«Տարոն ջան, սիրուն չի». հենց այսպես հանգուցալուծվեց Մաշտոցի այգու հարցը 2012թ. խորհրդարանական ընտրությունների նախօրեին: Իհարկե, «սիրուն չի»-ն իրավական, անգամ բարոյագիտական կատեգորիա չէ: Բայց փաստը մնում է փաստ, որ Մաշտոցի այգու խնդիրը լուծվեց ոչ թե ճարտարապետական ինչ-ինչ նորմեր հաշվի առնելով կամ էլ սեփականատիրության իրավունքի պաշտպանության գերակայության հիման վրա, այլ որ երկրում թիվ մեկ հարց և բոլոր հարցեր լուծողը որոշեց, որ «սիրուն չի»: Եվ տվյալ դեպքում բոլորովին կապ չունի, որ հարցը բացառապես Երևանի քաղաքապետարանի իրավասությանն էր վերաբերում:
Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարողները քաղաքական նպատակ, համենայն դեպս՝ հրապարակայնորեն, չեն դնում: Չեն հայտարարում, օրինակ, որ չեն ճանաչում Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը, հետևապես որևէ դեպքում չեն բանակցի նրա հետ: Նրանք նաև լավ հասկանում են, որ հարցեր լուծողը ոչ թե ՀԾԿՀ-ն է, այլ Սերժ Սարգսյանը:
Նրանց գերագույն պահանջը թանկացումը կանխելն է:
Եթե քաղաքական նպատակ չի դրվում, և պահանջը մնում է էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը չեղարկելը, ապա հարց է առաջանում՝ ինչու են մերժում հանդիպումը Սարգսյանի հետ:
Միգուցե՞ նա բան ուներ (ունի) առաջարկելու ստեղծված իրավիճակում:
Միգուցե՞ ավելի պրագմատիկ է հանդիպելն ու ինչ-որ բան փորձել ստանալը քան փողոց փակելն ու բռնության ենթարկվելը (միամտություն կլինի հավատալ, որ ցուցարարներն այդ սցենարը չէին պատկերացրել իրենց մտքում):
Միգուցե՞ նա կարող է հանդես գալ բարի առաջնորդի դերում և ասել՝ «Ռոբերտ ջան, սիրուն չի»...
Հ.Գ.
Եթե պահանջը քաղաքական է, միայն կարելի է ողջունել: Մինչ այս պահը, սակայն, քաղաքական պահանջ չի ձևակերպվել:
Կարեն Հարությունյան











