Պալմիրայի Հաղթանակի կամարը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները Սիրիայի Պալմիրա քաղաքում պայթեցրել են Հին Հռոմի ժամանակաշրջանի երկուհազարամյա Հաղթակամարը:
Հնագետների համոզմամբ՝ մ.թ. 2-րդ դարում կառուցված կամարը խորհրդանշում էր կայսերական զորքերի հաղթանակներից մեկը:
Հնագույն հուշարձանների պահպանության սիրիական գործակալության ղեկավար Մաամուն Աբդուլքարիմը Reuters-ին ասել է, որ Հաղթանակի կամարը հիմնահատակ ոչնչացվել է:
Ավելի վաղ ԻՊ-ն արդեն ոչնչացրել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառված երկու տաճար. օգոստոսին պայթեցվել էր Բաալ-շամինի երկուհազարամյա տաճարը, ապա՝ Բելի հնագույն տաճարի մի մասը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ն դատապարտել է հնագույն կոթողների ոչնչացումը և տեղի ունեցածը որակել «ողբերգություն ամբողջ մարդկության համար»: ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի խոսքով՝ հուշարձանների ոչնչացումը «զինվորական հանցագործություն է»:
Պալմիրան ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ է, Մերձավոր Արևելքի ամենահայտնի ճարտարապետական համալիրներից մեկը: Ահաբեկիչները քաղաքը գրավել են այս տարվա մայիսին: Այն ժամանակ սպանվել էր ավելի քան 400 մարդ: Հունիսին ահաբեկիչներն ականապատել են Պալմիրան, իսկ հուլիսին ոչնչացրել քաղաքի հնագույն հուշարձաններից մի քանիսը: Օգոստոսի կեսին ծայրահեղականները գլխատել են Պալմիրայի ճարտարապետական համալիրի 82-ամյա տնօրեն, հայտնի հնագետ Խալեդ Ասաադին:
Դեր Զորում պայթեցված Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները տարեսկզբին Իրաքում ոչնչացրել էին ասորական մշակույթի հնագույն նմուշներ, մինչ այդ թալանել էին Մոսուլի կենտրոնական և Մոսուլի համալսարանի գրադարանները: Անցյալ տարվա սեպտեմբերի 21-ին ահաբեկիչները Սիրիայում՝ Դեր Զորում, պայթեցրել էին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին:
Բարբարոսները մշակութային ցանկացած հուշարձան համարում են հերետիկոսական և ոչնչացման ենթակա:
Civilnet











