Գլխավոր Լրահոս

ԱՄՆ-ը Սիրիայում Ռուսաստանին հակազդելու ուղիներ է փնտրում

ԱՄՆ-ը Սիրիայում Ռուսաստանին հակազդելու ուղիներ է փնտրում

Օրերս միջազգային լրատվամիջոցները հաղորդեցին, որ ռուսական էքսպեդիցիոն կորպուսը ափ է իջել Սիրիայում և մասնակցում է այնտեղ ընթացող ռազմական գործողություններին, ընդ որում՝ ոչ միայն «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման, այլև սիրիական ընդդիմության դեմ: «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը հաղորդում է, որ ԱՄՆ-ը ուղիներ է փնտրում Սիրիայում Ռուսաստանի ազդեցության տարածման դեմ:

Ըստ New York Times-ի՝ ԱՄՆ-ի պաշտպանական ոլորտի պաշտոնյաները վերանայում են Սիրիայի չափավոր ընդդիմության համար ռազմական վարժանքները, որոնք այժմ նշանակալի թերություններ ունեն: Այդ զեկույցը համընկավ ռուսաստանյան օդանավերի թռիչքները դեպի Սիրիա արգելափակելու Վաշինգտոնի կողմից Հունաստանին հղված խնդրանքի հետ:

New York Times-ը հղում է կատարում պաշտպանության նախարարության և Օբամայի վարչակազմի չորս բարձրաստիճան պաշտոնյաների, որոնք պնդում են, թե նախագծված ծրագիրը առաջ եկավ հուլիսի 31-ին «Ալ Նուսրա» խմբավորման կողմից 54 նորավարտ ընդդիմադիր նորակոչիկների վրա հարձակումից հետո:

500 միլիոն դոլար արժեքով ծրագրի արդյունքները բարելավելու նպատակով նախատեսվում է ուժերի ընդլայնում, նրանց ծավալման վայրերի տեղափոխում տեղացիների աջակցությունը վայելող տարածքներ և հետախուզության ամրապնդում: Այդ ծրագիրը իրականացվում է Թուրքիայում և Հորդանանում ԱՄՆ-ի հատուկ նշանակության ուժերի և դաշնակիցների վարժանքի մասնագետների կողմից: Այն տարբեր է ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական ծառայության նմանատիպ գաղտնի ծրագրից:

Ըստ ծրագրի՝ նախատեսվում է տարեկան պատրաստել 5000 զինվոր, սակայն այս տարվա արդյունքները դեռ հեռու են այդ թվից:

Նախկին դեսպան Ջեյմս Ջեֆրին, որը Վաշինգտոնի Մերձավոր Արևելքի հաստատության պատվավոր գիտնական է, կարծում է, որ ծրագիրը այդքան ազդեցիկ չէ՝ խաթարելու մի քանի հազար մարտիկ ունեցող «Իսլամական պետություն» խմբավորման հզորությունը, ինչպես որ ԿՎՀ-ին չհաջողվեց իր ծրագրով անել դա:

Սեպտեմբերի 4-ին ԱՄՆ-ի Ծովային հետևակի բրիգադի գեներալ Քելվին Քիլեան, ով իսլամիստների դեմ ուղղված «Նվիրյալ լուծում» ռազմարշավի միացյալ  ուժերի շտաբի պետն է, ասաց, որ այդ դասընթացները շատ խոստումնալից են՝ հաշվի առնելով վարժվողների քանակը:

«Վարժվողների քանակը նշանակալի հավելում կտա հյուսիսային Սիրիայում «Իսլամական պետության» դեմ կռվող զորաջոկատներին»,- ասում է նա:

Համաձայն New York Times-ի՝ այս ծրագրի մի հատվածը՝ մարտերի ժամանակ ապստամբներին օդից կրակային ապահովումը, լավ է ընթացել: Հարվածային անօդաչու սավառնակները արագորեն վրա էին հասնում և օգնում նրանց «Ալ Նուսրայի» հարձակումների ժամանակ՝ ոչնչացնելով տասնյակ ահաբեկիչների:

Մինչդեռ ԱՄՆ-ում գոյություն ունի աճող մտահոգություն Սիրիայում Ռուսաստանի մտադրությունների շուրջ: Միացյալ Նահանգները Հունաստանին խնդրել են փակել օդային սահմանները ռուսական այն ինքնաթիռների դիմաց, որոնք ռազմական մատակարարումներ են իրականացնում Ասադի վարչակարգին: Հունաստանի արտգործնախարարությունը նշել է, որ դեռ քննարկում է այդ հարցը:

Տարբեր լրատվամիջոցներ նշում են, որ Ռուսաստանի գործունեությունը կարող է լինել կա՛մ Ասադի կառավարությանը աջակցելու ծրագրի մաս, կա՛մ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու ծրագրի մաս: Սեպտեմբերի 3-ին Սպիտակ տան խոսնակ Ջոշ Էրնսթը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները տեղյակ են Սիրիայում Ռուսաստանի ռազմական անձնակազմի և ինքնաթիռների ծավալման մասին:

«Ես միայն պետք է նշեմ, որ որևէ ռազմական աջակցություն Ասադի վարչակարգին, որևէ նպատակով, լինի ռազմական անձնակազմի, ինքնաթիռների պահեստամասերի, զենքերի մատակարարման կամ ֆինանսավորման ձևով, և՛ ապակայունացնող է, և՛ հակաարդյունավետ: Միացյալ Նահանգները կազմակերպել է միջազգային դաշինք «Իսլամական պետության» դեմ, և մենք ուրախ կլինենք Ռուսաստանի կողմից աջակցության տրամադրմանը: Միացյալ Նահանգները նաև Սիրիայի քաղաքական ղեկավարության մեջ կերպափոխումների դիվանագիտական լուծումներ գտնելու առաջավար ջատագովներից է: Եվ մենք հաստատապես ուրախ կլինենք Ռուսաստանի ջանքերին այդ ասպարեզում»,- նշել է Էրնսթը:

Սեպտեմբերի 5-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել Ռուսաստանի կողմից Սիրիայում աչքի ընկնող ռազմական շինարարության շուրջ:

New York Times-ը հաղորդում է, որ Ռուսաստանը ռազմական նախապատրաստական խումբ է ուղարկել Սիրիա, որը քայլեր է ձեռնարկում ամրապնդելու Ռուսաստանի ռազմական ներկայությունը այդ երկրում, ներառյալ՝ հարյուրավոր մարդկանց համար նախատեսված շինությունների արագ կառուցապատման նյութերի տեղափոխումը Սիրիային պատկանող օդանավակայան և օդային վերահսկման շարժական կայանի տեղակայումը այնտեղ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում