Գլխավոր Լրահոս

Հնագույն Պալմիրան՝ ահաբեկիչների վերահսկողության տակ

Հնագույն Պալմիրան՝ ահաբեկիչների վերահսկողության տակ

Պալմիրան ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում է:

Սիրիական Պալմիրա հնագույն քաղաքը գրեթե ամբողջությամբ անցել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ, հաղորդում է բրիտանական Guardian-ը՝ հղում անելով Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խմբին:

Վերջինիս փոխանցմամբ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառված քաղաքի հուշարձանների ոչնչացման վերաբերյալ տեղեկություն չի ստացվել, սակայն հայտնի է, որ զինյալները գրավել են մերձակայքի ավիաբազան, բանտը և հետախուզության կենտրոնակայանը:

Ինչպես հաղորդում է BBC-ն, Սիրիայի ղեկավարությունն ընդունել է, որ հեռացրել է իր զինված ուժերը քաղաքից: Ըստ խմբի զեկույցի՝ գիշերվա ընթացքում Պալմիրայի համար մղված մարտերում կառավարամետ ուժերը տվել են 100 զոհ:

Պալմիրայի շարժական հարյուրավոր հուշարձաններ տեղափոխվել են ապահով վայրեր, սակայն հնագույն քաղաքի մյուս կոթողները շարունակում են վտանգի տակ լինել:

«Սա ամբողջ աշխարհի պայքարն է»,- ասել է սիրիացի հնագետ Մաամուն Աբդ Ալ-Քարիմը: Նա կոչ է արել ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիային կանխել ահաբեկիչների կողմից հնագույն քաղաքի ավերումը:

Պալմիրայի թատրոնը

Պալմիրա. «Ավազների Վենետիկ» և «Անապատի հարս»

Ուշ անտիկ շրջանի ամենահարուստ քաղաքներից մեկը՝ Պալմիրան [արաբերեն՝ Թադմուր], որը տեղակայված է Սիրիական անապատի օազիսներից մեկում՝ Դամասկոսի և Եփրատի միջև, անապատն անցնող քարավանների համար ծառայել է որպես փոխաբեռնման կետ: Հռոմեական կայսրության երբեմնի մաս կազմող Պալմիրայում մինչ օրս կանգուն են մնացել երկուհազարամյա ճարտարապետական կոթողներ:

«Պալմիրան մերձավորարևելյան մեծ նվաճում է համարվում, այն նման չէր Հռոեմական կայսրության և ոչ մի քաղաքի: Վենետիկի պես՝ Պալմիրան նույնպես դարձել էր առևտրային հանգույց՝ անապատով՝ ծովի փոխարեն և ուղտերով՝ նավերի փոխարեն»,- BBC-ն մեջբերում է հնագետներին:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան դատապարտող իր հերթական հայտարարության մեջ «խոր մտահոգություն է հայտնել» իրադրության առթիվ և հակամարտության անհապաղ դադարեցման կոչ արել:

Համաշխարհային պատմամշակութային ժառանգությունը՝ ահաբեկիչների թիրախ 

Դեր Զորում պայթեցված Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները տարեսկզբին Իրաքում ոչնչացրել էին ասորական մշակույթի հնագույն նմուշներ, մինչ այդ թալանել էին Մոսուլի կենտրոնական և Մոսուլի համալսարանի գրադարանները: Անցյալ տարվա սեպտեմբերի 21-ին ահաբեկիչները Սիրիայում՝ Դեր Զորում, պայթեցրել էին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին:

Բարբարոսները մշակութային ցանկացած հուշարձան համարում են հերետիկոսական և ոչնչացման ենթակա:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում