Գլխավոր Լրահոս

Եվրոպայի խորհրդում Հայաստանը միայնակ է աջակցել Ռուսաստանին

Եվրոպայի խորհրդում Հայաստանը միայնակ է աջակցել Ռուսաստանին

Անի Ավետիսյան, OC Media

Հայաստանը միակ երկիրն է Եվրոպայի խորհրդում, որը միացել է ռուսական պատվիրակությանը և դեմ քվեարկել Ուկրաինա ներխուժելու պատճառով Ռուսաստանի ներկայացվածությունը կազմակերպությունում առկախելու որոշմանը:

Որոշումն ընդունվեց ԵԽ-ի նախարարների կոմիտեի կողմից ուրբաթ՝ Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից երկու օր անց։

Որոշման արդյունքում Ռուսաստանը դադարում է ներկայացված լինել Նախարարների կոմիտեում և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում։ Սակայն Ռուսաստանի համար կշարունակեն գործել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները:

Առաջարկը, որը ներկայացրել էին Լեհաստանը և Ուկրաինան, ըստ տեղեկությունների, կազմակերպության 47 անդամներից պաշտպանել է 42-ը:

Վրաստանի իշխանությունները հաստատել են, որ կողմ են քվեարկել Ռուսաստանի անդամակցության առկախմանը։

Միջազգային մի շարք լրատվամիջոցներ, վկայակոչելով դիվանագիտական ​​աղբյուրներ, հաղորդում են, որ Ադրբեջանը չի մասնակցել քվեարկությանը, իսկ Թուրքիան ձեռնպահ է մնացել:

ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ, իտալացի Լուիջի Դի Մայոն «անընդունելի» է անվանել Ուկրաինայի դեմ ռուսական ռազմական ագրեսիան։

Ռուսաստանը Եվրոպայի խորհրդի անդամ է 1996-ից․ 2014-ին Ղրիմի թերակղզու բռնակցումից հետո ևս առկախվել էր նրա անդամակցությունը ԵԽ-ում:

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը և մյուս պաշտոնյաները լռություն են պահպանում Ռուսաստանի վերաբերյալ քվեարկության և ընդհանրապես Ուկրաինայում զարգացումների վերաբերյալ:

Չորեքշաբթի՝ ներխուժումից մեկ օր առաջ, նախարարությունը հայտարարություն էր տարածել՝ պնդելով, որ Հայաստանը չի պատրաստվում հետևել Ռուսաստանին Դոնեցկն ու Լուգանսկը անկախ պետություններ ճանաչելու հարցում։

Երևանում գործող Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանն ասում է, որ Հայաստանի կառավարությունը որդեգրում է «ռազմավարական լռության» քաղաքականություն, որի նպատակն է նվազագույնից ավելին չանել Մոսկվային չարհամարհելու համար։

«Սակայն Հայաստանի կողմից նման «ռազմավարական լռության» սահմաններ կան, ինչի մասին վկայում է Հայաստանի դժկամ քվեարկությունը Եվրոպայի խորհրդում Ռուսաստանին այդ մարմնից հեռացնելու քայլի դեմ»,- ասել է Կիրակոսյանը OC Media-ին։

«Ու թեև Հայաստանի դիրքորոշումը՝ որպես Ռուսաստանից բացի միակ այլ երկիր, որը դեմ է քվեարկել այդ քայլին, վտանգավոր կերպով մեկուսացնում է նրան, բայց նա տարբերակ չուներ ու առավելևս՝ այլընտրանք»:

«Վերջին քսան տարիների ընթացքում Հայաստանը պայքարում է ռազմավարական «հավասարակշռություն» պահպանելու համար Ռուսաստանի հետ իր անվտանգային գործընկերության և ԵՄ-ի ու Արևմուտքի հետ կապերը խորացնելու շահագրգռվածության միջև»,- ասում է Կիրակոսյանը՝ հավելելով, որ իրավիճակը դարձել է «ավելի դժվար» 2020-ի Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո։

Կիրակոսյանը զգուշացնում է, որ Ռուսաստանի՝ ավելի մեծ աջակցության և ավելի ակնհայտ հավատարմության պահանջները դիվանագիտական առումով վտանգ են ներկայացնում Հայաստանի համար։

«Դիվանագիտական ​​հավասարակշռության ցանկացած զգացում կարող է կորսվել՝ Հայաստանի համար դառնալով սպառնալիք՝ հայտնվելու խոցելի ու մեկուսացված դրության մեջ՝ պատմության սխալ կողմում»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում