Գլխավոր Լրահոս

Պետք չէ վախեցնել Սիրիայում ցամաքային պատերազմով. Դմիտրի Մեդվեդև

Պետք չէ վախեցնել Սիրիայում ցամաքային պատերազմով. Դմիտրի Մեդվեդև

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Մյունխենում անվտանգության համաժողովի ավարտին ծավալուն հարցազրույցներ է տվել Euronews հեռուստաալիքին և Time ամսագրին, որոնցում շարադրել է ՌԴ դիրքորոշումը սիրիական հակամարտության, Արևմուտքի հետ հարաբերությունների, Ռուսաստան-ԱՄՆ երկխոսության և այլ հարցերի շուրջ:

Մեդվեդևը, մասնավորապես, ասել է, որ Սիրիայում ռազմական գործողությունների վերաբերյալ Մոսկվան իր որոշումներն ընդունելու է՝ «ելնելով իր ազգային շահերից, Դամասկոսի հետ պայմանավորվածություններից և կախված իրավիճակի զարգացումից»:

Ռուսաստանի վարչապետն ասել է, որ Ռուսաստանը մտադիր չէ «անվերջ» օպերացիա վարել Սիրիայում և կոչ է արել մյուս կողմերին «չվախեցնել» ցամաքային ուժեր տեղակայելու հնարավորությամբ:

«Եթե նա [ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին] ցանկանում է այնտեղ տևական պատերազմ ստանալ, ապա, իհարկե, կարող է կազմակերպել և՛ ցամաքային գործողություններ, և՛շատ այլ բաներ, սակայն պետք չէ որևէ մեկին վախեցնել»,- նշել է Մեդվեդևը:  Նա կարծում է, որ Սիրիայում հակամարտության կողմերին «պետք է փակել աչքերը փոխադարձ վիրավորանքների վրա» և նստել բանակցությունների սեղանի շուրջ, որոնց պետք է մասնակցի նաև Բաշար Ասադը:

«Մեզանից ոչ մեկին նոր Լիբիա հարկավոր չէ, որը տրոհվեց մի քանի մասի, կամ քաոս, երբ այս կամ այն տարածքը գլխավորում են դաշտային հրամանատարները, պարզ ասած՝ ավազակներ՝ ինչ կրոնական հռետորաբանությամբ էլ որ քողարկվեն»,- ասել է Դմիտրի Մեդվեդևը:

Արևմուտքի և Ռուսաստանի փոխադարձ պատժամիջոցների մասին Մեդվեդևը կարծում է, որ «ողջամիտ կլիներ դրանց միաժամանակյա վերացումը»: ՌԴ վարչապետը կրկնել է միտքը, որ պատժամիջոցները «Ռուսաստանը չէ, որ հորինել է, և նա չէ, որ պետք է դրանք չեղարկի»:

«Պետք է խիզախություն հավաքել և ասել՝ «գիտեք, տղանե՛ր, վե՛րջ, մենք դրանք այսինչ ժամկետից դադարեցնում ենք և ձեզ խնդրում ենք կասեցնել պատասխան քայլերը»: Դա ճիշտ մոտեցում կլինի»,- հայտարարել է ՌԴ կառավարության ղեկավարը:

Նա միևնույն ժամանակ խոստովանել է, որ պատժամիջոցներն ազդել են երկրի տնտեսաության վրա, ընկերություններն ու բանկերը զրկվել են արևմտյան ֆինանսավորումից, սակայն սահմանափակումները թույլ են տվել տնտեսության «առողջացման գործընթաց սկսել»:

Արևմուտքի և Հյուսիսատլանտյան դաշիքնի հետ Ռուսաստանի հարաբերությունների մասին Մեդվեդևն ասել է, որ Մոսկվան պնդում է՝ անհրաժեշտ է «հավասար հիմունքներով երկխոսություն»:

Դմիտրի Մեդվեդևի գնահատմամբ՝ ռուսաստանյան Սու-24-ի վրա հարձակմամբ Թուրքիան «հարվածի տակ է դրել ոչ միայն իրեն, այլև ամբողջ Հյուսիսատլանտյան դաշինքը»:

Անդրադառնալով սառը պատերազմի մասին մտքին՝ ՌԴ վարչապետը նշել է, որ «ոչ մի տեղ չի ասել, որ նոր սառը պատերազմ է սկսվել»:

«Ես ասել եմ, որ ՆԱՏՕ-ի գործողությունները դրդում են նոր սառը պատերազմի: Ես դա եմ ասել և պատրաստ եմ վերահաստատել»,- հավաստիացրել է ՌԴ կառավարության ղեկավարը:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում