Գլխավոր Լրահոս

Ընտրակեղծիքներ բացառող Փաշինյանը տվել է ընտրախախտման մեկնարկը

Ընտրակեղծիքներ բացառող Փաշինյանը տվել է ընտրախախտման մեկնարկը

«Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների, թեկնածուների գրանցման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող 7-րդ օրը և ավարտվում քվեարկության օրվանից մեկ օր առաջ: Այդ ժամանակահատվածում քարոզչությունը ստորև անվանվում է նախընտրական քարոզչություն»․ սա հատված է ՀՀ Ընտրական օրենսգրքից։

«Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ, Հայաստանում արտոնյալներ չեն լինելու և վերջ։ Ընտրությունների արդյունքները այլևս չեն կեղծվելու։ Ընտրակաշառք չի բաժանվելու և վերջ»․ սա հատված է Նիկոլ Փաշինյանի 2018-ի մայիսի 8-ին Ազգային ժողովում ելույթից, երբ «Ելք» դաշինքի կողմից առաջադրվել էր վարչապետի թեկնածու։

Ընտրակեղծիքներ և արտոնյալներ բացառող Փաշինյանը արտոնյալի կարգավիճակով սկսել է իր նախընտրական քարոզչությունը։ Հանգստյան օրերին վարչապետ Փաշինյանն իր այդ կարգավիճակով մարզային հերթական այցն է կատարել՝ Վայոց ձոր։

Նա իր քարոզչական թեզերը կառուցում է պարզունակ գաղափարների վրա՝ կրճատել ժամկետային զինծառայությունը, ստեղծել ակադեմիական քաղաք  և այլն։

Այդ թեզերը և աղավաղումները անհամատեղելի են երկրի ղեկավարի հրապարակային գործունեության հետ, նույնիսկ, եթե դա արվում է դեռ չսկսված նախընտրական քարոզչության շրջանակում։

Ահա նման մի հայտարարություն, որ Փաշինյանն արել է շաբաթ օրը․

«Հայաստան համահայկական հիմնադրամին 1992-ից մինչ 2018-ը՝ 26 տարվա ընթացքում, արվել է 289 միլիոն դոլարի նվիրատվություն։ 2018-ից հետո Հայաստան հիմնադրամը հավաքել է 247 միլիոն դոլար։ Իհարկե, դրա մի զգալի մասը 44-օրյա պատերազմի ընթացքում։ Բայց նույնիսկ 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստան հիմնադրամը հավաքել է նախորդ 28 տարվա հավաքածի ավելի քան 70 տոկոսը։ Որ իշխանությանը չվստահեին, էդ միջոցները չէին նվիրաբերի հիմնադրամին»։

Այսինքն, շարքային քաղաքացի-ընտրողի մոտ (որն օբյեկտիվորեն աչքի չի ընկնում մեդիագրագիտությամբ և ունի ցածր կրթական ցենզ) Փաշինյանը փորձում է ստեղծել տպավորություն, թե այդ գումարների հավաքագրումը իր նկատմամբ վստահության արդյունքն է։ Կարևոր չեն մնացած գործոններն ու պատերազմը (որի բռնկման, ընթացքի, ավարտի ու հետևանքների համար Փաշինյանը պատասխանատվության ու մեղքի ամենամեծ բեռն ունի):

Հանրային հաղորդակցության Փաշինյանի այս ձեռագիրը շատ հստակ է և բարոյական որևէ սահմանափակումներ չունի։ Դրանք հանգիստ կարելի է տեղավորել հակադարձ բարոյականության տիրույթում։

Ահավասիկ, այս տարվա հունվարին նա միանգամայն հանգիստ և առանց կաշկանդվածության ասում էր, որ «նախկինում էդ ծավալով գերիների վերադարձ ոչ մի անգամ տեղի չի ունեցել»։ Այսինքն, մարդկային այդ սարսափելի ողբերգությունը և գերիներին վերադարձնելու իր քաղաքական անձեռնհասությունը վերածում էր վիճակագրության։

Իսկ անցյալ տարվա հունվարին հպարտորեն խոսում էր իր հերթական «աննախադեպ» ցուցանիշի՝ «զոհերի պատմական մինիմումի» մասին․ «2019-ի ընթացքում Հայոց բանակում (բոլոր պատճառներով) զոհերի պատմական մինիմում է արձանագրվել։ Այսինքն, մեր բանակում երբեք ավելի քիչ զոհ չի եղել, քան 2019-ին»։

Հ․Գ․ Զուտ իրավական առումով ընտրական գործընթաց դեռ չի սկսվել, քանի որ արտահերթ ընտրությունների հանգեցնող Սահմանադրությամբ նախատեսված քայլերը դեռ չեն արվել։ Սակայն խնդիրն այն է, որ օրվա իշխանությունը քաղաքական հանձնառություն է վերցրել և հայտարարել է արտահերթ ընտրությունների ժամկետի մասին և ինքն էլ ժամանակից շուտ սկսել է քարոզարշավը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում