Ռուսաստանը հարվածներ է հասցնում Սիրիայում կոնկրետ ծայրահեղական խմբավորումների դիրքերին, և այդ նշանակետերը որոշվում են սիրիական բանակի հետ համագործակցությամբ, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Նման ցանկ, անշուշտ, կա: Այդ կազմակերպությունները հայտնի են, և իհարկե թիրախների սահմանումը համակարգվում է զինված ուժերի հետ, ինչի մասին երեկ հայտարարել են պաշտպանության նախարարության ներկայացուցիչները»,- լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը:
«Կարո՞ղ է արդյոք Սիրիայի պաշտպանության նախարարությունը խորհուրդ տալ ռուսական կողմին՝ ինչ թիրախներ ընտրել հարվածների համար» հարցին պատասխանելուց ՌԴ նախագահի խոսնակը ձեռնպահ է մնացել:
Խոսնակը շեշտել է, որ լրատվամիջոցներում չափազանց շատ են ռուսաստանյան օպերացիայի մասին աղավաղված լուրերը:
«Տեղեկատվական մեխանիզմներն աշխատում են, և պետք չէ խեղաթյուրված մեկնաբանությունների զոհ դառնալ»,- ասել է Պեսկովը:
ՌԴ նախագահի խոսնակը նաև տեղեկացրել է, որ Սիրիայում Ռուսաստանի ռազմաօդային ուժերի գործողությունները ֆինանսավորում է ռուսական կողմը:
Ամերիկյան Wall Street Journal-ը, հղում անելով իր աղբյուրներին, ավելի վաղ գրել էր, որ ռուսական ռազմաօդային ուժերի հարվածների թիրախ են սիրիացի ապստամբները, [որոնց աջակցում է ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունը], ոչ թե «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
ՌԴ և ԱՄՆ արտաքին գերատեսչություններն ղեկավարներ Սերգեյ Լավրովի և Ջոն Քերիի համատեղ մամուլի ասուլիսին, BBC-ի փոխանցմամբ, հայտարարվել է, որ շուտով ռուսաստանցի և ամերիկացի զինվորականները խորհրդակցություններ կսկսեն՝ Սիրիայում «չկանխամտածված միջադեպերից» խուսափելու համար:
Սիրիայում ռուսական օպերացիայի դադարեցման կոչով է հանդես եկել ՄԱԿ-ում Սաուդյան Արաբիայի մշտական ներկայացուցիչ Աբդալլահ ալ-Մուալլիմին: Նա պահանջել է անհապաղ դադարեցնել ռմբակոծությունները՝ նշելով, որ «ոչ մի երկիր չպետք է պայքար մղի «Իսլամական պետության» դեմ՝ միաժամանակ աջակցելով սիրիական վարչակազմի ահաբեկչությանը»:
Սաուդյան Արաբիան Սիրիայում աջակցում է սուննի չափավոր ընդդիմությանը, որը պայքարում է նախագահ Բաշար Ասադի դեմ:
***
Երեկ հայտնի է դարձել, որ ռուսական ռազմաօդային ուժերը Սիրիայում՝ Լաթաքիայի ռազմակայանից, հասցրել են առաջին օդային հարվածները «Իսլամական պետության» դիրքերին: ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն տեղեկացրել է ՀԱՊԿ-ին, որ Սիրիայում օդային օպերացիայի ընթացքում ռուսական ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել ԻՊ-ի ռազմատեխնիկային, զինապահեստներին և սպառազինություններին:
Նույն օրը՝ ավելի վաղ, Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատը՝ Դաշնային խորհուրդը, միաձայն հավանություն է տվել նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկին՝ ռուսական զինուժն արտերկրում օգտագործելու վերաբերյալ: Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը հայտարարել է, որ ռազմական օգնության խնդրանքով Վլադիմիր Պուտինին դիմել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: Դամասկոսը հաստատել է այդ տեղեկությունը:
Civilnet











