Այցով Դամասկոսում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 27-ին հանդիպում է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ:
Ինչպես հաղորդում է սիրիական SANA պետական գործակալությունը, Բաշար ալ Ասադը բարձր է գնահատել սիրիական ճգնաժամի հարցում Հայաստանի դիրքորոշումը` նշելով, որ Հայաստանը կարող է կարևոր դեր խաղալ` Արևմուտքի երկրներին վերաուղղորդելով ճշմարտությունը` ինչ է կատարվում Մերձավոր Արևելքում: Նա նաև ընդգծել է ահաբեկչության դեմ պայքարի արդյունավետության կարևորությունը:
«Նախագահ Ասադը նշել է, որ հայ ժողովրդի` իր պատմության ընթացքում ենթարկված տառապանքներին այսօր ենթարկվում է սիրիացի ժողովուրդը` նույն մարդասպանների և ահաբեկիչների կողմից, սակայն այժմ նրանք օգտագործում են այլ մեթոդներ և ունեն այլ նպատակներ:
Էդվարդ Նալբանդյանն իր հերթին դատապարտել է Սիրիայի դեմ ահաբեկիչների կողմից իրականացվող հանցագործությունները: [...] Նա նշել է, որ այս սպառնալիքը պահանջում է միասնական և լուրջ ջանքեր, որոնք ուղղված կլինեն ահաբեկչության դեմ պայքարին և կապահովեն պատշաճ պայմաններ, որպեսզի սիրիական ճգնաժամը լուծվի մի գործընթացի միջոցով, որը թույլ կտա սիրիացիներին որոշել իրենց երկրի ապագան:
Երկու կողմերը համակարծիք են եղել Թուրքիայի ղեկավարության ներկա վտանգավոր դերի հարցում և նշել են, որ անհրաժեշտ է` միջազգային հանրությունը Անկարային ստիպի դադարեցնել կործանարար գործողությունները»,- գրում է SANA-ն:
Մայիսի 27-ին` ավելի վաղ, Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է նաև Սիրիայի փոխվարչապետ և արտգործնախարար Ուալիդ Մուալլեմի հետ:
SANA-ի հաղորդմամբ` համատեղ մամուլի ասուլիսին Սիրիայի արտգործնախարարն ասել է, որ եթե միջազգային հանրությունը պատժած լիներ օսմանցի ահաբեկիչներին 20-րդ դարի սկզբին հայերի կոտորածի համար, ապա նրանց սերունդները չէին կարողանա իրականացնել նման դաժան հանցագործություններ Սիրիայում:
Ինչպես հաղորդում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը, Էդվարդ Նալբանդյանն իր պաշտոնակցի հետ ասուլիսին ասել է, որ Հայաստանը «խորապես մտահոգված է Սիրիայում շարունակվող բախումներով, ստեղծված հումանիտար ճգնաժամով, երկրում ահաբեկիչների գործողությունների հետևանքով բազմաթիվ զոհերով և արհավիրքներով»։
Նա նշել է, որ Հայաստանը շարունակելու է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում պահել այս խնդիրները:
Նալբանդյանն ասել է, որ Հայաստանի մշտական մտահոգության առարկա է Սիրիայի խաղաղ բնակչության, այդ թվում՝ հայերի և մյուս փոքրամասնությունների վիճակը։ «Այս առումով ցանկանում եմ մեր երախտագիտությունը հայտնել Սիրիայի իշխանություններին՝ հայկական համայնքի, մեր մշակութային ժառանգության նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար»,- ասել է նա։
***
Սիրիայում 2011-ից շարունակվում է պատերազմը, որի հետևանքով զոհվել է ավելի քան 200 հազար մարդ, մոտ 3 միլիոն մարդ դարձել է փախստական: Սիրիահայերից շատերը ապաստան են գտել Լիբանանում և Հայաստանում: Այս տարվա փետրվարին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հայտարարել էր, որ Հայաստանում ավելի քան 12 հազ. սիրիահայ կա:
Կառավարության մայիսի 21-ի նիստին Հրանուշ Հակոբյանն անդրադարձել էր սիրիահայերի խնդիրներին և նշել էր, որ իր ղեկավարած կառույցը գումարել է միջգերատեսչական հանձնաժողովի նիստ՝ հասկանալու, թե Հայաստանը ինչ կարող է անել և ինչպես աջակցել Սիրիայում ապրող հայերին:
Civilnet











