1 մլրդ եվրո մեկ տարում. մոտավորապես այսքան կարող է արժենալ Ռուսաստանի օպերացիան Սիրիայում՝ օդային խմբավորման ներկայիս (50 մեքենա) ծավալի պահպանման դեպքում: Դա, զինվորական չափանիշներով, այնքան էլ մեծ գումար չէ, գրում է ռուսական «Կոմերսանտ Դենգի» պարբերականը:
Այսօրվա դրությամբ ավիացիոն խմբավորման կազմում հաշվվում է մոտ 50 մեքենա՝ Սու-30ՍՄ տեսակի չորս բազմաթիրախային կործանիչ, վեց Սու-34 և 12 Սու-24Մ տեսակի ճակատային ռմբարկու, նույնքան Սու-25 տեսակի գրոհիչ ինքնաթիռ, ինչպես նաև Մի-8 բազմաթիրախային ուղղաթիռներ և հարվածային Մի-24-ներ: ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովի խոսքով՝ Լաթաքիայի ավիաբազայում կարճ ժամկետներում լիարժեք խմբավորման ձևավորումը հնարավոր է դարձել Տարտուսում ռուսական ռազմածովային նավատորմի նյութական բազայի հիման վրա:
«Կոմերսանտ Դենգի»-ի տվյալներով՝ Լաթաքիայում ռուս զինծառայողների ներկայության համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներն ու տեխնիկան այդ պահի դրությամբ արդեն Սիրիայում էին. միայն օգոստոսի ընթացքում դեսանտական մեծ նավերը առնվազն տասն անգամ դուրս են եկել Միջերկրական ծով:
Ռուսական պարբերականը, հղում անելով ՊՆ իր աղբյուրներին, գրում է, որ ներկայում Սիրիայում 1600 ռուսաստանցի զինծառայող կա:
«Նրանցից ոչ ոք չի մասնակցելու ցամաքային օպերացիայի. մեր օգնությունը սահմանափակվում է ավիացիոն աջակցությամբ»,- նշել է աղբյուրը:
Սիրիայում ՌԴ օպերացիայի առաջին շաբաթվա արդյունքներն ամփոփել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն. հարվածներ են հասցվել Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման 112 օբյեկտի, ոչնչացվել է կառավարման 19 կետ, 12 զինապահեստ, ռազմատեխնիկայի 71 միավոր: Ռազմաօդային ուժերից բացի՝ գործի է դրվել Ռուսաստանի Կասպյան նավատորմը:
Արդյունքում որքա՞ն կարժենա Սիրիային Ռուսաստանի կողմից ցուցաբերվող ռազմական աջակցությունը՝ դեռ վաղ է ասել: ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ օպերացիայի ամբողջ ֆինանսավորումը հոգում է ռուսական կողմը: Իսկ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հավելել է, որ ամեն ինչ արվում է ՊՆ բյուջեի շրջանակում:
«Էքսպորտ Վոորուժենիի» («Սպառազինության արտահանում») պարբերականի գլխավոր խմբագիր Անդրեյ Ֆրոլովը կարծում է, որ օպերացիան, հաշվի առնելով տարածաշրջան տեղափոխված տեխնիկայի ծավալները, ամիսներ կտևի և կախված կլինի նրանից, թե որքանով Սիրիայի նախագահ Բաշար Ասադին կհաջողվի ցամաքային հարձակում կազմակերպել ԻՊ-ի դեմ:
Բացի այդ, Իրաքի խորհրդարանում անվտանգության և պաշտօանության հարցերով հանձնաժողովի ղեկավար Հաքիմ ազ Զամլիի խոսքով՝ Բաղդադը Սիրիայում ռուսական օպերացիայի հաջողության դեպքում, կարող է Մոսկվայից օգնություն խնդրել իր տարածքում ԻՊ-ի դեմ օդային հարվածների հարցում, իսկ դա նշանակում է ռուսաստանյան ավիախմբավորման ծավալի, հետևաբար նաև՝ ծախսերի ավելացում:
***
Սեպտեմբերի 30-ին ռուսական ռազմաօդային ուժերը Սիրիայում՝ Լաթաքիայի ռազմակայանից, հասցրել են առաջին օդային հարվածները «Իսլամական պետության» դիրքերին: Նույն օրը՝ ավելի վաղ, Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատը՝ Դաշնային խորհուրդը, միաձայն հավանություն է տվել նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկին՝ ռուսական զինուժն արտերկրում օգտագործելու վերաբերյալ: Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը հայտարարել է, որ ռազմական օգնության խնդրանքով Վլադիմիր Պուտինին դիմել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: Դամասկոսը հաստատել է այդ տեղեկությունը:
Օպերացիայի ժամկետների մասին ոչինչ հայտնի չէ. ՌԴ նախագահն ասել է, որ ռազմաօդային ուժերը տարածաշրջանում կգործեն այնքան ժամանակ, քանի դեռ Ասադը շարունակում է հարձակողական գործողությունները:
Civilnet











