«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները ականապատել են սիրիական Պալմիրա հնագույն քաղաքի ավերակները. այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խմբին: Ըստ հաղորդագրությունների՝ ականներ են տեղադրվել հնագույն հուշարձանների, այդ թվում՝ հռոմեական ամֆիթատրոնի շուրջ:
Իրավապաշտպանների տեղեկացմամբ՝ ծայրահեղականների նպատակը դեռ պարզ չէ: Նրանք ականապատել են ճարտարապետական համալիրը՝ այն պայթեցնելու կամ քաղաք կառավարական ուժերի մուտքը կանխելու նպատակով:
Դիտորդական խմբի տնօրեն Ռամի Աբդել Ռահմանը, BBC-ի հաղորդմամբ, ասել է, որ վերջին օրերին Պալմիրայի մերձակայքում տեղակայված սիրիական կառավարական ստորաբաժանումները համալրվել են նոր ուժերով, ինչը ստիպում է ենթադրել, որ հնարավոր է՝ ռազմական գործողություններ կսկսվեն: Ռահմանը նաև պատմել է, որ վերջին երեք օրերի ընթացքում կառավարական ուժերը ռմբակոծել են Պալմիրայի բնակելի թաղամասերը, ինչի արդյունքում զոհվել է առնվազն 11 մարդ:
Պալմիրան ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ է, Մերձավոր Արևելքի ամենահայտնի ճարտարապետական համալիրներից մեկը: Ահաբեկիչները քաղաքը գրավել էին այս տարվա մայիսին: Այն ժամանակ սպանվել է ավելի քան 400 մարդ:
Պալմիրա. «Ավազների Վենետիկ» և «Անապատի հարս»
Ուշ անտիկ շրջանի ամենահարուստ քաղաքներից մեկը՝ Պալմիրան [արաբերեն՝ Թադմուր], որը տեղակայված է Սիրիական անապատի օազիսներից մեկում՝ Դամասկոսի և Եփրատի միջև, անապատն անցնող քարավանների համար ծառայել է որպես փոխաբեռնման կետ: Հռոմեական կայսրության երբեմնի մաս կազմող Պալմիրայում մինչ օրս կանգուն են մնացել երկուհազարամյա ճարտարապետական կոթողներ:
«Պալմիրան մերձավորարևելյան մեծ նվաճում է համարվում, այն նման չէր Հռոեմական կայսրության և ոչ մի քաղաքի: Վենետիկի պես՝ Պալմիրան նույնպես դարձել էր առևտրային հանգույց՝ անապատով՝ ծովի փոխարեն և ուղտերով՝ նավերի փոխարեն»,- ասում են հնագետները:
Civilnet











