Սիրիայում ռուսական Սու-25 գրոհիչներ
Ռուսաստանը Սիրիայում տեղակայել է զենիթահրթիռային համակարգեր այդ երկրում իր դիրքերին հնարավոր հարձակումներին դիմագրավելու նպատակով, այսպիսի հայտարարություն է արել Ռուսաստանի Դաշնության օդային-տիեզերական ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Վիկտոր Բոնդարյովը «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի հետ զրույցում:
«Մենք հաշվարկել ենք բոլոր հնարավոր սպառնալիքները: Այնտեղ տեղակայել ենք ոչ միայն կործանիչներ, գրոհիչներ, ռմբարկուներ, հրթիռներ, այլև զենիթահրթիռային համակարգեր, քանի որ կարող են լինել տարբեր ֆորս-մաժորային իրավիճակներ»,- ասել է Բոնդարյովը:
Ինչպես պարզաբանել է գեներալը, այդպիսի արտառոց իրավիճակների թվում է ինքնաթիռի հափշտակումը կամ Սիրիայում ռուս զինծառայողների դեմ հարվածները:
Հարցին, թե ինչով էր պայմանավորված Սիրիայում նախևառաջ ինքնաթիռներ և հրթիռներ օգտագործելու վերաբերյալ որոշումը, Բոնդարյովը պատասխանել է, որ «ամեն օր հրթիռակոծելը ծախսատար է, ԻՊ-ն էլ չափազանց շարժական հրոսակախումբ է, որը փոխադրվում է մեքենաներով, մոտոցիկլետներով, հեծանիվներով, ավանակներով»:
Վիկտոր Բոնդարյով
«Ամեն հարվածից հետո նրանք դիրքափոխվում են: Այլ բան է ավիացիան»,- ասել է ՌԴ օդային-տիեզերական ուժերի գլխավոր հրամանատարը:
Բոնդարյովը նաև հերքել է լրատվամիջոցներում տեղ գտած լուրերն այն մասին, որ Սիրիայում հրթիռների պակաս կա:
Ռուսաստանի օպերացիան Սիրիայում
Սեպտեմբերի 30-ին ռուսական ռազմաօդային ուժերը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով Լաթաքիայի ռազմակայանից հասցրել են առաջին օդային հարվածները Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերին: Նույն օրը՝ ավելի վաղ, Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատը՝ Դաշնային խորհուրդը, միաձայն հավանություն էր տվել նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկին՝ ռուսական զինուժն արտերկրում օգտագործելու վերաբերյալ: Հոկտեմբերի 7-ին օպերացիայում ներգրավվել է նաև ՌԴ ռազմածովային նավատորմը: Օպերացիայի սկզբից ի վեր ռուսաստանցի օդաչուները ոչնչացրել են ահաբեկիչների ավելի քան երկու հազար օբյեկտ: Ռուսաստանը հայտարարել է, որ Սիրիայում ցամաքային գործողություններ սկսելու մտադրություն չունի:
Օպերացիայի տևողությունը
Նոյեմբերի 4-ին ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը հայտարարել է, որ օպերացիայի տևողությունը սահմանափակվում է ահաբեկիչների դեմ սիրիական բանակի հարձակողական գործողությունների անցկացման ժամկետներով:
Ըստ պաշտոնյայի՝ հարվածները հասցվում են բացառապես ահաբեկիչների դիրքերին:
«Այսպես կոչված՝ «չափավոր ընդդիմության» դիրքերին հարվածներ չեն հասցվում»,- ասել է Անտոնովը:
ՌԴ-ն Սիրիայում հրետանի է տեղակայում. Նուլանդ
ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը հայտարարել է, որ Ռուսաստանը Սիրիայում հրետանի է տեղակայում: Վերջինս ասել է, որ Ռուսաստանը ծանր զինտեխնիկա է տեղակայում Հոմս և Համա քաղաքներում:
Ամերիկացի պաշտոնյան նաև տեղեկացրել է, որ սիրիական օպերացիայի վրա Ռուսաստանը օրական 2-4 մլն դոլար է ծախսում: Միևնույն ժամանակ, Նուլանդը Մոսկվային համագործակցության կոչ է արել:
Civilnet











