Սերժ Սարգսյան-Բաշար Ասադ հանդիպում Դամասկոսում, մարտ, 2010թ.:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Ժնևում հանդիպել է Սիրիայի խորհրդարանի ղեկավար Մուհամադ Ջիհադ ալ Լահամի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Միջխորհրդարանական միության 133-րդ վեհաժողովի շրջանակում:
Ինչպես հաղորդում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից, Մուհամադ Ջիհադ ալ Լահամը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և խնդրել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի շնորհակալությունը փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: «Ռուս-սիրիական դաշինքն արդեն լուրջ հաջողություններ է գրանցել: Շնորհակալ ենք մեր կողքին լինելու, մեզ աջակցելու համար»,- ասել է Սիրիայի խորհրդարանի ղեկավարը:
Խոսելով Միջխորհրդարանական միության վեհաժողովի աշխատանքների մասին՝ նա նշել է, որ միջազգային հանրության կողմից իրենց նկատմամբ կիրառվում են երկակի ստանդարտներ:
Մուհամադ Ջիհադ ալ Լահամին Գալուստ Սահակյանին հրավիրել է Սիրիա:
Գալուստ Սահակյանն իր հերթին նշել է, որ Հայաստանը մեծ ցավ է ապրում Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ:
«Մենք Սիրիայի հետ ավելի քան բարեկամներ ենք: Մենք երբեք չենք մոռանում, որ Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերին ջերմությամբ ընդունել են Սիրիայում և ապրելու համար անհրաժեշտ պայմաններ ապահովել»,- ասել է Գալուստ Սահակյանը:
Խոսելով հայ-սիրիական խորհրդարանական փոխգործակցության մասին՝ նա նշել է, որ ՀՀ ԱԺ պատգամավորները պարբերաբար այցելում են Սիրիա, տեղում ծանոթանում իրավիճակին և մանրամասն տեղեկություններ հաղորդում իրեն:
Սահակյանը վստահեցրել է, որ ՀՀ խորհրդարանականները բոլոր միջազգային հարթակներում կշարունակեն լինել եղբայրական Սիրիայի կողքին:
Civilnet











