Գլխավոր Լրահոս

Ասադը ռազմական օգնության խնդրանքով դիմել է Պուտինին (լրացված)

Ասադը ռազմական օգնության խնդրանքով դիմել է Պուտինին (լրացված)

Պուտինը բավարարել է Ասադի՝ ռազմական օգնության խնդրանքը:

Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատը՝ Դաշնային խորհուրդը, միաձայն հավանություն է տվել նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկին՝ ռուսական զինուժն արտերկրում օգտագործելու վերաբերյալ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը հայտարարել է, որ խնդիրը վերաբերում է Սիրիային: Նա ընդգծել է, որ խոսքը բացառապես ռազմաօդային ուժերի գործողությունների մասին է, և ռուսական զինուժի ցամաքային գործողությունների իրականացումը բացառված է:

Սերգեյ Իվանովը հայտարարել է, որ ռազմական օգնության խնդրանքով Վլադիմիր Պուտինին դիմել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:

«Այս կապակցությամբ ցանկանում եմ տեղեկացնել, որ Սիրիայի նախագահը մեր երկրի ղեկավարությանը դիմել է ռազմական օգնության տրամադրման խնդրանքով: Այսպիսով՝ կարելի է արձանագրել, որ ահաբեկչության դեմ, իհարկե, պետք է պայքարել, միավորել ջանքերը, սակայն դրա հետ մեկտեղ անհրաժեշտ է պահպանել միջազգային իրավունքի նորմերը»,- լրագրողներին ասել է Իվանովը:

Ռուսաստանի ռազմական դոկտրինի համաձայն՝ Ռուսաստանն իրավազոր է համարում զինված ուժերի և այլ զորքերի օգտագործումը արտասահմանում երկրի կամ նրա դաշնակիցների նկատմամբ ագրեսիայի դեպքում; ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ խաղաղության պահպանման (վերականգնման); հավաքական անվտանգության այլ մարմինների որոշման, ինչպես նաև երկրից դուրս գտնվող իր քաղաքացիների պաշտպանության անհրաժեշտության դեպքերում:

«Սիրիայում ՌԴ ռազմաօդային ուժերի կիրառման հիմնական խնդիրը ահաբեկչության դեմ պայքարն է և այդ ջանքերում երկրի լեգիտիմ իշխանություններին աջակցությունը»,- ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե կարո՞ղ է արդյոք Ռուսաստանը երաշխավորել, որ ՌԴ ռազմաօդային ուժերը հարվածներ կհասցնեն միայն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին:

ԱՄՆ արձագանքը

Ռուսաստանի Դաշնությունում ԱՄՆ-ի դեսպանությունն արձագանքել է ռուսական զինուժը Սիրիայում օգտագործելու վերաբերյալ Դաշնային խորհրդի կողմից տրված հավանությանը: Դիվանագիտական առաքելությունը հայտարարել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Բարաք Օբաման պայմանավորվածություն էին ձեռք բերել զինվորականների միջև տեղեկատվության փոխանակման ալիքի ստեղծման շուրջ՝ կոալիցիայի և ռուսական ստորաբաժանումների միջև թյուրիմացություններից խուսափելու նպատակով: ԱՄՆ դեսպանությունից նաև ասել են, որ Մոսկվան և Վաշինգտոնն ունեն ընդհանուր շահեր այդ տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարելու հարցում:

Դամասկոսը հաստատում է՝ դիմել է Պուտինին

Սիրիայի տեղեկատվության նախարարությունը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ Դամասկոսը Մոսկվային դիմել է ռազմական օգնություն տրամադրելու խնդրանքով. այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Սիրիայի՝ տեղեկատվության նախարարի քաղաքական խորհրդական Ալի ալ Ահմադին:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում