Փետրվարի 24-ին Ռուսաստանի և Սիրիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Բաշար Ասադի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց, որի ընթացքում քննարկվել է սիրիական հակամարտության կարգավորումն ու ռուս-ամերիկյան համաձայնությունը՝ փետրվարի 27-ին Սիրիայում հրադադար հաստատելու վերաբերյալ:
Կրեմլի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Բաշար Ասադը ռուս-ամերիկյան համաձայնությունը համարել է «կարևոր քայլ քաղաքական կարգավորման ուղղությամբ»:
«Ասադը, մասնավորապես, հաստատել է սիրիական կառավարության պատրաստակամությունը՝ հրադադարի հաստատմանը նպաստելու հարցում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կրեմլը նաև հաղորդում է, որ Վլադիմիր Պուտինն ու Բաշար Ասադը ընդգծել են «Իսլամական պետության», «Ջաբհաթ Ալ-Նուսրա»-ի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան ցանկում ներառված ահաբեկչական այլ խմբավորումների դեմ «անզիջում պայքարի շարունակության կարևորությունը»:
Այսօրվա ընթացքում Վլադիմիր Պուտինն, ըստ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի, կանցկացնի մի շարք միջազգային բանակցություններ Սիրիայում իրավիճակի վերաբերյալ:
«ՌԻԱ նովոստի» գործակալությունը, հղում անելով ՌԴ ԱԳՆ-ի իր աղբյուրներին, հաղորդում է, որ այսօր, ըստ էության, մեկնարկել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի՝ Սիրիայի հարցով կայացրած համաձայնությունը:
Սիրիայում հրադադարի ռեժիմը պետք է հաստատի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը: Համապատասխան բանաձևի տեքստը պետք է համատեղ մշակվի Ռուսաստանի ու ԱՄՆ-ի կողմից:
Ավելի վաղ ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Բարաք Օբաման հայտարարել էին Սիրիայում հրադադարի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու մասին: Հրադադարն ուժի մեջ կմտնի փետրվարի 27-ին:
Սակայն ինչպես նշում է New York Times-ը, չնայած Դամասկոսի և ընդդիմության՝ հրադադար սկսելու ցանկությանը՝ համաձայնությունում կան սողանցնքեր, որոնք սիրիական վարչակարգին թույլ են տալիս հարձակումներ գործել հակառակորդների վրա:
Իսկ ահա Պենտագոնն ու ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը չեն հավատում, որ Մոսկվան կպահպանի հրադադարի պայմանները, գրում է Wall Street Journal-ը:
Բրիտանական Guardian-ն էլ նշում է, որ ԱՄՆ-ը մշտապես ունի պլան «Բ». պետքարտուղար Ջոն Քերիի խոսքով՝ եթե հրադադարի ռեժիմը չսկսի գործել առաջիկա օրերին, Վաշինգտոնը կարող է փոխել ռազմավարությունը Սիրիայում:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով նման կասկածները, հայտարարել է, որ «դրանք պատերազմի, ոչ թե խաղաղության կոչ են»:
Civilnet











