիվանդանոցում հայտնել են, որ երեխան մահացել է, չի հիշում։ Մյուսը պատմում էր, որ չի հիշում գաղթի ճանապարհի մի քանի ժամը, քնած չի եղել, բայց չի հիշում։
Պաշտպանական մյուս մեխանիզմը հերքումն է։ Մարդուն հայտնում ես վատ լուրը, ինքը պատնեշում է սեփական գիտակցությունը վատ լուրից և ապրում է այնպես, կարծես դա չի պատահել։
Առաջինի դեպքում մարդը սկզբում գիտակցում և ապա դուրս է մղում ինֆորմացիան, հերքման դեպքում թույլ չի տալիս, որ իրողությունը հասնի գիտակցությանը։
Թվում է՝ սեփական կառավարման օրոք բազմաղետ դարձած երկրի մասին «կյանքը եռում է, խաղաղությունը կառուցվում է» ասելը, երբ թշնամու առաջնորդը մի քանի օր առաջ սպառում էր վերացնել այդ երկիրը, հեշտությամբ կարելի է դասել նշված մեխանիզմներից գոնե երկրորդին, բայց հո մենք գիտենք, որ հերքում չի եղել սկզբում, սկզբում չի հերքել ասելով՝ «չեմ հավատում, չկա նման բան», սկզբում հավատացել է, իսկ հերքումը սկզբում է լինում։
Դուրսմղման շարքին էլ չես դասի, որովհետև չի կարող մեկ դուրս մղվել, մեկ հետ գալ, որ նորից դուրս մղվի։
Պաշտպանական մեխանիզմներից է նաև ձևացնելը, խաղը։ Մարդը ցուցադրում է առույգություն, ուրախություն, թեթևություն, երբ իրականում հոգեպես վատ վիճակում է։ Ասենք՝ վախենում է, բայց համարձակ է ներկայանում, լացը գալիս է, ինքը ծիծաղում է։ Բայց չորս տարի՞։
Հրաշալի պաշտպանական մեխանիզմ է պրոյեկտումը։ Մարդը սեփական անհանգստությունները, կասկածները պրոյեկտում է դիմացինի վրա։ Ասենք՝ ծնողները հաճախ իրենց վախերը արտապատկերում են երեխաների վրա,ասելով՝ երեխաս վախենում է։ Այսօրվա մտքի առաջին նախադասությունը կարելի է համարել արտապատկերում՝ պրոյեկցիա․ «․․․ուզում են Հայաստանում կյանքը կանգ առնի, տիրի պատերազմի տրամադրությունը», բայց ես համաձայն չեմ լինի։
Էլի կան մեխանիզմներ, բայց ինչքան էլ կրթությունը նորաձև լինի, այս տեքստը գիտելիքի օրվան չէ նվիրված։
Նշված և չնշված բոլոր դեպքերում մարդու ձգտումը մեկն է՝ ազատվել հոգեկան ցավից, խուսափել տանջող տագնապից։
Եթե մարդը ոչ թե հերքում է վատ իրողությունը, այլ հերքման իմիտացիա է անում, ընդ որում՝ ապաշնորհ, սա հոգեբանության ոլորտից դուրս է։
Եթե մարդը ոչ թե դուրս է մղել ողբերգական դրվագը, այլ դուրսմղման իմիտացիա է անում և դա անում է անընդհատ, սա ևս հոգեբանության ոլորտից դուրս է։
Եվ այդ ոլորտի անունն է․․․ (ընտրությունը ընթերցողինն է)։
Մնաց պրոյեկցիան․ ուշադիր եղեք տեքստերին, հետևեք ինչում են ձեզ մեղադրում, կարող է՝ սովորական պրոյեկցիա լինի։
Թեմա
Լուսինե Հովհաննիսյան










