Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հունիսի 4-ին ընդունել է ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի պատվիրակությանը:
Ինչպես հաղորդում է սիրիական SANA պետական գործակալությունը, հանդիպմանը Բաշար Ասադը հայտարարել է, որ Սիրիայի և Հայաստանի ժողովուրդները առերեսվում են միևնույն մարտահրավերներին: «100 տարի առաջ հայ ժողովրդի նկատմամբ ծանրագույն հանցագործություններ իրականացրած օսմանցիներն այսօր` ի դեմս Էրդողանի վարչակարգի, կիրառում են նույն մեթոդները, մասնավորապես ահաբեկչությունը` ընդդեմ Սիրիայի ժողովրդի»,- ասել է նա:
Ասադի խոսքով` «իր ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանն այսօր կոչված է ճնշում գործադրելու միջազգային հանրության վրա` արդյունավետ հակաահաբեկչական քաղաքականության մշակման նպատակով, և դա անհրաժեշտ է ոչ միայն սիրիացի ժողովրդի, այլև տարածաշրջանի ու աշխարհի մյուս ժողովուրդների պաշտպանության համար, քանի որ ահաբեկչությունը չունի սահմաններ և չի կարող մնալ մեկ պետության սահմաններում` չտարածվելով այլ պետություններում»:
Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի ղեկավար Տաճատ Վարդապետյանը հավաստիացրել է, որ «հայ ժողովուրդը սատարում է սիրիացի ժողովրդին, որը հարձակումների է ենթարկվում տարածաշրջանային որոշ երկրների աջակցությունը վայելող ահաբեկչական խմբավորումների կողմից»: SANA-ի փոխանցմամբ՝ Վարդապետյանը վստահություն է հայտնել, որ «Սիրիան այս պատերազմից անպայմանորեն հաղթող դուրս կգա»:
Հանդիպմանը ներկա են եղել նաև Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը և Սիրիայի խորհրդարանում Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Բութրուս Մարջանեն:
Հայկական պատվիրակությանը ընդունել է նաև Սիրիայի վարչապետ Ուաիլ ալ Հալկին, որը հայ գործարարներին ու ընկերություններին կոչ է արել մասնակցել տնտեսական նախագծերի ստեղծմանն ու երկրի վերականգնմանը: Հայ պատգամավորները հանդիպում են ունեցել նաև Սիրիայի փոխվարչապետ, արտգործնախարար Ուալիմ Մուալլեմի հետ:
Մայիսի 27-ին Սիրիա էր այցելել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորած պատվիրակությունը:
***
Սիրիայում 2011-ին սկսված ճգնաժամը, որը վերածվել է լայնածավալ պատերազմի, խլել է ավելի քան 200 հազար կյանք, մոտ 3 միլիոն մարդ դարձել է փախստական: Սիրիահայերից շատերը ապաստան են գտել Լիբանանում և Հայաստանում: Այս տարվա փետրվարին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հայտարարել էր, որ Հայաստանում ավելի քան 12 հազ. սիրիահայ կա: Կառավարության մայիսի 21-ի նիստին Հրանուշ Հակոբյանն անդրադարձել էր սիրիահայերի խնդիրներին և նշել էր, որ իր ղեկավարած կառույցը գումարել է միջգերատեսչական հանձնաժողովի նիստ՝ հասկանալու, թե Հայաստանը ինչ կարող է անել և ինչպես աջակցել Սիրիայում ապրող հայերին:
Civilnet











