Սիրիայի բանակը և նրա դաշնակից իրանական զորքերն ու լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման ուժերը ծրագրում են Ռուսաստանի ավիահարվածների աջակցությամբ ցամաքային ծավալուն հարձակում սկսել Հալեպի` ապստամբների ձեռքում գտնվող շրջանների վրա: Այս մասին հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով իր աղբյուրները:
Նրանց խոսքով` պատերազմող կողմերի միջև մասնատված քաղաքի վերահսկողության համար պայքարը որոշվել է սկսել օժանդակ ուժերի ժամանումից հետո: «Ակնհայտ է` այդ շրջանում իրականացվում են մեծ մարտի նախապատրաստական աշխատանքներ: Սիրիական բանակի շուրջ հսկա մոբիլիզացիա է առկա... ժամանել են «Հեզբոլլահի» էլիտար ստորաբաժանումներ, հազարավոր իրանցի զինվորներ»,- ասել է գործակալությանը իր աղբյուրներից մեկը:
Մեկ այլ` Սիրիայի կառավարությանը մոտ կանգնած աղբյուր, Reuters-ին պատմել է, որ ընդունվել է Հալեպում հարձակում սկսելու սկզբունքային որոշում. «Արդեն գաղտնիք չէ, որ հազարավոր իրանցիներ են ժամանել Սիրիա, և նրանց դերը կարևոր է»:
Գործողության մեկնարկի հստակ ժամկետներ չեն նշվում:
Ավելի վաղ Հալեպում սպանվել էր Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Հոսեյն Համեդանին, որը Սիրիայի բանակին օգնում էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում:
Նախքան քաղաքացիական պատերազմը Հալեպը Սիրիայի ամենախիտ բնակեցված քաղաքն էր, սակայն ապստամբների և սիրիական բանակի տևական դիմակայությունը շատերին ստիպեց լքել քաղաքը: Ներկայում սիրիական բանակը վերահսկում է քաղաքի արևմտյան մասը, իսկ ընդդիմության տարբեր խմբավորումները` արևելյան, քաղաքի հյուսիսում գործում են «Իսլամական պետության» զինյալները:
***
Սեպտեմբերի 30-ին ռուսական ռազմաօդային ուժերը Սիրիայում՝ Լաթաքիայի ռազմակայանից, հասցրեցին առաջին օդային հարվածները «Իսլամական պետության» դիրքերին: Նույն օրը՝ ավելի վաղ, Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատը՝ Դաշնային խորհուրդը, միաձայն հավանություն էր տվել նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկին՝ ռուսական զինուժն արտերկրում օգտագործելու վերաբերյալ: Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը հայտարարել է, որ ռազմական օգնության խնդրանքով Վլադիմիր Պուտինին դիմել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: Դամասկոսը հաստատել է այդ տեղեկությունը:
Օպերացիայի ժամկետների մասին ոչինչ հայտնի չէ. ՌԴ նախագահն ասել է, որ ռազմաօդային ուժերը տարածաշրջանում կգործեն այնքան ժամանակ, քանի դեռ Ասադը շարունակում է հարձակողական գործողությունները:
Civilnet











