The Bell պարբերականի ռուսերեն հրատարակությունը գրում է, որ ամերիկյան հարվածը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին անխուսափելի է դառնում, ինչը ավելի կազդի ռուսական ռուբլու արժեզրկման վրա։
Սիրիայի Դումա քաղաքում ենթադրյալ քիմիական հարձակումից հետո կարծես թե իրատեսական է դառնում ԱՄՆ-ի կողմից հրթիռային հարվածը։ Գիշերը Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալությունը (European Aviation Safety Agency – EASA) զգուշացրել է ավիաընկերություններին՝ Սիրիայի վրա հնարավոր հրթիռային հարձակումների պատճառով Միջերկրածովյան արևելքում թռիչքների վտանգավորության մասին: Ինչպես նշվում է հաղորդագրությունում, հարվածները հնարավոր են 72 ժամվա ընթացքում «օդ-ցամաք» հրթիռներով և/կամ թևավոր հրթիռներով: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ Ռոսավիացիան ևս նման ծանուցում է ուղարկել:
- The New York Times-ը գրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է ավելի ուժեղ հարված հասցնել Սիրիային, քան անցյալ տարի. այն ժամանակ Խան Շեյհունի ենթադրյալ քիմիական հարձակմանն ի պատասխան ԱՄՆ-ը Սիրիայի Հոմս քաղաքի ավիաբազայի ուղղությամբ արձակել էր 59 «Տոմահավկ» հրթիռ:
- Ռուսաստանը հերքում է քիմիական հարձակման փաստը, այն համարում սադրանք և զգուշացրել է ԱՄՆ-ին «լուրջ հետևանքների» մասին, եթե այդ հարվածները հասցվեն և դրանց արդյունքում կամա թե ակամա տուժեն Ռուսաստանի քաղաքացիները։
- Ամերիկյան լրատվամիջոցները երեկ գրում էին, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի հարվածային խումբը կշարժվի դեպի Միջերկրական ծով՝ Մերձավոր Արևելքում գործողությունների համար: The New York Times-ի աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ նախագահի կողմից դիտարկվող տարբերակների թվում է մի քանի օրվա ընթացքում մի քանի թիրախներ խոցելը։
- Թրամփն անգամ չեղյալ է համարել իր ծրագրված այցը Լատինական Ամերիկա՝ այս ենթադրյալ այս հարվածների համար: Ապրիլի 9-ին ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ 48 ժամվա ընթացքում վերջնական որոշում կկայացնի: Նա միջադեպի համար մեղադրել է Բաշար Ասադին, Ռուսաստանին և Իրանին:
- Երեկ Թրամփը հեռախոսային զրույցներ է ունեցել Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Կողմերը պայմանավորվել են արձագանքել ենթադրյալ քիմիական հարձակմանը, սակայն Մակրոնն ասել է, որ հարվածները հնարավոր են միայն Սիրիայում քիմիական օբյեկտների վրա: The Times-ը գրում է, թե Մեյը Թրամփին ասել է, որ ռազմական գործողությանը միանալու համար Մեծ Բրիտանիային քիմիական հարձակման ավելի մեծ ապացույցներ են պետք։
Ինչ հետևանք ունի այս ամենը ռուբլու վրա
- Ռուբլու հնարավոր շարունակական անկումը Սիրիայում իրավիճակի սրման հիմնական պատճառներից է. սա հաստատում է Մոսկվայի ֆոնդային բորսայի բացումը` առևտրի մեկնարկից անմիջապես հետո եվրոյի փոխարժեքը բարձրացել է 80 ռուբլուց վերև, իսկ դոլարինը` մոտեցել 65-ի:
Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի
Civilnet











