Գլխավոր Լրահոս

Մոսկվայի որոշումը «Դամասկոսի համար անսպասելի կամ անհանգստացնող չէր»

Մոսկվայի որոշումը «Դամասկոսի համար անսպասելի կամ անհանգստացնող չէր»

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խորհրդական Բուսեյն Շաաբանը Al Mayadeen հեռուստաալիքի հետ զրույցում հայտարարել է, որ ՌԴ ղեկավարության՝ Սիրիայում օդային-տիեզերական ուժերի կրճատման որոշումը Դամասկոսի համար «անսպասելի կամ անհանգստացնող չէր»:

«Մոսկվայի գործողությունները որպես Դամասկոսի վրա ճնշում գործադրելու փորձ որակելը որևէ հիմք չունի: Ռուսաստանի որոշումը ընդունվել է Սիրիայի ղեկավարության հետ խորհրդակցությունների արդյունքում և հաշվի առնելով իրավիճակը ռազմաճակատներում»,- հայտարարել է Շաաբանը՝ շեշտելով, որ «ոչ ոք չի կարող Սիրիային և նրա ժողովրդին պարտադրել մի համաձայնություն, որը սիրիական կառավարության հավանությանը չի արժանացել»:

Ասադի խորհրդականը հերքել է նաև Սիրիայի հնարավոր դաշնայնացման մասին պնդումները:

***

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել է մարտի 15-ից սկսել ռուսական հիմնական ուժերի դուրսբերումը Սիրիայից: Պուտինի խոսքով՝ պաշտպանության նախարարության և զինված ուժերի առջև դրված «առաջադրանքն ընդհանուր առմամբ կատարվել է»:

«Մեր հենակետերը` ծովայինը` Տարտուսում, և ավիացիոնը` «Հմեյմիմ» օդակայանում, կգործեն նախկին ռեժիմով: Դրանք պետք է հուսալի կերպով պաշտպանված լինեն ցամաքից, ծովից և օդից»,- նշել է Ռուսաստանի նախագահը:

Երեկ Սու-34 ռմբակոծիչ ինքնաթիռների առաջին խմբաքանակը Սիրիայի «Հմեյմիմ» ավիաբազայից վերադարձել է Վորոնեժ քաղաք:

Վերլուծաբանները հակված են մտածելու, որ Սիրիայից ռազմաօդային ուժերը դուրս բերելու մասին Պուտինի անսպասելի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան դիվանագիտական ժեստ, որը համընկել է Ժնևում Սիրիայի հարցով բանակցությունների հերթական փուլի հետ: Բացի այդ, խոսք չի գնում ռուսական զինված ուժերն ամբողջությամբ դուրս բերելու մասին: Մեկ այլ շրջանառվող վարկածի համաձայն՝ Ռուսաստանն այլևս ֆինանսապես ի վիճակի չէ շարունակել սիրիական արշավը:

Ինչպես գրել է «РБК» պարբերականը, Ռուսաստանի ծախսերը Սիրիայում ռազմական օպերացիայի վրա կարող են համարժեք լինել առնվազն 38 մլրդ ռուբլիի (ավելի քան կես միլիարդ դոլար):

«Սիրիական արշավի 167 օրերի ընթացքում օպերացիայի մեկ օրվա գինը կարող էր աճել մեկուկես անգամ»,- գրում է «РБК»-ն՝ հիմք ընդունելով ՌԴ պաշտպանության նախարարության հրապարակած տվյալներն ու փորձագետների գնահատականները:

Ըստ պարբերականի՝ 2015-ի հոկտեմբերին օպերացիայի մեկ օրվա գինը կազմել է մոտ 2,5 մլն դոլար: Հաշվարկներում հաշվի է առնվել թռիչքների ծախսը, աշխատավարձերը, բեռների առաքումը և այլ տարատեսակ ծախսեր:

Bloomberg գործակալության փորձագետներն էլ կարծում են, որ Սիրիայից զորքերի դուրսբերումը Մոսկվային անհրաժեշտ էր Դամասկոսին ստիպելու, որ ավելի ճկուն լինի:

Գործակալության հետ զրույցում վերլուծաբանները կարծիք են հայտնել, որ այդ քայլը կարող է լրջորեն բարդացնել Մոսկվայի և Թեհրանի հարաբերությունները. Ռուսաստանը, ըստ ամենայնի, հոգնել է Սիրիայի նախագահի անզիջում լինելուց, մինչդեռ Թեհրանը շարունակում է լիովին աջակցել Բաշար Ասադին:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում