Գլխավոր Լրահոս

11 ժամ դուրս գալու համար․ Հալեպում մարդասիրական դադարն ընդհատվում է պայթյուններով ու կրակոցներով

11 ժամ դուրս գալու համար․ Հալեպում մարդասիրական դադարն ընդհատվում է պայթյուններով ու կրակոցներով

Հոկտեմբերի 19-ին Բեռլինում կայացել է նորմանդական ձևաչափով քննարկում, որի ընթացքում Ֆրանսիայի, Գերմանիայի և Ռուսաստանի առաջնորդներ Ֆրանսուա Օլանդը, Անգելա Մերկելն ու Վլադիմիր Պուտինը նախ քննարկել են հակամարտությունը Ուկրաինայի արևելքում, ապա եռակողմ ձևաչափով՝ սիրիական ճգնաժամը։ Ինչպես հաղորդում են միջազգային լրատվամիջոցները, Օլանդն ու Մերկելը Պուտինին կոչ են արել երկարաձգել մարդասիրական դադարը Հալեպում։ Բանակցությունների արդյունքում ՌԴ ղեկավարը հայտարարել է Հալեպում հրադադարի ռեժիմը երկարաձգելու պատրաստակամության մասին։

«Մենք տեղեկացրինք ռուսական կողմի՝ ավիահարվածները որքան հնարավոր է հետաձգելու պատրաստակամության մասին։ Իսկապես, մենք պատրաստ ենք դա անել այնքան ժամանակ, մինչև կբախվենք Հալեպում ամրացած հանցավոր խմբավորումների ակտիվացմանը»,- ռուսական լրատվամիջոցները մեջբերում են Պուտինին։

«Միքանիժամյա դադարն անիմաստ է»,- հանդիպմանն ասել է Ֆրանսիայի նախագահը, իսկ բանակցություններից հետո Հալեպում իրականացվող ավիահարվածները որակել «զինվորական հանցագործություն»։

«Այն, ինչ տեղի է ունենում Հալեպում, զինվորական հանցագործություն է։ Հիմնական պահանջներից մեկը ռմբակոծությունների դադարեցումն է վարչակարգի և նրա դաշնակիցների կողմից»,- հայտարարել է Օլանդը։

Անգելա Մերկելն իր հերթին Պուտինի հետ բանակցությունները բնութագրել է որպես «շատ ծանր», իսկ Հալեպում իրականացվող գործողությունները՝ «անմարդկային և դաժան»։

Այսպիսով, երեկ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում, այսօր տեղական ժամանակով ժամը 8:00-ից Հալեպում ուժի մեջ է մտել մարդասիրական դադարը, որը կտևի մինչև երեկոյան ժամը 19:00։ 11 ժամով դադարեցվում են ռազմական գործողությունները, իսկ բնակիչները կարող են լքել վտանգավոր թաղամասերը ութ մարդասիրական միջանցքներով։

«Հոկտեմբերի 20-ին՝ առավոտյան ժամը 8:00-ից, Հալեպում սկսում է գործել մարդասիրական դադար խաղաղ բնակիչների ազատ անցման, հիվանդների և վիրավորների տարհանման, ինչպես նաև քաղաքի արևելյան մասերից զինյալների ելքի նպատակով,- երեկ, Interfax գործակալության փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ Գերագույն շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը։

Ռուդսկոյը նշել է, որ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների դիմումով՝ որոշում է ընդունվել դադարը պահպանել մինչև ժամը 19:00։ Նա ասել է, որ ռուսական և սիրիական ռազմաօդային ուժերը Հալեպում հարվածները դադարեցրել են հոկտեմբերի 18-ի առավոտյան ժամը 10:00-ից։

Ռուդսկոյի խոսքով՝ հիվանդներն ու վիրավորները, ըստ ցանկության, կարող են տեղափոխվել արևմտյան Հալեպի հիվանդանոցներ, որտեղ բուժման համար անհրաժեշտ տեղեր են ստեղծվել։

Հնարավոր սադրանքներից զերծ մնալու համար, ռուս բարձրաստիճան զինվորականի փոխանցմամբ, ելքի ուղիները վերահսկելու են անօդաչու սարքեր։ Տարհանման գործընթացին իրական ժամանակի ռեժիմով հետևելու է ՌԴ ՊՆ-ն։

ՌԴ Գերագույն շտաբի տեղեկացմամբ՝ ութ մարդասիրական միջանցքներից երկուսը նախատեսված են զինված խմբավորումների ելքի համար։ Սիրիական բանակի ստորաբաժանումներին հրահանգվել է հետ քաշվել նշված երթուղիներից՝ թույլ տալու զինյալներին դուրս գալ քաղաքից։ Մինչդեռ BBC-ն գրում է, որ Հալեպում հաստատված ազդեցիկ ջիհադական խմբավորումներից մեկը մերժել է առաջարկը և հրաժարվել է հեռանալ քաղաքից։

Այսօր դադարի ուժի մեջ մտնելուց հետո լրատվամիջոցները հաղորդում են, որ Հալեպի Բուսթան ալ Կասր թաղամասում հնչում են կրակոցներ և պայթյուններ։ Սիրիական հեռուստատեսությունը հաղորդել է, որ մարդասիրական միջանցքների վրա կրակ են բացել արմատական խմբավորումների դիպուկահարները։ 

***

Հոկտեմբերի 11-ից ՌԴ ռազմական-տիեզերական ուժերը սկսել են հարվածներ հասցնել Հալեպի արևելյան թաղամասերի վրա, որոնց արդյունքում, իրավապաշտպանների տվյալներով, գրանցվել են բազմաթիվ զոհեր։ Արևմուտքը Ռուսաստանին մեղադրում է զինվորական հանցագործություններ կատարելու մեջ և հայտարարում նրա նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորության մասին։ Ռուսաստանը հերքում է նման մեղադրանքները․ սեպտեմբերի վերջին BBC-ին տված հարցազրույցում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Ռուսաստանը Սիրիայում չի կիրառում զինամթերք, որն արգելված է միջազգային համաձայնագրերով։

Օրերս շվեյցարական SRF 1 հեռուստաալիքին տված հարցազրույցում Սիրիայի նախագահը զինվորական հանցագործությունների մեջ մեղադրել է հենց Արևմուտքին և արևմտյան քաղաքական գործիչներին, որոնց թվում՝ ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշին, Բրիտանիայի նախկին վարչապետ Դևիդ Քեմերոնին և Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին։ Առաջինը, Ասադի պնդմամբ, ներխուժեց Իրաք «առանց թույլտվության», իսկ վերջին երկուսը «ոչնչացրին Լիբիան»։

«Արևմտյան գործիչները Սիրիայում վերջին հինգ տարիներին սատարում են ահաբեկիչներին՝ նրանց տրամադրելով քաղաքական հովանավորություն, զինելով և սիրիացի ժողովրդի դեմ էմբարգո սահմանելով»,- պատասխանել է Ասադը հարցին, թե արդյոք սուտ է համարում այն, որ աշխարհը նրան զինվորական հանցագործ է համարում։

Հալեպում տիրող իրավիճակի և ռմբակոծությունների զոհ դարձած խաղաղ բնակիչների ու հատկապես երեխաների մասին սուր հարցերին ի պատասխան՝ Ասադն ասել է, որ քաղաքացիներին պաշտպանելը հենց «իրենց առաքելությունն է», սակայն դա անհնար է, քանի դեռ նրանք ահաբեկիչների վերահսկողության տակ են։

«Արդյոք մեր դերն է նստել և նայե՞լ այդ ամենին։ Արդյոք այդպե՞ս կարող ենք պաշտպանել սիրիացի ժողովրդին։ Մենք պետք է հարվածենք ահաբեկիչներին, դա ակնհայտ է»,- ասել է Սիրիայի նախագահը։

Սիրիայում հինգ տարի տևող քաղաքացիական պատերազմի զոհ է դարձել ավելի քան 250 հազ․ մարդ։ ՄԱԿ-ի տվյալներով՝ ավելի քան 4,8 մլն մարդ ստիպված լքել է երկիրը, մոտ 6,5 մլն-ը համարվում են Սիրիայի տարածքում ներքին տեղահանված։

 

Ստելլա Մեհրաբեկյան

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում