Գլխավոր Լրահոս

Chaarat ընկերությունը ցանկանում է գնել Ամուլսարի ոսկու հանքավայրը

Chaarat ընկերությունը ցանկանում է գնել Ամուլսարի ոսկու հանքավայրը

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Կապան համայնքի Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը շահագործող «Չաարատ Կապան» ընկերության մայր ձեռնարկությունը բանակցություններ է վարում Ամուլսարի ոսկու հանքավայրը ձեռք բերելու ուղղությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Լոնդոնի ֆոնդային բորսայի լրատվական հարթակում ընկերության հրապարակած հաղորդագրությունից։

Հաղորդագրությունում Chaarat-ը հաստատել է, որ քննարկումների մեջ է «Լիդիան Արմենիա»-ն ձեռք բերելու վերաբերյալ։ Բանակցությունները վարվում են «Լիդիան Արմենիա»-ի մայր ընկերության՝ կանադական Lydian Canada Ventures Corporation-ի հետ։ «Այս փուլում որոշակիություն չկա, որ գնման գործընթացը ավարտին կհասցվի: Հարկ եղած դեպքում կտրվի լրացուցիչ հաղորդագրություն»,- նշված է բորսայում հրապարակված տեղեկության մեջ։ 

Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ Chaarat-ը հետաքրքրություն է ցուցաբերել Ամուլսարի ձեռքբերման ուղղությամբ։ Մինչդեռ Ամուլսարի հանքավայրը շահագործող «Լիդիան Արմենիա»-ն հակադարձել էր, որ «որևէ համաձայնություն և պայմանավորվածություն չունի «Չաարատ» ընկերության հետ Ամուլսարի հանքի վաճառքի վերաբերյալ»։

«Չաարատ Կապան»-ի բաժնետեր ընկերությունը, ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի, Chaarat Gold Holdings Limited ընկերությունն է, որի իրական սեփականատեր հանդես է գալիս Շվեդիայի քաղաքացի Պավել Անդերսոնը։ Ըստ իրական սեփականատերերի հայտարարագրի՝ Անդերսոնին է պատկանում ընկերության 45,5 տոկոսը։ «Չաարատ Կապան»-ն արդյունահանում է ոսկի, պղինձ ու ցինկ, ստանում խտանյութ։ «Չաարատ Կապան»-ի մայր ընկերությունը Chaarat Gold International-ն է, իսկ վերջնական մայր ընկերությունը՝ Chaarat Gold Holdings Limited-ը։ Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրի շահագործման լիցենզիան ավարտվելու է 2050-ին։ 

Chaarat Gold International-ը գրանցված է կիպրոսյան օֆշորում, իսկ Chaarat Gold Holdings Limited-ը՝ օֆշորային Վիրջինյան կղզիներում։

«Չաարատ Կապան»-ի աշխատակիցների թիվը գերազանցում է 1000-ը, ընկերությունն էական մասնաբաժին ունի Հայաստանից պղնձի խտանյութի արտահանման կառուցվածքում։ ՊԵԿ-ի տվյալներով՝ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին «Չաարատ Կապան»-ը վճարել է շուրջ 4,7 մլրդ դրամ հարկեր։ Ինն ամիսների տվյալներով՝ այն խոշոր հարկ վճարողների ցանկում զբաղեցնում է 34-րդ տեղը։ 

Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը նախատեսվում էր սկսել 2018-ին, սակայն մի շարք ջերմուկցիներ և բնապահպան ակտիվիստներ արդեն չորս տարուց ավելի է՝ փակ են պահում հանքավայրի մուտքերը՝ բարձրաձայնելով շահագործման պատճառով Ջերմուկ քաղաքին և այլ տարածքների հասցվելիք անդառնալի վնասի մասին։ «Լիդիան Արմենիա»-ն հայտնել էր հանքավայրի տարածքում ավելի քան 70 տոննա ոսկու պաշարի առկայության մասին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում