Գլխավոր Լրահոս

Ռուսաստանը Սիրիայում հրադադար է առաջարկում, սակայն մտադիր չէ «ներողություն խնդրել»

Ռուսաստանը Սիրիայում հրադադար է առաջարկում, սակայն մտադիր չէ «ներողություն խնդրել»

Ռուսաստանն առաջարկել է մարտի 1-ից Սիրիայում հրադադար հաստատել. այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով արևմտյան իր դիվանագիտական աղբյուրները: Ըստ տեղեկության՝ Ռուսաստանի այդ առաջարկի շուրջ դեռ որևէ համաձայնություն չի կայացվել:

Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի հետ զրույցում ասել էր, որ Մոսկվան Վաշինգտոնին առաջարկել է հրադադարի սխեմա, որի շուրջ Սպիտակ տունն աշխատում է: 

Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը տեղեկացրել է, որ այսօր Մյունխենում Սիրիայի հարցով Միջազգային խմբի հանդիպմանը Ռուսաստանը հանդես կգա առաջարկներով: Չուրկինի խոսքով՝ Ռուսաստանը չպետք է ներողություն խնդրի Սիրիայում ընթացող օպերացիայի համար:

«Մենք թափանցիկ ենք գործում…, մեր ներկայությունն այնտեղ օրինական է՝ Սիրիայի կառավարության հրավերով»,- ասել է Չուրկինը:

Մոսկվայի հասցեին հնչող մեղադրանքներին, թե Ռուսաստանն իր ավիահարվածներով մեծացնում է դեպի Եվրոպա փախստականների հոսքը, երեկ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հակադարձել է՝ ասելով.

«Ի՞նչ կապ ունի Ռուսաստանը: Խնդիրն այն է, որ քանի դեռ իրավիճակը Սիրիայում չի կարգավորվել, հնարավոր չէ կանգնեցնել փախստականների հոսքը»:

ԱՄՆ-ը Ռուսաստանի ռազմական-տիեզերական ուժերին մեղադրում է Սիրիայում չկառավարվող ռումբեր օգտագործելու մեջ, որոնք, ըստ Վաշինգտոնի պնդումների, սպանում են խաղաղ բնակիչներին:

Մոտ 160 մարդասիրական կազմակերպություններ, այդ թվում՝ ՄԱԿ-ի գործակալությունները, փետրվարի 10-ին հանդես են եկել Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման և հակամարտությունից տուժած մարդկանց օգնություն տրամադրելու կոչով:

«Մոտ հինգ տարի առաջ հակամարտության սկսվելուց ի վեր սպանվել է ավելի քան 250 հազ. տղամարդ, կին և երեխա, 17 մլն մարդ մարդասիրական օգնության կարիք ունի, միլիոնավոր սիրիացիներ փախել են երկրից»,- ասված է ՄԱԿ-ի կենտրոնակայանի տարածած հաղորդագրության մեջ:

Կոչին միացել է ավելի քան 2,2 մլն մարդ ամբողջ աշխարհից՝ ստորագրելով խնդրագիր և հանդես գալով տեսաուղերձով, որում միջազգային հանրությանը կոչ է արվում դադարեցնել բռնությունը Սիրիայում:

Reuters-ը, հղում անելով Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խմբին, գրում է, որ փետրվարի սկզբից Սիրիայի բանակի և նրա դաշնակիցների գործողությունների արդյունքում Հալեպում սպանվել է առնվազն 500 մարդ, որոնցից առնվազն 100-ը խաղաղ բնակիչներ էին:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարել է, որ Հալեպում ռազմական գործողությունների ակտիվացման արդյունքում տեղահանվել է մոտ 50 հազ. մարդ: Կոմիտեի տվյալներով՝ մարդասիրական իրավիճակը քաղաքում վատթարացել է: Հազարավոր մարդիկ կուտակվել են Թուրքիայի հետ սահմանին:

Փետրվարի 11-ին Մյունխենում կկայանա Սիրիայի հարցով Միջազգային խմբի հանդիպումը, որին կքննարկվեն հակամարտության կարգավորման ուղղությամբ հետագա քայլերը:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում