Սիրիայում Հայաստանի դեսպանությունը Դամասկոսի «Շամ Փալաս» հյուրանոցում հոկտեմբերի 4-ին կազմակերպել է պաշտոնական ընդունելություն՝ ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ:
Ինչպես հաղորդում են ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունից, ընդունելությանը մասնակցել են Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահ Մուհամադ Ջիհադ ալ Լահամը, Սիրիայի արտաքին գործերի փոխնախարար Այման Սուսանը, հայ-սիրիական խորհրդարանական բարեկամական խմբի անդամները, Ժողովրդական ժողովի տարբեր հանձնաժողովների նախագահներ, Սիրիայի կառավարության մի շարք ներկայացուցիչներ, Սիրիայի արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, դեսպաններ, հասարակական-քաղաքական և կուսակցական գործիչներ, դիվանագետներ, մտավորականներ, լրագրողներ, դամասկոսահայ հոգևոր առաջնորդները և միությունների, ինչպես նաև քրիստոնեկան տարբեր համայնքների ներկայացուցիչներ:
Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանն իր ողջույնի խոսքում անդրադարձել է Հայաստանի` անցած տարիների ընթացքում ձեռք բերած նվաճումներին, հայ-սիրիական հարաբերություններին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին և Սիրիայի արաբ ժողովրդի՝ Ցեղասպանությունից մազապուրծ հայերին օթևանելու և ջարդերից փրկելու նվիրական ջանքերին, ինչպես նաև Սիրիայի ներքաղաքական վիճակին` նշելով. «Հայաստանը ողջունում է ցանկացած նախաձեռնություն՝ ուղղված Սիրիայում խաղաղությանը, ազգային համերաշխությանը և համընդհանուր կայունությանը»:
Միջոցառման ընթացքում դեսպան Փոլադյանը սիրիացի հայտնի հասարակական-մշակութային գործիչ, գրող Նաբիլ Տո'մեին է հանձնել ՀՀ նախագահի հրամանագրով նրան շնորհված «Երախտագիտության» մեդալը՝ հայ-սիրիական մշակութային հարաբերությունների զարգացման գործում ունեցած ավանդի համար:
Նույն օրը` առավոտյան, Սուրբ Սարգիս եկեղեցում Դամասկոսի թեմի առաջնորդ Տեր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի նախագահությամբ մատուցվել է Սուրբ պատարագ` ՀՀ Անկախության տարեդարձի կապակցությամբ:
***
Սիրիայում 2011-ից քաղաքացիական պատերազմ է ընթանում, որի հետևանքով զոհվել է ավելի քան 210 հազ. մարդ: Սիրիացի փախստականների թիվը, ՄԱԿ-ի տվյալներով, այս տարվա հուլիս ամսվա դրությամբ կազմել է ավելի քան չորս մլն մարդ:
Բազմաթիվ սիրիահայեր պատերազմի հետևանքով ապաստան են գտել Լիբանանում և Հայաստանում:
2012-2015թթ. Հայաստան է եկել շուրջ 17 000 սիրիահայ, որից շուրջ 4000-ը մեկնել է այլ երկրներ: Ներկայում Հայաստանում տարբեր գնահատականներով մոտ 12 000 սիրիահայ կա, որոնց գերակշիռ մասը բնակվում է Երևանում:
Civilnet











