Ռուսաստանի ռազմածովային ուժերի Կասպյան նավատորմը 26 հարված է հասցրել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը:
«Չորս հրթիռային նավեր 26 թևավոր հրթիռ են արձակել 11 թիրախների ուղղությամբ»,- տեղեկացրել է Շոյգուն ու հավելել, որ ըստ ստացված տվյալների՝ բոլոր թիրախները ոչնչացված են, «քաղաքացիական օբյեկտները չեն վնասվել»:
Շոյգուի խոսքով՝ սեպտեմբերի 30-ից մինչև օրս Սիրիայում հարվածներ են հասցվել ծայրահեղականների 112 օբյեկտի:
«Հարվածների ինտենսիվությունն աճում է. վերջին երկու օրերին հայտնաբերվել են մեծ քանակությամբ օբյեկտներ՝ կառավարման կետեր, զինապահեստներ, զրահատեխնիկա, զինյալների ուսումնավարժական ճամբարներ»,- հայտարարել է Շոյգուն:
***
Սեպտեմբերի 30-ին ռուսական ռազմաօդային ուժերը Սիրիայում՝ Լաթաքիայի ռազմակայանից, հասցրել են առաջին օդային հարվածները «Իսլամական պետության» դիրքերին: Նույն օրը՝ ավելի վաղ, Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատը՝ Դաշնային խորհուրդը, միաձայն հավանություն է տվել նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկին՝ ռուսական զինուժն արտերկրում օգտագործելու վերաբերյալ: Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը հայտարարել է, որ ռազմական օգնության խնդրանքով Վլադիմիր Պուտինին դիմել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: Դամասկոսը հաստատել է այդ տեղեկությունը:
Սեպտեմբերի 23-ին Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունների օրակարգի թիվ մեկ հարցը եղել է Սիրիան:
Civilnet











