Մայիսի 19-ին Դամասկոսում Ռուսաստանի Դաշնության դեսպանության շենքը ենթարկվել է ականանետային գնդակոծության. կրակը ենթադրաբար բացվել է Ջոբար թաղամասից, որը գտնվում է զինյալների վերահսկողության տակ: Ականներից մեկը խոցել է շենքի պատն ու ընկել դեսպանության աշխատասենյակներից մեկում, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:
ՌԴ ԱԳՆ-ն դատապարտել է դեսպանության գնդակոծությունն ու տեղի ունեցածը ահաբեկչական գործողություն որակել:
«Երջանիկ պատահականությամբ աշխատակիցներից ոչ մեկը չի տուժել... Տեղի ունեցածը դիտարկում ենք որպես ահաբեկչական գործողություն՝ ուղղված Ռուսաստանի դեսպանության դեմ: Վճռականորեն դատապարտում ենք գործողության կազմակերպիչներին, կատարողներին և ոգեշնչողներին: Մեր համերաշխությունն ենք հայտնում սիրիական իշխանություններին՝ Սիրիայի տարածքում ահաբեկչական վտանգին հակազդեցության իրենց ջանքերում»,- ասված է ՌԴ ԱԳՆ-ի կայքում հրապարակված հայտարարության մեջ:
ՄԱԿ-ն ու ԱՄՆ-ը դատապարտում են ՌԴ դեսպանության գնդակոծությունը
Միացյալ Նահանգներն ու Միացյալ Ազգերի Կազմակերպությունը դատապարտել են Դամասկոսում ՌԴ դեսպանության ականանետային գնդկածությունը:
Պետքարտուղարության կայքում հրապարակված հայտարարության մեջ պաշտոնական Վաշինգտոնը կոչ է անում պատասխանատվության ենթարկել մեղավորներին և շեշտում սիրիական հակամարտության քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը:
Ռուսաստանի դեսպանության վրա հարձակումը դատապարտել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ այն անվանելով «ահաբեկչական գործողություն»:
Civilnet











