Գլխավոր Լրահոս

Հալեպից ցանկացած հայ պետք է ունենա Հայաստան տեղափոխվելու հնարավորություն․ «Համախմբում»

Հալեպից ցանկացած հայ պետք է ունենա Հայաստան տեղափոխվելու հնարավորություն․ «Համախմբում»

«Համախմբում» կուսակցությունը հանդես է եկել հալեպահայության խնդրի վերաբերյալ հայտարարությամբ, որում նշում է, որ Հալեպում ապրող ցանկացած հայ ցանկության դեպքում պետք է ունենա քաղաքից հեռանալու և Հայաստան տեղափոխվելու նյութական և տեխնիկական հնարավորություններ։

«Հալեպում ակնհայտորեն վիճակն այսօր օրհասական է, և հալեպցիների, այդ թվում՝ հալեպահայերի անվտանգությունն էապես խաթարված է:

Դժբախտաբար, Հալեպը դարձել է Սիրիայի հակամարտությանը ներգրավված ուժերի գլխավոր կռվախնձորը, որը և էապես մեծացնում է, թերևս, համեմատաբար քիչ տուժած քաղաքի արևմտյան հատվածը՝ արևելյանի դաժան ճակատագրին արժանանալու հավանականությունը:

Համաձայն լավատեղյակ աղբյուրների՝ այսօր Հալեպում դեռ ապրում է 8-10 հազար հայ՝ հիմնականում կենտրոնացած քաղաքի արևմտյան թաղամասերում: Այս իրավիճակը, բնականաբար, պետք է մտահոգի բոլորին, և ողջունելի են հայկական տարբեր կազմակերպությունների գործնական քայլերը հալեպահայությանն աջակցելու համար:

Հակամարտության առաջին օրվանից էլ հակասական մոտեցումներ են եղել հալեպահայերի՝ քաղաքում մնալ-չմնալու հարցում՝ հաշվի առնելով Սիրիայի կառավարության և ընդդիմության՝ այս հարցում ունեցած դիրքորոշումը և հնարավոր արձագանքը, ինչպես նաև մտահոգվելով հալեպահայ գաղութի դատարկման հեռանկարով:

Հաշվի առնելով այսօր ստեղծված ծանր իրավիճակը՝ խնդրի լուծման բանաձևը, մեր համոզմամբ, հետևյալն է: Հալեպում ապրող ցանկացած հայ ցանկության դեպքում պետք է ունենա քաղաքից հեռանալու և Հայաստան տեղափոխվելու նյութական և տեխնիկական հնարավորություններ»,- նշում է կուսակցությունը՝ ՀՀ իշխանություններին, բարեգործական հիմնադրամներին և ունևոր անհատներին կոչ անելով գործուն և համակարգված աջակցություն ցուցաբերել վերոհիշյալ խնդրի լուծման համար:

«Համախմբում» հավելում է, որ պատրաստ է իր ներդրումն ունենալ այս խնդրի լուծմանը:

***

Վերջին մի քանի շաբաթներին Հալեպի հայությունը, ինչպես քաղաքի ամբողջ բնակչությունը, պատերազմական գործողությունների ուժգնացման հետևանքով հայտնվել է օրհասկան վիճակում։

Հոկտեմբերի սկզբին սիրիահայերին Հայաստան տեղափոխման հարցում ֆինանսապես աջակցելու պատրաստակամություն էր հայտնել Հայաստանի զարգացման նախաձեռնություններ (IDeA) հիմնադրամը։ Նախօրեին հիմնադրամը հայտարարեց, որ սիրահայերին աջակցելու համար տրամադրում է 250 հազ․ դոլար և սկսում է դրամահավաքի արշավ։  

Հալեպում սեպտեմբերի վերջից սրված իրադրության կապակցությամբ ավելի վաղ Հայաստանից Սիրիա էր ուղարկվել մարդասիրական օգնությամբ բեռնված երկու ինքնաթիռ։

Հալեպում տիրող իրադրության և սիրիահայերին առնչվող խնդիրների վերաբերյալ կարդացեք նաև Հալեպում վիճակը օրհասական է, մեծ է Հայաստանում հաստատվել ցանկացողների թիվը. հալեպահայ գործիչ, «Հալեպում հավատում են Ռուբեն Վարդանյանի խոստմանը և անհամբերությամբ սպասում դրա իրագործմանը», «Հալեպահայերին Հայաստան և ոչ այլ երկիր տեղափոխելը սկզբունքի հարց է, մարտահրավեր է Հայաստանում մնալը» հրապարակումները։

Լուսանկարը՝ Sputniknews.com-ի

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում