Կանադական լրատվամիջոցները լայնորեն լուսաբանում են, թե ինչպես է Տորոնտոյի հայ համայնքը գրկաբաց ընդունում Կանադա ժամանող սիրիահայ փախստականներին:
Global News հեռուստատեսության հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես են Կանադայի վարչապետ Ջասթին Թրուդոն և Օնտարիոյի նահանգապետը օդանավակայնում դիմավորում սիրիահայ Ժամկոչյաններին:
"Welcome to your new home:" Justin Trudeau greets Syrian refug...Prime Minister Justin Trudeau and Ontario Premier Kathleen Wynne greet Syrian refugees upon their arrival in Toronto. Trudeau and Wynne shared a touching moment with the family's young daughter as they presented her with a teddy bear. Learn more - http://glbn.ca/VKrU9Posted by Global News on Thursday, December 10, 2015
Կառավարության արտոնությամբ՝ Հայ կենտրոնը վերջին երկու տարիների ընթացքում շուրջ 2500 սիրիահայերի հովանավորելու դիմում է ներկայացրել: Այդ մարդիկ ստիպված լքել են իրենց տները Սիրիայում պատերազմական գործողությունների պատճառով: Մոտ 1300 դիմում արդեն հաստատված է, իսկ մոտ 300-ն արդեն հյուրընկալվել են այս տարի:
Հայ կենտրոնի վերաբնակեցման ծրագրի պատասխանատու Աբգար Միրաքյանի խոսքով` դիմումները շարունակում են հեղեղել գրասենյակը: «Փախստական ընտանիք հովանավորել, նշանակում է լիովին պատասխանատվություն վերցնել նրանց վերաբնակցեման համար: Հովանավորները պետք է տրամադրեն հագուստ, տրանսպորտ, ընտանիքի անդամների համար լուծեն դպրոցի և աշխատանքի հարցը, և ադ ամենը՝ առանց կանադական կառավարության օգնության: Տեղի հայկական մասնավոր դպրոցը համաձայնել է անվճար կրթություն տրամադրել փախստականների երեխաներին առաջին տարվա ընթացքում»,- Global News հեռուստատեսությանն ասել է Միրաքյանը: «Շատ հոգնեցուցիչ է, բայց նաև՝ գոհացուցիչ: Գիշերը տուն գնալով՝ գիտակցում ես, որ այսօր ևս լավ գործ ես արել»:
Իսկ Տորոնտոյի հայկական դպրոցի փոխտնօրեն Րաֆֆի Սարգսյանը Global News-ին ասել է, որ փախստական ընտանիքներից արդեն շուրջ 30 աշակերտ ունեն:
«Մենք ցանկանում ենք վստահ լինել, որ իրենց տները կորցրած այս երեխաները երկրորդ տուն կգտնեն այստեղ, և որ մենք կարողանանք ինչ-որ չափով հեշտացնել նրանց անցումը կանադական կենսակերպին»,- ասել է Սարգսյանը:
Սիրիացի փախստական երկու ընտանիքների հովանավոր Գրեգ Շիթիլյանի խոսքով, հայերի այս մարդասիրական քայլի հետևում ավելի խորքային պատճառ կա: «Իմ հայրը և նրա ընտանիքը փախստականներ են եղել 1915 -1920 թթ.՝ Արևմտյան Հայաստանից փախչելով Սիրիա: Սիրիացիներն ընդունեցին մեզ՝ քրիստոնյաներիս, և այժմ նրանք են հայտնվել նման դժվար իրավիճակում, ստիպված փախչելով հարևան երկրներ, երեխաների հետ… Շատ ցավալի է»,- The Toronto Star թերթին ասել է Շիթիլյանը:
Իսկ Տորոնտոյի բնակիչ Տիգրան Թորոսյանը հազիվ է զսպում արցունքները՝ պատմելով, թե ինչպես Կանադան մեկ դար առաջ ընդունեց Օսմանյան Թուրքիայից մազապուրծ փախչող հայերին: Նա այժմ 40 փախստականների է հրավիրում, որոնցից 12-ն արդեն ժամանել են Կանադա:
Թորոսյանն օգնում է նրանց կեցության և աշխատանքի հարցում: Նրանցից մի քանիսին տեղավորել է իր լիբանանյան ռեստորանում, իսկ երեխաներին նույնիսկ դպրոց է տանում և բերում:
Մախսուդյան ընտանիքն ու Ներսեսյան ընտանիքը, որոնք Սիրիայից Կանադա են եկել օգոստոսին ու սեպտեմբերին, սկզբում ապրում էին Շիթիլյան ընտանիքի հետ՝ նրանց տանը: Հիմա արդեն բնակվում են առանձին և պարբերաբար ստանում Շիթիլյանների օժանդակությունը, մինչև կհարմարվեն Կանադայի կյանքին:
Փախստականներին ձեռք մեկնած Գրեգ Շիթիլյանն ասում է, որ բոլորն են ցանկանում օգնել՝ ընկերները, հարևանները: Մինչ նա սպասում էր սիրիահայ ընտանիքների ժամանմանը, արդեն այնքան կահույք ու հագուստ էր ստացել բարեգործ անհատներից, որ դրանց մի մասը ստիպված էր տեղավորել ավտոտնակում: «Նման գործի հաջողության համար ամբողջ համայնքի համատեղ ջանքերն են պետք»,- ասում է նա:
Լորիկ Գարբուշյան-Քաթրջյանը Կանադա է եկել Սիրիայից 10 տարի առաջ: Նրա ու համայնքի կողմից հովանավորվող ընտանիքների մեծ մասը ամեն ինչ ունեին Սիրիայում, սակայն կորցրին ամեն ինչ քաղաքացիական պատերազմի հետևանքով:
«Իմ ծնողներն ու պապերը եկան այս երկիր և ստացան օգնություն, հիմա ես հենվում եմ նրանց փորձի վրա»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ հայ համայնքը ճգնաժամերի ժամանակ միշտ էլ պատրաստակամ է եղել օգնելու ու աջակցելու: Սա հայ համայնքի համար նոր բան չէ:
***
Global News հեռուստատեսության տեսանյութը պատմում է, թե ինչպես են կանադահայերը տեղավորում երկիր ժամանող սիրիահայերին:
Civilnet











