Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակազմին Մոսկվայի ցուցաբերած հավելյալ օգնությունը կլինի «ապակայունացնող և հակակառուցողական». այսպիսի հայտարարություն է արել Սպիտակ տան խոսնակ Ջոշ Էրնեստը:
Նա միևնույն ժամանակ ընդգծել է, որ ԱՄՆ կողջուներ Ռուսաստանի կառուցողական ներդրումը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում:
«Այդ գործողություններին մասնակցում է ավելի քան 60 երկիր, և մենք կողջունեինք Ռուսաստանի աջակցությունն այդ ջանքերին»,- նշել է Սպիտակ տան խոսնակը ու շեշտել, որ Ռուսաստանի մտադրությունները, սպառազինությունների տեղակայման տեսանկյունից, «անորոշ են»:
Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քըրբին, երկրորդելով Սպիտակ տան խոսնակին, նույնպես հայտարարել է, որ Մոսկվայի նպատակը Սիրիայում անորոշ է:
Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ Ռուսաստանն ավելի ու ավելի մեծ օգնություն է մատակարարում, սակայն որն է վերջնական նպատակը՝ պարզ չէ: Քըրբին նաև համոզմունք է հայտնել, որ ռուսաստանյան իշխանությունների հետ համատեղ Սիրիայում խաղաղ քաղաքական անցման հնարավորություն կա:
Գաղտնի բանակցություններ՝ Ասադին տապալելու համար
Սեպտեմբերի 14-ին Bloomberg գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրները, գրել է, որ Ռուսաստանը ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի իշխանություններին ազդանշան է ուղարկում՝ Բաշար Ասադի իշխանությունը թուլացնելու պատրաստակամության մասին:
Գործակալության տվյալներով՝ երեք երկրների պաշտոնյաներն ու սիրիական ընդդիմությունը քննարկում են սցենար, որի դեպքում Ասադը կհեռացվի իշխանությունից՝ մնալով պետության ժամանակավոր ղեկավար:
Մեկնաբանելով Bloomberg-ի այս հրապարակումը՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է. «Մոսկվան չի զբաղվում վարչակազմերի փոփոխությամբ և Սիրիայի հարցով գաղտնի բանակցությունների չի մասնակցում»:
Պեսկովը հավելել է, որ «Սիրիայի ճակատագիրը պետք է վճռի սիրիացի ժողովուրդը, այլ ոչ թե գաղտնի բանակցությունները»:
Ռուսաստանն ընդլայնում է ներկայությունը Սիրիայում. Bloomberg
Վերջերս միջազգային լրատվամիջոցները հաղորդել էին, որ ռուսական էքսպեդիցիոն կորպուսը ափ է իջել Սիրիայում և մասնակցում է այնտեղ ընթացող ռազմական գործողություններին, ընդ որում՝ ոչ միայն «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման, այլև սիրիական ընդդիմության դեմ:
Ռուսաստանի արտգործնախարարությունը սեպտեմբերի 9-ին պարզաբանել է Սիրիայում ռուս զինվորականների ներկայությունը: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով` նրանք «ռազմական մասնագետներ են, որոնք սիրիացիներին օգնում են յուրացնել ռուսական ռազմատեխնիկան»: Նա նաև հավելել է, որ Ռուսաստանը երբեք գաղտնի չի պահել Սիրիայի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը: Ռուսական կողմը վաղուց է Սիրիային մատակարարում ռազմական տեխնիկա` համապատասխան պայմանագրերի և միջազգային իրավունքի:
Օրերս ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը վերահաստատել էր, որ «Ռուսաստանը շարունակել և շարունակում է սիրիական կառավարությանը օժանդակություն ցուցաբերել անհրաժեշտ ամեն ինչով՝ Սիրիայում լիբիական սցենար թույլ չտալու համար»:
Stratfor-ի արբանյակային լուսանկարները
Սեպտեմբերի 10-ին ամերիկյան Stratfor հետազոտական կենտրոնը հրապարակել է արբանյակային լուսանկարներ, որոնք ապացուցում են, որ Ռուսաստանը սիրիական Լաթաքիա քաղաքի օդանավակայանում թռիչքուղու ընդարձակման և ամրացման լայնամասշտաբ աշխատանքներ է տանում: Stratfor-ի փորձագետները պնդում են, որ ռուսները Լաթաքիայում օդակայան են կառուցում:
«Սիրիայում ռուսական ուժերի տեղակայումը կարող է լինել Բաշար Ասադի կառավարությանն աջակցելու փորձ կամ զգայուն բանակցությունների ժամանակահատվածում ճնշում գործադրելու միջոց»,- նկատում են հետազոտական կենտրոնի վերլուծաբանները:
ՍիվիլՆեթը Սիրիայում տեղի ունեցող քաղաքացիական պատերազմի նոր սրացումների և պատերազմում ռուսական կողմի ներգրավվածության մասին զրուցել է արաբագետ Հայկ Քոչարյանի հետ:
Civilnet











