Հայաստանի զարգացման նախաձեռնություններ (IDeA) հիմնադրամը պատրաստ է ֆինանսական աջակցություն առաջարկել սիրիահայ փախստականներին Հայաստան տեղափոխելու համար։
«Հետևելով Սիրիայում, մասնավորապես՝ Հալեպում շարունակվող բռնությանը` մենք պարտավորություն ենք զգում ֆինանսական աջակցություն առաջարկել սիրիահայ փախստականներին Հայաստան տեղափոխելու համար: Այդ նպատակով մենք պատրաստ ենք միավորել ջանքերը աշխարհի տարբեր մասերում գործող այլ կազմակերպությունների և անհատների հետ: Ցավում ենք և մտահոգ ենք այժմ Սիրիայում գտնվողների համար: Պետք է գործել հենց հիմա: Նույնիսկ նրանք, ովքեր մարտական գործողությունների վերջին տարիների ընթացքում մնացել էին այնտեղ, այժմ ապահով ապաստան են փնտրում: Մենք պարտավոր ենք օգնել նրանց»,- ասված է սիրիահայերի իրավիճակի վերաբերյալ IDeA հիմնադրամի տարածած հայտարարությունում։
«Այս հարցում մեզ միացել են մի քանի մասնավոր հիմնադրամներ և մենք աշխատում ենք Հայաստանի կառավարության հետ, որպեսզի համոզված լինենք, որ Հայաստան ժամանողները կստանան անհրաժեշտ հիմնական պետական աջակցություն, կկարողանան օրինական ապաստան հայցել Հայաստանում: Ցեղասպանությանը հաջորդող տարիներին հալեպահայերն էին հայությանն առաջինը փրկության ձեռք մեկնողները: Այսօր նրանք ունեն այդ փրկության կարիքը»,- հայտարարել է IDeA հիմնադրամը։
IDeA հիմնադրամը ստեղծել է գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանը՝ կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հետ։
Լուսանկարը՝ nbcnews.com կայքից
Civilnet











