Արցախցի Տիրայր Տեր-Հովհաննիսյանի և պոլսեցի Արշակ Չոպանյանի նամակագրությունը հայ գրականության, հայ եկեղեցու, հայկական ձեռագրերի ու մարդկային հարաբերությունների մասին։
Եվ այսպես, շարունակելով արքեպիսկոպոս Տիրայր Տեր-Հովհաննիսյանի Արցախ-Փարիզ-Նյու Յորք՝ ութսունիննամյա տևողությամբ կյանքի պատմությունը, որի առաջին հատվածը նրա ծննդավայրի, կյանքի, գրականագիտական աշխատանքների մասին էր, այսօր ուզում եմ ներկայացնել Գրականության և արվեստի թանգարանում պահվող՝ Տիրայր Տեր-Հովհաննիսյանի և գրականագետ Արշակ Չոպանյանի նամակագրությունից որոշ հատվածներ։
Նամակները պահպանվել են Արշակ Չոպանյանի արխիվում, Տիրայր արքեպիսկոպոսի պատասխան նամակներն են Չոպանյանին, որտեղ տեքստից հասկացվում է Չոպանյանի գրածի բովանդակությունը։
Նամակների թվագրությունը վկայում է, որ նրանք շփվել են Տիրայրի արքեպիսկոպոս դառնալուց և Փարիզից Նյու Յորք տեղափոխվելուց առաջ։
Մտերիմ մարդկանց շփում է, միաժամանակ՝ բարեկրթության նուրբ սահմանը պահելով։ Խոսում են անձնական որոշ ապրումների, նաև գրականության, հայ հասարակական կյանքի, կրոնական հարցերի մասին։
Առաջին հայացքից անընթեռնելի թվացող ձեռագրերն աստիճանաբար հասկանալի են դառնում մեկ այլ ընթեռնելի բառում անհասկանալի տառը վերծանելու շնորհիվ կամ ոճը զգալու արդյունքում` կռահելով ինչ բառ կարող էր լինել։ Ժամերի, օրերի այս աշխատանքն ինձ համար մի օր դարձավ պահանջ՝ «իմոնց» հետ մի քանի ժամով հանդիպելու պահանջ։
Առաջին նամակը Չոպանյանին ուղղված մյուս նամակների համեմատ կարճ էր՝ նոթատետրի փոքր թերթիկի վրա․
6 Rue le Goff
Paris(5) 12/12.1909
Մեծարգո բարեկամ,
Դիմում եմ Ձեզ մի խնդրով, որ հուսամ Ձեզ սրտնեղություն պիտի չպատճառի, որովհետև դիմում եմ իբրև բարեկամի և իբրև բարեկամ։
Եթե առայժմ չեք կարող Սեն «Կլեր»-ի դասերը շարունակել, կխնդրեի հանձնել ինձ, որովհետև այժմյան նյութական դրությունս խիստ ծանր է։
Եվ եթե լինի հնարավարոթյուն, կխնդրեի ինքներդ գրեիք Ղուկասյանին և Մադաթյանին այդ մասին։
Այս մասին գրում եմ Ձեզ, որովհետև անցյալ տարի իրենք առաջարկել էին։ Իսկ եթե առողջություններդ այնպես է, որ պիտի ների շարունակելու ( դասավանդել) շուտով, կխնդրեի այնպես անել, որ Ձեզ որևէ «․․․» պատճառած չլինեմ։
Եթե նոցա գրելու լինեք, խնդրեմ նյութական վիճակիս մասին ոչինչ չհայտնել։
Միշտ սիրով Ձեր՝ Տիրայր։
Հ․Գ- Այս մասին գրում եմ Ձեզ, որովհետև գիտեի, որ մերժել եք առայժմ գնալու դասերի։

Նամակներում Տիրայրը շատ անկեղծ է Չոպանյանի հետ։ Նրան վստահում և պատմում է իր հետ պատահած ոչ հաճելի իրավիճակների մասին պատմությունները և սպասում Չոպանյանի հուսադրող խոսքին ու համաձայնությանը։
1910-ի դեկտեմբերով և 1911-ի հունվարով թվագրված նամակներից մեկում գրում է իր համար շատ ցավալի փաստի մասին․ Էջմիածնում՝ Մայր Աթոռում եղած ժամանակ կաթողիկոսը սառը վերաբերմունք է ցույց տալիս Տիրայրին, ինչը շատ զարմացնում և տխրեցնում է նրան։ Իր այդ ապրումներն է կիսում Չոպանյանի հետ Տիրայր Տեր-Հովհաննիսյանը հետևյալ նամակում։
Սիրելիդ իմ Ա․Չոպանյան
Պիտի ներեք, անշուշտ, որ այսքան երկար ժամանակ անկարող եղա Ձեզ երկտող իսկ գրել։ Պատճառը, նախ վիճակիս անորոշությունն էր, և ապա Վեհի անակնկալ մահը, և շուրջը կազմված նույնքան անակնկալ «զրույցները»։
․․․18-ին հասա Մայր Աթոռ և «․․․» ներկայացա Վեհին, որն ընդունեց շատ սառը, մեկ-երկու րոպե միայն և ոչ իսկ հետաքրքրվեցավ արտասահմանյան հայության կյանքի և ոչ մի բանով։ Ինչու։ Ինքս ինձ բացատրել անկարող եղա։
«Գնացեք, վերջը կկանչեմ»։ Նույնիսկ պատարագ մատուցելու օրը, որ սովորաբար ընդունում է, այդ օրն իսկ չընդունեց։ Ինչու։ Ինչպես պարզվեցավ միայն մահվանից հետո՝ որովհետև, ինչպես մեզանում են ասում՝ «․․․» էին (բամբասել էին)։

«Իմ սիրելի Չոպանեան
Երեք օր է արդեն, ինչ այստեղ եմ՝ նոր պաշտոնատեղիս։ Շատ ուրախացա, որ եկածս օրը առաջին անակնկալը Ձեր նամակն էր։
Ինքս ևս ցավում եմ, որ այնչափ երկար Էջմիածին մնալով անկարող եղա որևէ կերպ օգտակար լինել Ձեզ։ Մեղքը հանգամանքներինն էր․ լուսանկարիչը բավական երկար հիվանդացավ և՝ ծանր, և միայն իմ՝ Էջմիածնից ելնելու պարագան էր, որ ստիպեց «․․․»։
Զի մտադիր եմ օգոստոսի վերջերին Վիեննա և Վենետիկ անցնել, այնտեղի ձեռագրերի հետ համեմատել ունեցածս և այնտեղ հրապարակախոսության տալ։
Գուցե հաջողի վերադարձիս Պոլիս ևս հանդիպե՞լ»։
Այս մի նամակը, թերևս, շատերին զարմացնի, սակայն հեղինակն ու Հովհաննես Թումանյանը ժամանակակիցներ են, և Տիրայր Տեր- Հովհաննիսյանի քննադատությունը դասականին չէ ուղղված, այլ իր ժամանակակից հրապարակախոսին, որին ինքն համարում է շնորհալի բանաստեղծ։
Arshak Tcobanian
17 Rue la Bruyère
Շնորհալի բանաստեղծը հաճախ անշնորհք բանաստեղծ-հրապարակախոս է լինում։
Դեռևս հայրապետի մարմինը չէր սառել, որ հանկարծ իբրև մի ռումբ պայթեց Հովհաննես Թումանյանի առաջնորդող հոդվածը «Հորիզոնում», որով «․․․» հայրապետասպան էր հռչակվում։
Եվ այդ տրամադրությամբ եկան Էջմիածին, որպեսզի հայրապետին թաղեն և նրա գերեզմանի թարմ թմբի վրա զոհ բերեն նորան սպանողին։ Իհարկե, այդքան բարբարոս չգտնվեցին նոքա, բայց նույն օրը հոգեճաշից հետո հայտարարվեց, որ երեկոյան պատգամավորական ժողով է հրավիրվում մի քանի էական խնդիրների խորհրդածության համար։
Չեմ կամենա Ձեզ երկար պատմել ու ձանձրացնել այդ ամբողջ ժողովի նկարագրություններով, լրագրերից արդեն գիտեք մանրամասնությունները, թեև լրիվ գաղափար ունենալու համար և այդ ժողովի իսկական պատկերն ունենալու համար, անհրաժեշտ էր, որ ինքներդ այդ րոպեներին անձամբ ապրեիք, հավատացած եմ, որ Ձեր հոգին, սիրտը, միտքը կատարյալ նողկանք պիտի զգար այդ պատգամավորական» ժողովից։

Մի փոքրիկ բացիկի վրա Տիրայրը Չոպանյանին գրում է, որ Ղարաբաղը նախկին Արցախն է, Սյունիքը՝ Սիսիանը՝ ճշգրտելով ինչ-որ բան, որ հավանաբար կա´մ նախորդող նամակում ծավալած մտքերի պատասխանն է, կա´մ անդրադարձ Չոպանյանի «Ֆրիկ» գրականագիտական հոդվածին, որտեղ նա Ֆրիկի ծագման մասին խոսելով՝ նշում է Սյունիք տեղանունը։ Լինելով Ֆրիկի ստեղծագործությունների մեծ մասի բացահայտողը և «Ֆրիկ․Դիվան» աշխատության հեղինակը՝ Տիրայր-Տեր Հովհաննիսյանն իր գրականագիտական հետազոտություններում առաջ է քաշում այն տեսակետը, որ Ֆրիկը ծագումով Արցախից է, նշում է արցախյան բարբառի բազմաթիվ բառեր Ֆրիկի ստեղծագործություններում։
Ուսանողական տարիների իմ սիրելի գրքի՝ Արշակ Չոպանյանի Երկեր-ի կապույտ հատորյակը մատիտով այնքան նշումներ ունի, որ չնշված քիչ բան կա։ Բայց երեկ, երբ որոշեցի գտնել՝ Չոպանյանի «Ֆրիկ» գրականագիտական հոդվածում կա արդյոք որևէ հղում Տիրայր Տեր-Հովհաննիսյանին, պարզվեց, որ ուսանող ժամանակ Ֆրիկն ու Տիրայրը դուրս են եղել իմ հետաքրքրության շրջանակից, և մնացել են չմատիտանշված։
Չոպանյանի հոդվածում գտա հետևյալ տողերը․ «Ֆրիկի անձին ու կյանքին վրա ինչ գիտեմ, կպարտիմ այն տեղեկությանց, զոր Տիրայր վարդապետն ինծի հաղորդեց՝ քաղելով զանոնք բանաստեղծին ինչ-ինչ տաղերեն, զոր գտած է Օքսֆորտի և Մանչեսթրի ձեռագրաց մեջ․․․ Նկատի ունենալով քանի մը մանրամասնություններ, զոր գտած է ժամանակակից դեպքերու ակնարկություններ պարունակող անտիպ տաղերեն ոմանց մեջ, քննելով նաև իր լեզվին ինչ-ինչ դարձավծքները և բառերը, որ Ղարաբաղի բարբառին հատուկ են, Տիրայր վարդապետն այն եզրակացության եկած է, որ այդ Ֆրիկը Սյունյաց աշխարհի զավակ մըն է, հավանորեն ծնած 1230-1240-ի մեջտեղը ու մեռած 1310-ին»։
Ամենայն հավանականությամբ՝ Քիշնևից Չոպանյանին ուղարկած բացիկի բովանդակությունը, որտեղ Տիրայրը նշում է, որ Ղարաբաղը Արցախն է, Սյունիքը՝ Սիսիանը, վերաբերում էր Չոպանյանի այս տողերին։
Սակայն ավելի ուշագրավ է ու կարևոր մի անվանի և արդեն կայացած գրականագետի ազնիվ հղումը Տիրայր Տեր-Հովհաննիսյանին, որտեղ նա խոստովանում է, որ Ֆրիկի մասին ինչ գիտի, պարտական է Տիրայր վարդապետին, որն էլ գտել է Ֆրիկի այդ տաղերը Օքսֆորդի և Մանչեստրի ձեռագրատներում։
Այսպիսի բարձր բաներ․․․

Վերջում մնում է մի անհանգստություն․․․ որ նամակները հրապարակելու պահից, որպես մարդու և գուցե՝ հարազատի ինձ հանգիստ չի տալիս՝ իսկ կարելի է՞ հրապարակել մարդու անձնական նամակները որպես թույլտվության հիմք ունենալով միայն այն փաստը, որ մարդը վաղուց չկա․․․
Ամեն նամակի հրապարակումից հետո մնում է մեղքի մի չափաբաժին, որի բովանդակությունը սա է․ բնությամբ տրված մի առավելություն, որ իրենից հետո ենք ապրել և մեր կենսունակ ներկան իր այլևս արխիվ դարձած անցյալն է, մեզ թույլ է տալիս ընթացիկ ներկայի զգուշությունը չունենալ մարդու անձնական ապրումների, անկեղծության հանդեպ, որին ինքն ականատես ու ակնաջալուր է կարգել միայն մեկ հոգու, տվյալ դեպքում՝ Չոպանյանին, իսկ ես բացում եմ դրանք համացանց մտնող ամեն ցանկացողի առաջ։
Այդ պատճառով մի շարք նամակներ կթողնեմ արխիվի ապահով անձնականության մեջ։
Իսկ հաջորդ նյութում՝ Արքեպիսկոպոս Տիրայր Տեր-Հովհաննիսյանի և իմ մորական կողմի նախապապի՝ Բաքվի հայկական եկեղեցու ավագ քահանա Ներսես Տեր-Կարապետյանցի նամակագրության մասին։
Լուսինե Հովհաննիսյան











