Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել է մարտի 15-ից սկսել ռուսական հիմնական ուժերի դուրսբերումը Սիրիայից:
«Կարծում եմ` պաշտպանության նախարարության և զինված ուժերի առջև դրված առաջադրանքն ընդհանուր առմամբ կատարվել է, ուստի հրահանգում եմ վաղվանից սկսել մեր հիմնական ռազամական խմբավորման դուրսբերումը Սիրիայի Արաբական Հանրապետությունից: Եվ արտգործնախարարությանը խնդրում եմ ինտենսիվացնել Ռուսաստանի Դաշնության մասնակցությունը սիրիական խնդրի լուծման խաղաղ գործընթացի կազմակերպման հարցում»,- Կրեմլի պաշտոնական կայքի հաղորդմամբ` մարտի 14-ին ասել է Պուտինը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանը:
«Մեր հենակետերը` ծովայինը` Տարտուսում, և ավիացիոնը` «Հմեյմիմ» օդակայանում, կգործեն նախկին ռեժիմով: Դրանք պետք է հուսալի կերպով պաշտպանված լինեն ցամաքից, ծովից և օդից»,- հավելել է Ռուսաստանի նախագահը:
Նրա խոսքով` ռուսական մնացյալ զորքերը կզբաղվեն հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողությամբ:
Պուտինը հույս է հայտնել, որ այս որոշումը լավ ազդակ կլինի հակամարտող բոլոր կողմերի համար: «Հուսով եմ` սա զգալի կբարձրացնի Սիրիայում հաշտեցման գործընթացի բոլոր մասնակիցների վստահության մակարդակը և կնպաստի խաղաղ միջոցներով սիրիական խնդրի լուծմանը»,- ասել է նա:
Ռուսաստանը Սիրիայում ռազմական ավիաարշավը սկսել էր անցյալ տարվա սեպտեմբերի 30-ին: ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրներ բազմիցս հայտարարել են, որ ռուս զինվորականների հիմնական թիրախը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ կռվող չափավոր ապստամբներն են: Իրավապաշտպան կազմակերպությունները նույնպես Մոսկվային մեղադրել են խաղաղ բնակիչների սպանության և քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացման մեջ:
Մոսկվան հետևողականորեն հերքել է այս բոլոր մեղադրանքները` պնդելով, որ հարվածներ է հասցրել «Իսլամական պետության» և ծայրահեղական այլ խմբավորումների դիրքերին:
Փետրվարի 27-ից Սիրիայում ուժի մեջ է մտել հրադադարի մասին համաձայնագիրը, որը, չնայած առանձին միջադեպերի, ընդհանուր առմամբ պահպանվում է: Հրադադարի ռեժիմը չի տարածվում ահաբեկչական համարվող «Իսլամական պետություն» և «Ջաբհաթ ան Նուսրա» խմբավորումների վրա:
Civilnet











