Գլխավոր Լրահոս

Սիրիա, Ուկրաինա, ԿԳԲ. Պուտինի հարցազրույցը՝ CBS-ին

Սիրիա, Ուկրաինա, ԿԳԲ. Պուտինի հարցազրույցը՝ CBS-ին

Ինձ դուր է գալիս ամերիկացիների ստեղծագործականությունը. Պուտին

Այս օրերին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Նյու Յորքում է, որտեղ վերջին տասը տարում առաջին անգամ ելույթ է ունենալու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում: Ամերիկյան այցի նախաշեմին Վլադիմիր Պուտինը Մոսկվայում հարցազրույց է տվել CBS հեռուստաալիքի հաղորդավար Չառլի Ռոուզին:

«Աշխարհում շատ չեն այն առաջնորդները, որոնք այնքան ուշադրություն են գրավում, որքան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: ՄԱԿ-ում ելութ ունենալիս նա լինելու է բոլորի ուշադրության կենտրոնում: Նա օգնել է ԱՄՆ-ին և նրա արևմտյան դաշնակիցներին Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու հարցում և այժմ Սիրիայում ռուսական օդուժի, ռազմական սարքավորումների և անձնակազմի աջակցության միջոցով Պուտինն ու նրա երկիրը հայտնվել են այնտեղի քաղաքացիական պատերազմի և «Իսլամական պետության» (ԻՊ) դեմ պայքարի կենտրոնում»,- ասվում է հարցազրույցի նախաբանում ու նշվում, որ Ռուսաստանի դեմ արևմտյան տնտեսական պատժամիջոցները թերևս Պուտինին ստիպել են իր միջազգային հեղինակությունը վերականգնելու ուղիներ փնտրել: Հարցազրույցից ուշագրավ հատվածներ ներկայացված են ստորև:

Սիրիա

- Կցանականայի՞ք միանալ Միացյալ Նահանգներին ԻՊ-ի դեմ պայքարում: Դա նաև այնտեղ գտնվելու պատճառներից մեկն է: Շատերը կարծում են, որ Դուք փորձում եք փրկել Ասադի վարչակազմը, որովհետև այն զիջում է դիրքերը, և պատերազմն ի օգուտ նրա չի ընթանում, և դուք (Ռուսաստանը) այնտեղ եք՝ օգնելու նրանց:

- Դուք ճիշտ եք: Իմ խորին համոզմամբ՝ հակառակ ուղղությամբ ցանկացած գործողություններ, որոնք միտված կլինեն լեգիտիմ կառավարության տապալմանը, կստեղծեն մի իրավիճակ, որին ականատես ենք տարածաշրջանի այլ երկրներում, օրինակ՝ Լիբիայում, որտեղ պետական բոլոր կառույցները կազմալուծված են: Նմանատիպ իրավիճակ է նաև Իրաքում: Չկա սիրիական ճգնաժամը հաղթահարելու այլ միջոց, քան գործող կառավարական կառույցների ամրապնդումը և ահաբեկչության դեմ պայքարում օգնության տրամադրումը՝ միևնույն ժամանակ ստիպելով նրանց երկխոսություն սկսել ընդդիմության առողջ մասի հետ և բարեփոխումներ անցկացնել:

- Դուք մտադի՞ր եք ռուսական զորքեր տեղակայել Սիրիայում, եթե դա անհրաժեշտ լինի ԻՊ-ին պարտության մատնելու համար:

- Ռուսաստանը չի մասնակցելու Սիրիայի տարածքում կամ այլուր որևէ ցամաքային գործողոությունների: Համենայնդեպս, այս պահին նման մտադրություն չունենք: Մենք դիտարկում ենք և՛ Ասադի, և՛ մեր մյուս դաշնակիցների հետ աշխատանքն ակտիվացնելու հնարավորությունը:

Ռոուզի հարցին, թե հնարավոր է՝ սա Մերձավոր Արևելքում առաջատար դեր ստանձնելու Ռուսաստանի փորձն է, Պուտինը պատասխանել է. «Իրականում ոչ: Ոչ: Ռուսաստանից և նախկին խորհրդային հանրապետություններից ավելի քան երկու հազար զինյալ կա Սիրիայի տարածքում: Նրանց վերադարձին սպասելու փոխարեն ավելի լավ է օգնել Ասադին պայքարել նրանց դեմ այնտեղ՝ Սիրիայում: Այսպիսով՝ սա ամենակարևոր բանն է, որ ստիպում է մեզ օժանդակություն ցուցաբերել Ասադին»:

Ուկրաինա

Վլադիմիր Պուտինը նաև խոսել է ուկրաիանական հակամարտության, Յանուկովիչի տապալման մասին:

- Ուկրաինան առանձին և կարևոր հարց է մեզ համար: Նա մեր ամենամոտ հարևանն է: Մենք մշտապես ասել ենք, որ Ուկրաինան մեր քույրն է: Իմ համոզմամբ՝ բացարձակապես անընդունելի է, որ ներքին քաղաքական հարցերը նախկին խորհրդային հանրապետություններում լուծվեն «գունավոր» հեղափոխությունների, հեղաշրջումների, իշխանությունների ոչ սահմանադրական ճանապարհով հեռացման միջոցով: Դա բացարձակապես անընդունելի է: Միացյալ Նահանգներում մեր դաշնակիցները սատարել են նրանց, ովքեր տապալել են Յանուկովիչին:

- Դուք կարծում եք, որ ԱՄՆ-ը կա՞պ ունի Յանուկովիչի հեռացման հետ:

- Ես համոզված եմ դրանում:

- Որտեղի՞ց գիտեք այդ մասին:

- Ուկրաինայում ապրող մարդկանց հետ ունենք հազարավոր կապեր: Մենք գիտենք՝ ով, որտեղ, երբ է հանդիպել, աշխատել Յանուկովիչին տապալողների հետ, ինչպես են նրանց աջակցել, որքան են վճարել: Մենք ամեն ինչ գիտենք:

- Դուք ռազմական ներկայություն ունեք Ուկրաինայի հետ սահմանին: Ոմանք պնդում են, որ Ուկրաինայում կան ռուսական զորքեր:

- Դուք ունե՞ք ռազմական ներկայություն Եվրոպայում:

- Այո:

- ԱՄՆ-ի մարտավարական միջուկային զենքը Եվրոպայում է: Եկեք չմոռանանք դրա մասին: Ի՞նչ է դա նշանակում: Արդյո՞ք դա նշանակում է, որ դուք նվաճել եք Գերմանիան, թե պարզապես օկուպացնող ուժերը վերածել եք ՆԱՏՕ-ի ուժերի: Եթե մենք զորքեր ունենք մեր տարածքում՝ ինչ-որ պետության հետ սահմանին, կարծում եք՝ դա հանցագործությո՞ւն է:

- Ձեր մասին շատ են խոսում Ամերիկայում: Ավելի քան...

- Գուցե ուրիշ բան չունե՞ն անելու, բացի իմ մասին խոսելուց:

- Ոչ, ոչ, կամ գուցե հետաքրքրասեր մարդիկ են, կամ գուցե Դուք հետաքրքիր կերպար եք: Գուցե հենց դա է: Նրանք գիտեն ԿԳԲ-ի նախկին գործակալի մասին, որը վերադարձել է և Սանկտ Պետերբուրգում մտել քաղաքականություն, դարձել փոխքաղաքապետ, ապա եկել Մոսկվա:  Դուք հաճույքով եք աշխատում, Ձեզ հաճելի է ներկայացնել Ռուսաստանը և Դուք եղել եք հետախուզության աշխատակից: Նրանք գիտեն՝ ինչպես «կարդալ» մարդկանց: Դա աշխատանքի մաս է, ճի՞շտ է:

- Դա եղել է աշխատանքի մաս: Եղել է: Այժմ իմ աշխատանքն այլ է:

- Ռուսաստանում ինձ մեկն ասել է, որ ԿԳԲ-ի նախկին աշխատակից չի լինում:

- Դե գիտեք, այն ամենն, ինչ անում ենք, մեր ձեռք բերած գիտելիքները, փորձը ընդմիշտ մնում են մեզ հետ, պահպանում ենք այն և ինչ-որ ձևով կիրառում: Այսպիսով, այս առումով՝ այո, նրանք ճիշտ են:

- Դուք Ռուսաստանում վայելում եք ժողովրդականության այնպիսի վարկանիշ, որին կնախանձեր աշխարհի ցանկացած քաղաքական գործիչ: Ինչո՞վ է դա պայմանավորված:

- Կա մի բան, որ իմ և Ռուսաստանի յուրաքանչյուր քաղաքացու հետ ընդհանուր է՝ սերը առ հայրենիք:

- Շատերը քննադատում են Ռուսաստանը, ինչպես գիտեք: Նրանք ասում են՝ Ռուսաստանն ավելի ավտոկրատ է, քան ժողովրդավար: Նրանց պնդմամբ՝ քաղաքական ընդդիմախոսները և լրագրողները սպանվում և ազատազրկվում են Ռուսաստանում: Նրանք ասում են՝ Ձեր իշխանությունն անդրդվելի է: Ի՞նչ կասեք այն մարդկանց, որոնց մտահոգում է ռուսաստանյան քաղաքական մթնոլորտը:

- Չի կարող լինել ժողովրդավարություն առանց օրենքի պահպանման: Բոլորը պետք է պահպանեն օրենքները: Ինչ վերաբերում է ողբերգական դեպքերին, երբ մահանում են մարդիկ, այդ թվում՝ լրագրողներ, ցավոք, նման բան պատահում է աշխարհի բոլոր երկրներում: Եթե դա տեղի է ունենում մեր երկրում, մենք անում ենք հնարավոր ամեն ինչ հանցագործներին գտնելու և պատժելու համար: Սակայն ամենակարևորն այն է, որ մենք շարունակում ենք բարելավել մեր քաղաքական համակարգը այնպես, որ յուրաքանչյուր քաղաքացի զգա, որ ինքը ազդեցություն ունի քաղաքի, երկրի, հասարակության կյանքում:

- Նեմցովի մարդասպանները օրենքի ողջ խստությամբ կպատժվե՞ն:

- Այո: Ես ասել եմ, որ դա խայտառակություն է մեր պատմության համար, և հանցագործները պետք է պատժվեն:

- Ձեզ հետաքրքրո՞ւմ է Ամերիկան, ավելի, քան այլ պետություն, որի հետ փոխգործակցում եք:

- Անշուշտ մեզ հետաքրքրում է՝ ինչ է տեղի ունենում այնտեղ: Ամերիկան հսկայական ազդեցություն ունի աշխարհում իրադրության վրա:

- Ի՞նչն է ամենաշատը Ձեզ դուր գալիս Ամերիկայում:

- Ստեղծագործականությունը: Ստեղծագործականությունը խնդիրների հաղթահարման հարցում: Նրանց բաց ու անկաշկանդ լինելը, ինչը թույլ է տալիս նրանց բացահայտել մարդկանց ներուժը: Հենց դրա շնորհիվ, կարծում եմ, Ամերիկան զարմանալի արդյունքների է հասել երկրի զարգացման գործում:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում