«Սիրիայի ազատ բանակ» ըննդիմադիր խմբավորումը (ՍԱԲ) չի մերժել Մոսկվայի օգնության առաջարկը. BBC-ի հետ զրույցում այսպիսի հայտարարություն է արել ՍԱԲ-ի պաշտոնական ներկայացուցիչ Իսսամ ալ-Ռեյսը:
«Մենք չենք մերժել առաջարկը: Մենք պարզապես ասել ենք, որ եթե ռուսների առաջարկը լուրջ է, պետք է անհապաղ դադարեցնեն մեր ռազմաբազաների և քաղաքացիական բնակչությամբ բնակեցված գոտիների ռմբակոծումը»,- ասել է Ռեյսը:
Վերջինս տեղեկացրել է, որ իրենք «այժմ օգնության կարիք չունեն. միայն հարվածների դադարեցումից հետո հնարավոր կլինի խոսել ապագա համագործակցության մասին»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Սիրիայի ազատ բանակը» պատրաստ չէ ահաբեկիչների դեմ պայքարը համակարգել Ռուսաստանի հետ:
Շաբաթ օրը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռուստահարցազրույցում հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է աջակցություն ցուցաբերել «Սիրիայի ազատ բանակ»-ին այն շրջաններում, որտեղ նրանք կռվում են ջիհադականների դեմ:
«Մենք չենք ցանկանում հաշվի առնել միայն Բաշար Ասադի կամ կոնկրետ որևէ ընդդիմության շահերը: Մենք ձգտում ենք հաշվի առնել Սիրիայի շահերը»,- ասել է Լավրովը:
ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը նաև տեղեկացրել է, որ Ռուսաստանին տեղեկատվություն «չի տրամադրվում, թե որտեղ են, ամերիկյան գնահատականներով, գտնվում ահաբեկիչները, որտեղ՝ հայրենասեր ընդդիմադիրները»:
Իդլիբի նահանգ, ընդդիմադիրների վերահսկողության տակ գտնվող Մաարեթ ալ-Նուման քաղաք
Մոսկվան պատրաստ է ՍԱԲ-ի հետ շփումների
Այն մասին, որ Ռուսաստանը պատրաստ է Մոսկվայում խորհրդակցություններ վարել «Սիրիայի ազատ բանակ»-ի հետ, դեռ հոկտեմբերի 15-ին հայտարարել էր Մերձավոր Արևելքի և աֆրիկյան պետությունների հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Բոգդանովը:
«Խնդրեմ, թող գան,- ասել է նա: - Մենք նրանց փնտրում ենք, հաճույքով շփումներ կունենանք նրանց հետ Մոսկվայում կամ այլուր, թող ասեն՝ որտեղ են»:
Օրերս ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ դժվարացել էր Սիրիայում «զանազան ահաբեկչական և ծայրահեղական կազմավորումների բազմազանությունից առանձնացնել ինչ-որ չափավոր ուժեր»:
«Գիտեք, որ Սիրիայում օպերացիայի հենց սկզբից և՛ նախագահ Պուտինը, և՛ ռուսաստանյան ներկայացուցիչները խոսել են այսպես կոչված՝ չափավոր ընդդիմության հետ փոխգործակցելու պատրաստակամության մասին: Միաժամանակ, ընդգծվել է, որ չի հաջողվում զանազանել այդ ընդդիմությանը»,- նշել է Պեսկովը:
ՌԴ նախագահի խոսնակը նաև տեղեկացրել է, որ այդ փնտրտուքներում ՌԴ-ին չեն օգնում ոչ ամերիկացի, ոչ էլ՝ եվրոպացի գործընկերները: Երկրորդելով Պուտինին՝ Պեսկովն ասել է, որ «անհնար է լինել չափավոր կամ ոչ չափավոր ահաբեկիչ»:
Անցյալ շաբաթ ելույթ ունենալով «Վալդայ» Միջազգային քննարկումների ակումբի նիստին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել ահաբեկիչների հարցում ձեռնպահ մնալ բառախաղից. «Կցանկանայի իմանալ՝ ո՞րն է տարբերությունը: Թերևս այն, բազմաթիվ մասնագետների կարծիքով, որ չափավոր հրոսակները չափավոր քանակով և նուրբ ձևով են գլխատում մարդկանց»:
Ասադն անակնկալ այցով՝ Մոսկվայում
***
Սեպտեմբերի 30-ին ռուսական ռազմաօդային ուժերը Սիրիայում՝ Լաթաքիայի ռազմակայանից, հասցրել են առաջին օդային հարվածները Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերին: Նույն օրը՝ ավելի վաղ, Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատը՝ Դաշնային խորհուրդը, միաձայն հավանություն է տվել նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկին՝ ռուսական զինուժն արտերկրում օգտագործելու վերաբերյալ: Հոկտեմբերի 7-ին օպերացիայում ներգրավվել է նաև ՌԴ ռազմածովային նավատորմը: Օպերացիայի սկզբից Արևմուտքը պարբերաբար հայտարարել է, որ ՌԴ-ն Սիրիայում թիրախավորում է ոչ թե «Իսլամական պետությանը», այլ չափավոր ընդդիմությանը: Սպիտակ տունը Ռուսաստանին կոչ է արել «օդային հարվածներն ավելի ճշգրիտ ուղղել»:
Հոկտեմբերի 20-ին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չհայտարարված այց է կատարել Մոսկվա, որտեղ նեղ և ընդլայնված կազմով բանակցություններ են ընթացել ռուսական կողմի հետ: Արևմուտքը բավական սուր է արձագանքել Ասադի մոսկովյան այցին՝ Պուտինին մեղադրելով Սիրիայի նախագահին «կարմիր գորգով» ընդունելության արժանացնելու համար:
Ստելլա Մեհրաբեկյան
Civilnet











