Ռուսաստանի հետ հարաբերություններում Հայաստանն իրեն դնում է չափազանց վտանգավոր վիճակում․ ինչ սպասել

Մարտի 24-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչեց Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի կանոնադրությունը։ Հայաստանի կառավարությունը 2022-ի վերջին որոշեց ՄՔԴ-ի կանոնադրության վավերացման գործընթաց սկսել՝ հիմնավորելով Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները Հայաստանի դեմ, մասնավորապես՝ անցյալ տարվա սեպտեմբերյան հարձակումը Հայաստանի սահմանների վրա։
Սահմանադրական դատարանի որոշումից օրեր առաջ՝ մարտի 17-ին, ՄՔԴ-ն Վլադիմիր Պուտինին ձերբակալելու կարգադրություն էր հրապարակել՝ նրան մեղադրելով պատերազմական հանցագործությունների մեջ Ուկրաինայում։
Եթե խորհրդարանը վավերացնի Հռոմի կանոնադրությունը, ապա Պուտինի Հայաստան ժամանելու դեպքում Հայաստանը պարտավոր է նրան ձերբակալել և հանձնել դատարանին։ Այս դրույթի շուրջ իրավական տարբեր մեկնաբանություններ կան։ Բայց ակնհայտ է, որ աշխարհում որևէ երկիր գործնականում չի կարող միջուկային գերտերություն Ռուսաստանի նախագահին ձերբակալել։
Մեր խնդիրն այստեղ բացառապես քաղաքական է։ Ի՞նչ ազդանշան ենք ուղարկում Կրեմլին և ի՞նչ ակնկալել նրանից։
Հայաստանում շատերը Մոսկվային և նրա ղեկավարած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն իրավացիորեն մեղադրում են դաշնակցային պարտավորությունները ձախողելու և Ադրբեջանի ոտնձգություններից Հայաստանին ռազմական ու քաղաքական աջակցություն չցուցաբերելու համար։ Մոսկվան ձախողել է նաև Լաչինի միջանցքով երթևեկն ապահովելու իր ստանձնած պարտավորությունը։
Մի կողմ թողնենք, թե ինչու է այս ամենն այսպես։ Տրամաբանությունը հուշում է, որ Հայաստանի որևէ կառավարություն չի կարող իրեն թույլ տալ արհամարհել հնարավոր հակադարձ քայլերը, որ կարող է աշխարհաքաղաքական վտարյալի կարգավիճակում հայտնված Մոսկվան անել ընդդեմ այս փոքր ու առանց այն էլ չափազանց խոցելի երկրի դեմ։
Ըստ ամենայնի՝ Հայաստանի պետական տարբեր գերատեսչություններ հակադիր դիրքորոշումներ ունեն այս հարցում։ Արարատ Միրզոյանի ղեկավարած արտաքին գործերի նախարարությունը ավելի հավասարակշիռ է Ռուսաստանի նկատմամբ իր հայտարարություններում ու քայլերում։ Անվտանգության խորհուրդը՝ ի դեմս Արմեն Գրիգորյանի, Ռուսաստանի դեմ քայլերի բազեն է։
Սահմանադրական դատարանի որոշման ժամանակը, իմ խորին համոզմամբ, զուգադիպություն չէ։ Դրան նախորդել էր նաև ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնի քվոտայից Հայաստանի հրաժարումը։
Այս քայլերի հետևում արդյոք հաշվարկ կա՞։ Դատելով նախորդ չորսուկես տարիների արտաքին քաղաքականությունից՝ կարելի է պնդել, որ հաշվարկ չկա, կամ եթե կա էլ, ապա սխալվելու աստիճանի չափազանց մեծ վտանգավորությամբ։
Հայաստանը չի կարող ինքն իրեն դարձնել աշխարհաքաղաքական շահերի բախման թատերաբեմ։ Դրանից պետք է հնարավորինս խուսափել՝ գլոբալ ու տարածաշրջանային դերակատարներին բացատրելով ու համոզելով մեր պարագայում անել հակառակը։ Տափակ միտք է, բայց ճշմարտություն։
Մոսկվան մեզ պատժելու գործիքների մեծ զինանոց ունի։ Երեկ արդեն հաղորդվեց, որ Ռուսաստանը կարող է սահմանափակել Հայաստանից կաթի և կաթնամթերքի մատակարարումը՝ հայկական կողմի «թերի վերահսկողության ու խախտումների» պատճառով:
Թվարկենք մի քանի հնարավոր հակադարձ քայլ, որ Ռուսաստանը կարող է անել Հայաստանի դեմ հարաբերությունների հետագա վատթարացման պարագայում․
- Թանկացնել գազը․ Հայաստանը, Բելառուսից հետո, ռուսական գազը գնում է ամենաէժան գնով՝ 165 դոլար 1000 խմ-ի դիմաց։ Հայաստանի էներգետիկ ոլորտը մեծապես կախված է ռուսական գազից։ Այս քայլը կարող կործանարար հետևանքներ ունենալ տնտեսության մյուս ճյուղերի, հատկապես արտահանող արդյունաբերության վրա։ Կարող է հանգեցնել մեծ գնաճի։
- Փակել Վերին Լարսի անցակետը․ Հայաստանի արտահանման ամենամեծ շուկան Ռուսաստանն է, ուր հիմնականում արտահանվում են գյուղմթերք, պահածոներ, խմիչքներ։
- Ճանաչել հայկական մթերքը և արտադրանքը ռուսական չափանիշներին չհամապատասխանող։
- Դադարեցնել միջուկային վառելիքի մատակարարումը Մեծամորի ատոմակայանին։
- Փակել Հայաստանից ամեն տարի Ռուսաստան մեկնող հարյուր հազարավոր աշխատավորների մուտքը։
- Ամենավտանգավորը, Ռուսաստանը կարող է Ադրբեջանին «արտոնել» հարձակում ձեռնարկել Սյունիքի հատվածում և բացել միջանցք դեպի Նախիջևան։
Հայաստանն ի՞նչ կարող է հակադրել այս ամենին։ Չգիտեմ։
Առավել հավանական է, որ Հայաստանի իշխանությունը Ռուսաստանի հնարավոր այս քայլերից հետո նրան նորից կարգի գլխավոր մեղավոր ու հանրային ցասումն իրենից այլ կողմ ուղղի։
Իսկ ի՞նչ կշահի դրանից Հայաստան պետությունը։ Այս հարցին թող փորձեն պատասխանել ՀՀ սովորական քաղաքացիները՝ զերծ մնալով աշխարհաքաղաքական դատողություններից ու նախասիրություններից։ Այս կամ այն երկրին սիրելը կամ ատելը չի կարող լինել պետական քաղաքականություն։
Read the article in English: Armenia is putting itself in an extremely dangerous position vis-a-vis Russia
Կարեն Հարությունյան










