Գլխավոր Լրահոս

Արցախի ԱԳ նախարարը գերիների հարցով նամակներ է հղել ՄԱԿ, ԵԽ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին

Արցախի ԱԳ նախարարը գերիների հարցով նամակներ է հղել ՄԱԿ, ԵԽ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին
Հունվարի 19-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը նամակներ է հղել ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի մասնագիտացված մարմիններին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին՝ Ադրբեջանի կողմից ապօրինի պահվող հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց հետ կապված իրավիճակի վերաբերյալ: Այս մասին հայտնում է Արցախի արտգործնախարարության պաշտոնական կայքը։ Նամակներում, մասնավորապես, նշվում է, որ Ադրբեջանը, խախտելով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, նույն տարվա դեկտեմբերին հարձակվել և օկուպացրել է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը և գերեվարել Պաշտպանության բանակի 64 զինծառայողների: Այնուհետև Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են ռազմագերիների նկատմամբ քրեական գործեր հարուցելու իրենց մտադրության մասին, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է:
Ադրբեջանից գերիների վերադարձի ու նրանց իրավունքների պաշտպանության հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին դիմել էր նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Ավելի վաղ ռազմագերիների հարցին անդրադարձել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Հունվարի 11-ին Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ այդ խնդիրը բավական երկար քննարկվել է: Ի սկզբանե այս հարցում հեևյալ խնդիրն էր դրված, որ հայկական և ադրբեջանական կողմերը կազմեն այն անհայտ կորած անձանց ցուցակները, որոնց նրանք ցանկանում են դուրս բերել գերությունից: Ադրբեջանը ներկայացրել է նման ցուցակ, քանակն աննշան էր: Նրանք բոլորը ոչ միանգամից, բայց վերադարձվել են: Դրանից հետո ադրբեջանական կողմից անհայտ կորածների, գերիների կամ այլ պահվող անձանց ցուցակներ չեն ներկայացվել», - ասել է Լավրովն ու հավելել, որ հայկական կողմն այդ ցուցակները ներկայացրել է «ոչ միանգամից և ոչ ամբողջական»: Փոխվարչապետ Ավինյանի գրասենյակն էլ պարզաբանել էր գերիների թվական տվյալները չհրապարակելը՝ նշելով, որ Հայաստանում և Ադրբեջանում գտնվող գերիների վերաբերյալ թվական տվյալները խորհրդապահական բնույթի են և ենթակա չեն հրապարակայնացման՝ հաշվի առնելով հարցի գերզգայուն բնույթը։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում